Մենք խոնարհվում ենք համերգը վարողների և արտիստների պրոֆեսիոնալության առաջ. Դավիթ Հարությունյան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 5, 2012 16:01

Եթե Հայաստանի Հանրապետական կուսակցության հանրահավաքի կազմակերպիչները երեկ հենց փուչիկների պայթյունների և հրդեհի պահին, դադարեցնեին միջոցառումը, ապա կառաջանար խուճապ, իսկ այդ դեպքում չէր բացառվում, որ երեկ շատ ավելի ծանր հետևանքներ լինեին՝ հրմշտոց, շնչարգելություն, մարմնական վնասվածքներ, Tert.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։

«Առաջին պահին շոկ էր. ես խոնարհվում եմ բեմում կանգնած արտիստների և վարողների պրոֆեսիոնալիզմի առաջ, որովհետև հայտնի է, որ զանգվածային միջոցառումների ժամանակ ամենամեծ վտանգը առաջանում է այն պահին, երբ սկսվում է խուճապ»,– ասաց Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Facebook–ում հնչող մեղադրանքներին, թե ինչո՞ւ փուչիկների պայթյունից հետո տոնական համերգը որոշ ժամանակ շարունակվեց:

«Սա հայտնի կանոն է, և ցանկացած պրոֆեսիոնալ, ով զբաղվում է ճգնաժամային իրավիճակների կառավարումով, կհաստատի ասվածը»,- նշեց Դավիթ Հարությունյանը: Իբրև երկրորդ կարևոր հանգամանք Դավիթ Հարությունյանը նշեց հետևյալը. «Դա արդեն այն որոշումն էր, որը կայացվեց գիտակցված, որովհետև եթե առաջին պահին վարողները դրսևորեցին բարձր պրոֆեսիոնալիզմ, ապա երկրորդ պահին՝ դա գիտակցված որոշում էր»:

Հանրահավաքի կազմակերպիչներին նման որոշման կայացման խորհուրդ են տվել հատուկ անձինք՝ Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները,որոնք ցանկացած մեծածավալ, զանգվածային միջոցառման ժամանակ ներկա են լինում:

«Եվ այդ անձանց խորհուրդը շատ ճիշտ էր։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե այդ հոծ զանգվածը սկսեր շարժվել փողոցներով և հնարավորություն չլիներ իրականացնել այն անձանց էվակուացիան, ում անհրաժեշտ էր ցուցաբերել շտապ օգնություն:

Ես կարծում եմ՝ ամեն ինչ ճիշտ էր արված, հաշվարկված էր, թե ինչ ժամկետում կհասցնեն իրականացնել էվակուացիան, և կարծում եմ՝ ամեն ինչ կատարվեց շատ ճշգրիտ»,- ասաց Դավիթ Հարությունյանը, ով հետադարձ հայացք ձգելով կատարվածին՝ չի տեսնում որևէ սխալ հանրահավաքի կազմակերպիչների և անվտանգության աշխատակիցների գործողություններում:

Tert.am

Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply