«Ժառանգությունն» ահազանգում է ՀՅԴ-ի կողմից բաժանված ընտրակաշառքի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 6, 2012 14:30

Վանաձորի թիվ 30 ընտրատարածքի տարածքում ՀՅԴ-ն մայիսի 1-ին կոմունիստների շքերթի ժամանակ 5 հազարական դրամ ընտրակաշառք է բաժանել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի նախընտրական շտաբի ղեկավար Վահան Մխիթարյանը:

«Այն մարդիկ ովքեր երբեք կոկիկ չեն հանգնվել, կոկիկ հագնված գնացել են տարբեր անկյունները: Ես ինձ թույլ չեմ տվել մոտենալ, քանի որ գումար ստացողներն ասել են, որ գնացել են ողորմություն ստանան: Եվ ասել են, որ Դաշնակցությունն է 5 հազար դրամ բաժանել»,- ավելացրեց Վահան Մխիթարյանը:

«Ժառանգությունում» ստացված ահազանգի համաձայն, թիվ 21 ընտրատարածքում, Արմավիր քաղաքում ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի ներկայացուցիչները ընտրակաշառք են բաժանում։

Վանաձորում՝ թիվ 30 ընտրատարածք, ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն են ընտրակաշառք բաժանում։ Ըստ ստացված տեղեկությունների, վանաձորցիներն ասում են, թե ԲՀԿ-ին թույլ չեն տվել ընտրակաշառք բաժանել։ Ընտրողներից ոմանց ԲՀԿ-ից նման խոստում է տրվել, իրենք սպասում են, որ այդ կուսակցության ներկայացուցիչները գան ու իրենց քվեարկության տանեն, բայց չկան եւ հիմա դժգոհում են։

Նոր Նորքի զանգվածում «Ժառանգության» նախընտրական շտաբից էլ հայտնում են, որ ժամը 12:50-ին թիվ 2 ընտրատարածքի 2/33 ՏԸՀ նախագահին եւ քարտուղարին են մոտեցել երկու «ԳԱԶԵԼ»-ների վարորդներ ու հարցրել` «Ո՞ւր տանենք ժողովրդին»: Հայտնաբերելով, որ հանձնաժողովի անդամները յուրայիններ չեն (հանձնաժողովի նախագահը «Ժառանգության» նեկայացուցիչն է), ճողոպրել են:

Թիվ 12 ընտրատարածքում «Ժառանգության» թեկնածու Անահիտ Բախշյանի շտաբը խախտում է արձանագրել: Անահիտ Բախշյանի վստահված անձը հայտնել է, որ թիվ 12 ընտրատարածքի 64 մանկապարտեզում գտնվող ընտրատարածքում համատիրության նախագահը ցուցակը ձեռքին նշումներ է անում: Նրա խոսքով, համատիրության նախագահը թույլ չի տալիս իրեն մոտենալ եւ ասում է, որ ոչ ոք չի կարող իրեն խանգարել նշումներ կատարել:

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply