ՍԴ-ն բանավոր ընթացակարգով շարունակում է ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորների դիմումի քննությունը

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | May 5, 2012 13:41

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը` նախագահ Գագիկ Հարությանյանի գլխավորությամբ, մայիսի 5-ին բանավոր ընթացակարգով քննում է ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների դիմումը` Հայաստանի ընտրական օրենսգրքի որոշ դրույթների ոչ սահմանադրականության մասին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատգամավորներին ներկայացնող իրավապաշտպան Վահե Գրիգորյանը վստահեցրեց, որ ՀՀ Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որը մայր օրենքի իմպերատիվ դրույթներից է, ու Ընտրական օրենսգրքի որոշ դրույթներ ուղղակիորեն հնարավորություն չեն տալիս կյանքի կոչել «իշխանությունը պատկանում է ժողովրդին» եզրույթը:

«Տվյալ դեպքում ենթադրվում է, որ հնարավոր և հարկավոր է թույլատրել ցուցակների հրապարակումը»,- նշեց իրավապաշտպանը:

ՀՀ Ազգային ժողովի անունից պատասխանող կողմ Դավիթ Հարությունյանը բերված բոլոր փաստերը համարեց անհիմն` հավելելով, որ որոշների ազատությունների խնդրի հարցի լուծմամբ, հնարավոր է այս ընթացքում սահմանափակել մյուս քաղաքացիների ազատությունները, որն անթույլատրելի է: Իր ելույթի վերջում նա հորդորեց մերժել մի խումբ պատգամավորների պահանջը:

Այս պահին դատարանը հայտարարել է ընդմիջում, իսկ կողմերը պատրաստում են իրենց եզրափակիչ խոսքը, որից հետո արդեն ՀՀ Սահմանադրական դատարանը կանցնի որոշման կայացման փուլին:

ԲՀԿ և ՀՅԴ 28 պատգամավոր դիմել են Սահմանադրական դատարան` վիճարկելու ՀՀ Ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի առաջին մասի, 31-րդ հոդվածի առաջին մասի երրորդ կետի եւ 33-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետի դրույթների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, այդ թվում` Ընտրական օրենսգրքի` ընտրողների ցուցակների մատչելիության հոդվածի առաջին մասը (Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը, բացառությամբ զինվորական մասերում կազմվող, ինչպես նաև ընտրողների ստորագրած ցուցակների, ազատ է ծանոթության համար: Ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից լուսապատճեններ չեն հանվում, դրանք չեն լուսանկարվում և տեսանկարահանվում):

Դիտվել է 782 անգամ:
Print Friendly

Leave a Reply