Հայաստանի փորձագիտական կենտրոնը ժամանակակից տեխնիկական միջոցների կարիք ունի

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | May 5, 2012 14:16

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ն արդեն նոր շենք ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես մայիսի 5-ին կենտրոնի նորամուտի արարողության ժամանակ նշեց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը, փորձաքննությունների դերը գնալով թե աշխարհում, եւ թե մեր երկրում մեծանում է:
«Թող այս կենտրոնի բացումը լինի նոր սկզբի խորհրդանիշ և ազդակ հանդիսանա, որպեսզի մենք ավելի արդյունավետ իրականացնենք այս շատ կարևոր գործը»,- ասաց Մելիքյանը:
«ՀՀ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ»-ի տնօրեն Ժորժ Ծատուրյանը նշեց, որ դատական փորձաքննության դերը արդարադատության իրականացման գործում շատ մեծ է: Դատական փորձաքննությունն այն հիմնական խողովակներից մեկն է, որի միջոցով գիտատեխնիկական առաջընթացը ներմուծվում է արդարադատության իրականացման գործընթացում:
«Մենք արդեն ունենք ժամանականից պահանջներին համապատասխան, անվտանգությունը ապահովող լաբորատորիաներով հագեցված շենք, որը լիովին բավարարում է այսօրվա պահանջներին: Որքան այս կենտրոնը հագեցված լինի, այնքան արդարադատությունը կշահի, և մեր արդարացի պահանջները ճիշտ կիրագործվեն»,- ասաց նա:
Ծատուրյանի խոսքով` Փորձագիտական կենտրոնը խորհրդային տարիներին եղել է ամենատեխնիկապես հագեցված կենտրոններից մեկը:
«Այս կենտրոնում ունենք 1967-1988 թվականի տեխնիկական սարքավորումներ, որոնք շատ ճշգրիտ աշխատում են, սակայն մեր խնդիրն է ձեռք բերել ժամանակակից տեխնիկական միջոցներ, որպեսզի անձի մասնակցությունը հասցվի մինիմումի»,-ասաց կենտրոնի տնօրենը:
Անդրադառնալով մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պայթյունին` Փորձագիտական կենտրոնի տնօրենը նշեց, որ այդ հարցով դեռ իրենց չեն դիմել:
Փորձագիտական կենտրոնի նյութագիտության բաժնի պետ Արսեն Ազիզյանի խոսքով` եթե փուչիկների մեջ հելիում է լցված եղել, ապա այն իներտ գազ է և չէր կարող բռնկվել:
«Ուրիշ ոչինչ փուչիկների մեջ լցնելու իրավունք չունեն: Եթե խնդիրը կհանձնարարվի մեր կենտրոնին, այն ժամանակ ամեն ինչ կպարզենք եւ կասենք»,-ասաց նա:
2008 թվականի փետրվարի 9-ին, ՀՀ արդարադատության նախարարության վարչական շենքում բռնկված հրդեհի հետեւանքով` Փորձագիտական կենտրոնը զրկվեց շենքային պայմաններից: Չորս տարի իր գործունեությունն իրականացնելով վարձակալության հիմունքներով ձեռք բերված շենքում` կենտրոնը վերջապես ունեցավ իր շենքը:

Դիտվել է 1911 անգամ:
Print Friendly

Leave a Reply