«Կյանքը շատ կարճ է՝ վատ գինի ըմպելու համար» փառատոն՝ հոկտեմբերի 17-ին Արենիում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 14, 2009 13:25

Մեխակ Ապրեսյան, Ժիրայր Եղյան

Հոկտեմբերի 17-ին Վայոց ձորի Արենի գյուղում կանցկացվի գինու փառատոն`«Կյանքը շատ կարճ է՝ վատ գինի ըմպելու համար» խորագրով:

Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն ասում է, որ այս փառատոնն էլ Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելուն է ուղղված:

«Այս կարգի միջոցառումները կնպաստեն թե ներքին  և թե արտաքին զբոսաշրջության զարգացմանը,- ասում է Ապրեսյանը,- Բոլորս էլ լավ գիտենք, որ, ասենք, Հարավային Ամերիկայի երկրներում կան բազմաթիվ մշակութային փառատոններ, որոնց մասնակցելու համար բազմաթիվ այցելուներ են ժամանում այլ երկրներից»:

Ապրեսյանի խոսքով՝ նման միջոցառումները ներկայանալի են դարձնում Հայաստանը արտաքին աշխարհի համար ու նպաստում  տնտեսության համաչափ զարգացմանը:

Արենի համայնքի գյուղապետ Ժիրայր Եղյանն ասում է, որ նախկինում նման փառատոն է անցկացվել 2004 և 2007 թթ.-ին, և բուռն արձագանքներ են եղել:

Միջոցառման ընթացքում նախատեսված են գինու և ավանդական ուտեստների համտեսում` Արենի գինի, ռշտա (խմորից մակարոն), յուրահատուկ պանիր, իսկ գյուղի կենտրոնական մուտքից մինչև հրապարակ կլինեն կողովագործության, լավաշի թխման և այլ կենցաղային տեսարաններով դեկորացիաներ:

Հրապարակում դրվելու է մեծ չան, որտեղ կկազմակերպվի խաղողից գինի ստանալու ավանդական գործընթացը:

Եղյանն ասում է, որ դիմել են Տարածքային կառավարման նախարարություն` խնդրանքով, որ Արենի գինու անվան բրենդի մենաշնորհը տրվի միայն Վայոց ձորի մարզին,  որովհետև արենի տեսակի խաղող աճում է միայն իրենց մոտ:

Արենի գյուղը գտնվում է Վայոց ձորում,  ունի 1970 բնակիչ: Գյուղում կա գինու արտադրության 2 գործարան, իսկ մարզում` 9-ը: Գյուղում կա 120 հա խաղողի այգի, տարեկան արտադրվում է 300 տ խաղող:

Դիտվել է 1479 անգամ:
Print Friendly

Leave a Reply