Անանուն թռուցիկ բաժանել չի կարելի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 6, 2012 14:04

Տեղեկատվություն էր հրապարակվել, իբր Արարատի թիվ 18 ընտրատարածքում ոստիկանության ծառայողները խոչընդոտել են Աժ պատգամավորության թեկնածու Ռազմիկ Թևոյանի` թռուցիկներ բաժանող կողմնակիցներին, հայտարարելով, թե «չի կարելի»: Ահազանգի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամանով նշանակվել էր ծառայողական քննություն, որն իրականացնում էր ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը:
Ծառայողական քննությամբ պարզվել է, որ 2012թ. մայիսի 4-ին, ժամը 16:00-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքի հերթապահ մաս անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի բնակիչ Մուրադ Սադոյանը թռուցիկներ է փակցնում շենքերի պատերին և լցնում շքամուտքերը։ Ահազանգը գրանցվել է ոստիկանության Արարատի բաժնում։
Ահազանգի կապակցությամբ ոստիկանության ծառայողները Արարատ քաղաքի Շահումյան 32 շենքի բակից և Արարատի քաղաքապետարանի հարակից տարածքից հայտնաբերել են անանուն քարոզչական տպագիր նյութեր՝ «10000 դրամն արդեն ծախսել ես. նորից ազատ մարդ ես։ Քվեարկիր խղճիդ համաձայնե բովանդակությամբ, որոնք ընթերակաների մասնակցությամբ կազմված արձանագրությամբ վերցվել են, սակայն ոստիկանները դրանք տարածող քաղաքացիներին չեն տեսել։
ՀՀ ոստիկանության Արարատի բաժանմունքի պետ, ոստիկանության կապիտան Կարեն Խաչատրյանը, հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 11-րդ կետի պահանջները, ըստ որի՝ արգելվում է անանուն քարոզչական տպագիր նյութեր տարածելը, հանձնարականներ է տվել իր ենթականերին՝ օրենքով սահմանված կարգով արգելել դրանց տարածումը, ինչն էլ նրանց կողմից կատարվել է։
Թիվ 18 ընտրատարածքում առաջադրված ՀՀ Աժ պատգամավորության թեկնածու Ռազմիկ Թևոյանը, տեղեկանալով, որ հիշյալ անանուն քարոզչական տպագիր նյութերը տարածողներն իր համախոհներն են և դրանց տարածումն արգելվում է ոստիկանության ծառայողների կողմից, նույն օրը զանգահարել է Կարեն Խաչատրյանին և պահանջել այդ կապակցությամբ պարզաբանումներ տալ։ Կ.Խաչատրյանը պատշաճ կերպով պարզաբանել է, որ անանուն քարոզչական տպագիր նյութեր տարածելը հակասում է ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 11-րդ կետի պահանջներին։ Պարզաբանումը բավարարել է Ռ. Թևոյանին, և նրանց միջև որևէ տարաձայնություն չի եղել։
Ռ.Թևոյանն իր նախընտրական շտաբի աշխատակիցների միջոցով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից նույնաբովանդակ պարզաբանում է ստացել։
Նույն օրը Կարեն Խաչատրյանին զանգահարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը և հետաքրքրվել, թե ոստիկանության ծառայողներն ինչու են արգելում թռուցիկների տարածումը։ Խաչատրյանը պարզաբանել է, որ թռուցիկները եղել են անանուն, ինչն արգելվում է ՀՀ ընտրական օրենսգրքով։ Պարզաբանումը բավարարել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցչին։
ՀՀ Աժ պատգամավորության թեկնածու Ռազմիկ Թևոյանը դեպքի կապակցությամբ բացատրություն է տվել, որ հիշյալ թռուցիկները տարածել են իր համախոհները, սակայն ոստիկանության Արարատի բաժանմունքի պետից ու ՀՀ մարդու իրավունքերի պաշտպանի գրասենյակից տեղեկանալով, որ իրոք անանուն թռուցիկների տարածումը ՀՀ ընտրական օրենսգրքով արգելվում է, ինքը արգելել է դրանց տարածումը։ Ոստիկանության ծառայողների և իր, իր համախոհների միջև որևէ միջադեպ տեղի չի ունեցել, և իրենք ոստիկանության ծառայողների նկատմամբ բողոք, պահանջ չունեն, քանի որ վերջիններիս գործողությունները եղել են օրինաչափ։
Ռազմիկ Թևոյանը հավելել է, որ ինքը տեղյակ չէ, թե ով է ԶԼՄ-ներին հաղորդել ապատեղեկատվությունը։
Այսպիսով, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի ծառայողները Արարատ քաղաքում անանուն քարոզչական նյութերի տարածումն արգելելիս առաջնորդվել են ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 11-րդ կետի պահանջներով, և նրանց գործողությունները եղել են օրինաչափ։

ՀՀ ոստիկանություն

Դիտվել է 1793 անգամ:
Print Friendly

Leave a Reply