«Խոսրովի անտառի» տնօրենի սպանության համար մեղադրվողը ազատության մեջ չէ. Գլխավոր դատախազություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 4, 2012 17:49

«Խոսրովի անտառի» տնօրեն Սամվել Շաբոյանի սպանության գործով մեղադրյալ Վահրամ Խաչատրյանի և մաքսանենգության մեղադրանքով դատապարտված Արտակ Պետրոսյանին ազատ արձակելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում:

Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը` մեկնաբանելով մամուլում հայտնված տեղեկությունը:

Նա մասնավորեցրեց, որ Վահրամ Խաչատրյանին ազատ արձակելու մասին լուրը «ակնհայտ սուտ» տեղեկություն է, նա չէր կարող ազատ արձակվել, քանի որ դատապարտվել է առանձնապես ծանր հացագործություն կատարելու համար:

«Վահրամ Խաչատրյանը ներկայումս իր պատիժը կրում է «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: Դեռևս չի էլ լրացել նրան ոչ պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցը քննարկելու ժամկետը, ոչ էլ բաց ռեժիմով քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու ժամկետը: Ավելին, օրենքը նրան արգելում է անգամ կարճաժամկետ մեկնումներ տալու հնարավորությունը և նրան ազատ արձակելու վերաբերյալ այսօրինակ տեղեկությունները ուղղակի խեղաթյուրված տեղեկատվություն է», -փոխանցեց Սոնա Տռուզյանը:

Ինչ վերաբերվում է մաքսանենգության համար դատապարտված Արտակ Պետրոսյանին, ապա նրան ՔԿՀ-ի կողմից տրամադրվել է երկօրյա կարճաժամկետ մեկնումի հնարավորություն` նկատի ունենալով նրա հոր առողջական վիճակը:

«Դատապարտյալը դիմում էր ներկայացրել, որ հայրը առողջական ծանր վիճակում է գտնվում, և քրեակատարողական հիմնարկը, քննարկելով դիմումը, նրան հնարավորություն է տվել երկու օրով տեսակցել նրան: Արտակ Պետրոսյանի կարճաժամկետ մեկնումն ավարտվում է մայիսի 5-ին, հետևաբար վաղը նա վերադարձվելու է և շարունակելու է կրել պատիժը», -նշեց Սոնա Տռուզյանը` տեղեկացնելով, որ դատախազությունը պատրաստակամ է յուրաքանչյուր դեպքով ճիշտ տեղեկատվություն տրամադրել լրատվամիջոցներին և չհիմնվել ասեկոսեների վրա:

Դիտվել է 1233 անգամ:
Print Friendly

Leave a Reply