Նախկին ռեկտոր. Արմեն Աշոտյանը մինչև հիմա ինձ դատի չի տվել, քանի որ հասկանում է, որ իր գործողություններն օրինական չեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 5, 2012 15:12


ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը թեև ցանկանում է, որ հարցը լուծում ստանա Հայաստանում, բայց անհրաժեշտության դեպքում կդիմի նաև Եվրոպական դատարան: Այս մասին ասուլիսում ասաց նա:

Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երկու խիստ նկատողությունից հետո Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի աշխատանքային պայմանագիրը լուծված համարեց: Զոլյանը նկատողություններն ու ազատման հրամանը համարում է հակաօրինական, բուհի ուսանողները արդեն մի քանի օր է, պահանջում են ռեկտորի պաշտոնում վերադարձնել Զոլյանին: Նշենք, որ ԿԳՆ որոշմամբ, ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Գայանե Գասպարյանը: Ս. Զոլյանը դիմել էր դատարան. հայցադիմումով պահանջում էր, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի թիվ 160-Ա հրամանի պահանջը` Զոլյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին վերացվի: Սակայն վարչական դատարանը մերժել էր այն քննել: Նա դիմել է վերաքննիչ դատարան` բողոքարկելով վարչական դատարանի այս որոշումը:

Պատասխանելով այն հարցին, թե երկրորդ և երրորդ հրամաններով կրկին դատարան դիմելո՞ւ եք, Ս. Զոլյանն ասաց, որ դրանք հիմնականում կապված են ոչ թե իր անձի, այլ համալսարանի հետ (հայտնաբերվել են խախտումներ), հետևաբար ճիշտը կլինի, որ այդ այդ հայցադիմումներով դիմի համալսարանը, քանի որ «դա համալսարանի համբավի հարցն է»:

Նախկին ռեկտորի խոսքով, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մինչև հիմա իրեն դատի չի տվել, քանի որ հասկանում է, որ իր գործողություններն օրինական չեն: «Կա բարձրագույն կրթության մասին օրենք, որը նախարարն ընդհանրապես չի հիշատակում իր հրամաններում: Նա վկայակոչում է միայն ՊՈԱԿ-ների մասին օրենքը»,-ասաց Ս.Զոլյանը:

Նա նաև ասաց, որ չի մասնակցելու ռեկտորի թափուր պաշտոնի համար նախատեսված մրցույթին, քանի որ իրեն համարում է ԵՊԼՀ ռեկտոր:

Դիտվել է 839 անգամ:
Print Friendly

Leave a Reply