Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով բժշկական հաստատություններում բուժում է ստանում 78 քաղաքացի, որոնցից 17-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 6, 2012 14:59

Մայիսի 4-ին երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից անմիջապես հետո Հարություն Քուշկյանի հանձնարարությամբ առողջապահության նախարարության ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր մասնագետները կցվեցին մայրաքաղաքի այն բուժաստատություններին, ուր տեղափոխվեցին դեպքից տուժածները:
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելեց բոլոր բժշկական հաստատությունները, տեղերում քննարկեց բուժման, դեղերով և բժշկական պարագաներով ապահովվածության հարցերը և առհասարակ գնահատեց բժշկական հաստատությունների պատրաստվածության աստիճանը:
Բժշկական հաստատություններին հատկացվեցին լրացուցիչ քանակության դեղորայք` քսուկներ, ցավազրկողներ, և անհրաժեշտ բուժպարագաներ:
Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից հիվանդանոցներից մեկ առ մեկ հավաքագրվեցին բոլոր այն քաղաքացիների տվյալները, որոնք պատահարի հետևանքով դիմել էին բուժհաստատություններ: Ճշգրտվեցին բոլոր անվանացանկերը, հստակեցվեցին ախտորոշումները, կազմվեց ամբողջական ցանկ, որը տրամադրվեց նաև արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Մայիսի 6-ի ժամը 14:00-ի դրությամբ մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում 78 քաղաքացի, որոնցից 17-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում:
Նախարարի մոտ հրավիրված խորհրդակցության ընթացքում նախարարի տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին, որ հիվանդների առողջական վիճակը կայուն է և դուրսգրումները շարունակվում են:
Հարություն Քուշկյանը կրկին այցելում է բուժհաստատություններ: Ներկա պահին նախարարը գտնվում է Այրվածքների և ճառագայթաբանության կենտրոնում:

Դիտվել է 983 անգամ:
Print Friendly

Leave a Reply