26/06 ընտրատեղամասում ՀԱԿ վստահված անձը մի շարք խախտումներ է նկատել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 6, 2012 16:49

Թիվ 26/06 ընտրատեղամասում (Եղվարդ) առավոտվանից լարված մթնոլորտ է եղել: Այս մասին “Անկախ”-ին հայտնեց ՀԱԿ վստահված անձ Արթուր Տիգրանյանը:

Նրա խոսքով, հանձնաժողովի ներկայացուցչի` Նվեր Գրիգորյանի գոյությունը ձևական բնույթ է կրում, փոխարենը բոլոր հարցերով զբաղվում է հանձնաժողովի քարտուղար, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սահակ Արմենակյանը: “Ես այսօր նրա հետ բազմաթիվ վիճաբանություններ եմ ունեցել,-ասաց Արթուր Տիգրանյանը,-“օրինակ, մի քվեարկող, իբր պատահաբար, նույն գույնի ծրար վերցրեց, հետո ցանկացավ փոխել, ես թույլ չտվեցի, պայքարեցի, որ անվավեր ճանաչվի: Կամ էլ, օրինակ, ընտրողը եկավ, ընտրեց կուսակցությանը, հետո միանգամից ասեց, թե սխալ է ընտրել, պետք է հանրապետայանին ընտրած լիներ, ապացուցելու համար էլ ասաց, թե Հանրապետականի տոմս ունի, որը կարող է ցույց տալ: Ես թույլ չտվեցի, որ նորից ընտրի, դրա համար նույնպես վիճաբանություն եղավ Սահակի հետ: Այդ կինը պարզապես թողեց-փախավ, որ չբացահայտվի, թե ինքն ով է”:

Ըստ ՀԱԿ-ի ներկայացուցչի, այս ընտրատեղամասում Բարգավաճ Հայաստան կուսակցության թեկնածուի շահերը պաշտպանում է Հանրապետական կուսակցությունը: Նա նաև հայտնեց, որ ընտրատեղամասում Հանրապետական կուսակցության միանգամից 3 վստահված անձ է եղել, ինչը նույնպես օրենքի խախտում է: “Ես դրա համար նույնպես վիճեցի և ստիպեցի, որ մյուս երկուսը դուրս գան ընտրատեղամասից, որովհետև նրանք ուղղորդում էին ընտրողներին,-ասաց նա,-սակայն նրանք դուրս չեն եկել, ընդամենը մի կողմ քաշված նստած են”:

ՀԱԿ վստահված անձի պատմածը ստուգելու համար մոտեցանք ընտրասենյակի մի անկյունում նստած երկու անձանց, ովքեր առանց վկայականի էին: Նրանցից մեկը խոստովանեց, որ Հանրապետական կուսակցության վստահված անձ է և գրպանից հանեց վկայականը, մյուսն էլ ասաց, թե պարզապես հետևում է քվեարկությանը: Մեր դիտողությունից հետո միայն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը նրանց դուրս հրավիրեց ընտրատեղամասից:

Հիշեցնենք, որ այս ընտրատարախքում առաջադրված են ՀԱԿ ներկայացուցիչ Լևիկ Խաչատրյանը, ՕԵԿ ներկայացուցիչ Տիգրան Ղալեչյանը, Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Մելիք Մանուկյանը (Աբովյանի շշերի գործարանի տնօրեն) և անկուսակցական Խաչիկ Ավետիսյանը:

“Քաղաքացիական հասարակության ինստիտուտ” ՀԿ-ի կողմից իրականացվող “Խորհրդարանական ընտրություններ 2012” իրավական նախաձեռնության շրջանակներում դիտորդական առաքելություն իրականացնող Տաթևիկ Համբարձումյանը նույնպես արձանագրեց խախտումները:

Դիտվել է 1015 անգամ:
Print Friendly

Leave a Reply