Հանրապետության հրապարակում եղած փուչիկների մեջ ջրածին է լցված եղել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 5, 2012 19:03

Եթե Հանրապետության հրապարակում եղած փուչիկների մեջ անգամ մի փոքր ջրածին լցված լիներ, մի փոքր կայծն էլ բավական է, որ ամբողջ տարածքով պայթյունը տարածվի. ըստ երեւույթին փուչիկներում հենց ջրածին է լցված եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Էկոատոմ» ընկերության գիտական գծով ղեկավար Գագիկ Մարտոյանը` անդրադառնալով մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգ-հանրահավաքի ընթացքում փուչիկների պայթյունին:

Նրա խոսքով, սովորաբար նման դեպքերում հելիում են լցնում, եւ երեւի հելիում չեն գտել, ջրածին են լցրել:

Հարցին, թե այդքան դժվա՞ր է հելիում գտնելը, Գ. Մարտոյանն արձագանքեց. «Հելիումի աշխատող ձեռնարկություններ հիմա չկան, նաեւ քիչ է հելիում ներկրվում, ուստի հնարավոր է այդ պատճառով չլիներ»:

Իսկ եթե հրապարակում փուչիկներն այդքան շատ չլինեին, նույն ռեակցիա՞ն կառաջանար, հարցին էլ պատասխանեց. «Չէ, չէ: Ինչքան մեծ լինեին այդ փուչիկները, այդքան մեծ կլիներ վտանգը: Իսկ երեկվա դեպքը սովորական անվտանգության տեխնիկայի խախտում է»:

Ավելի վաղ ankakh.am-ը հայտնել էր, որ մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության հանրահավաքի ժամանակ ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել: Պայթել եւ բռնկվել են հարյուրավոր փուչիկներ, որոնք գազով են լցված եղել: Հրդեհված փուչիկների հալված ռետինը լցվել է հանրահավաքի մասնակիցների վրա: Հիմնականում տուժել են բեմի մոտակայքում կանգնած հանրահավաքի մասնակիցները: Ընդհանուր առմամբ տուժել է 154 մարդ: Այս պահին հիվանդանոցներում է գտնվում 80 տուժած, որոնցից 25-ը` վերակենդանացման բաժանմունքում:

Ավելի վաղ ԱԻՆ Փրկարարական ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը «ՌԻԱ նովոստի» գործակալությունը հայտնել էր, որ փուչիկները լցված են եղել հելիում գազով, իսկ բռնկման պատճառ կարող էր հանդիսանալ այրվող ծխախոտը:

Նշենք, որ հելիումն իներտ գազ է, որը չի այրվում, տոքսիկ չէ, անգույն է, անհոտ եւ անհամ: Հելիումի ատոմները ոչ միայն ռեակցիայի մեջ չեն մտնում այլ քիմիական տարրերի հետ, այլեւ չեն միանում իրար հետ:

Դիտվել է 1489 անգամ:
Print Friendly

Leave a Reply