Վահան Հովհաննիսյան. «Քաղաքապետարանի կողմից ՀՅԴ հանրահավաքը չարտոնելն անօրինական է»
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | Մարիա Կարաթորոսյան | October 14, 2009 14:33
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի համոզմամբ՝ Երևանի քաղաքապետարանի կողմից իրենց հանրահավաքը չարտոնելն օրենքի սահմաններում չի արվել. մերժումը չի հիմնավորվել, և իրենց հանրահավաքի անցկացման համար այլընտրանք չի առաջարկվել:
«Մենք ասեցինք այլ տեղ կանենք, ասեցին այնտեղ էլ ուրիշ միջոցառում կկազմակերպենք»,- ասաց Հովհաննիսյանը` ավելացնելով, որ չնայած արգելքին, հոկտեմբերի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնի առջև իրենց հանրահավաքը կայանալու է:
Հոկտեմբերի 9-ին ՀՅԴ-ն դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ ամսի 16-ին Ազնավուրի հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց հանրահավաք անցկացնելու համար արտոնագիր ստանալու:
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանն «Անկախ»-ին ասաց, որ «օրենքի (Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին ՀՀ օրենքի 1-ին մասի 2-րդ կետ) համապատասխան դրույթով չի նախատեսվում այլընտրանքային անցկացման վայր առաջարկել: Փոխարենը առաջարկվում է միջոցառումն անցկացնել նույն վայրում երկու օր անց»:
Բաղդասարյանը, սակայն, ասում է, որ այդ տարբերակը չեն առաջարկել, քանի որ միջոցառումն ավելի քան մեկ շաբաթ տևելու է: Իսկ Հովհաննիսյանի դիտարկմանը, թե քաղաքապետարանից ասել են, որ «մեկ այլ տեղ եթե ուզեք, այնտեղ էլ միջոցառում կկազմակերպենք», Բաղդասարյանն ասաց, որ «չեմ կարծում՝ լուրջ ասած լինի»:
Մեկնաբանելով Սերժ Սարգսյանի` Բուրսա կատարելիք այցը՝ Հովհաննիսյանն ասաց, որ իր կարծիքով՝ նախագահի դրած սկզբնական պայմանները բավարարված չեն, քանի որ մենք սահմանը բացելուն այնքան էլ մոտ չենք:
«Միգուցե քաղաքավարության դրսևորում է նախագահի կողմից,-ասաց Հովհաննիսյանն ու ավելացրեց,- Երևի (նախագահի պատասխան այցով) իշխանությունները փորձում են Արձանագրությունների հնարավոր տապալման մեղքը չթողնել Հայաստանի վրա և մեզ թիրախ չդարձնել»:
Սարգսյանի հրաժարականը պահանջելու հավանականության մասին Հովհաննիսյանն ասաց, որ այդ միջոցն իրենց համար առաջնային չէ, սակայն չեն բացառում: «Մեզ համար իշնախափոխությունը նպատակ չէ, բայց միջոց է՝ մեր նպատակին հասնելու համար, և եթե այլ ելք չմնա, կդիմենք նաև դրան»,- ասաց նա:
Անդրադառնալով հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Արձանագրություններին` Հովհաննիսյան ասաց, որ ինքը չի հասկանում, թե ինչու նախընտրեցին լռությունն ու հայտարարություններ չարեցին: Նա կարծում է, որ դրանով ևս փորձեցին ժողովրդից թաքցնել իրականությունը: «Ոչ թե պիտի երկուսն էլ հայտարարություն չանեին, այլ երկուսն էլ իրենց կարծիքն ասեին: Նախագահը նույն օրն արդեն հայտարարությամբ հանդես էր եկել, Նալբանդյանն ինչի՞ց էր վախենում»,-ասաց նա:
Իսկ բաց սահմաններից, ըստ Հովհաննիսյանի, շահելու են միայն օլիգարխներն ու խոշոր ներմուծողները: «Իսկ ժողովուրդը՝ առավել ևս գյուղացիները, ոչ մի օգուտ չեն ունենալու»,-ասաց նա:






Facebook
Tweet This
Email This Post
