Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է իտալական Ռենկո և Գուցինի ընկերությունների ներկայացուցիչների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | May 4, 2012 17:12

Մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և իտալական Ռենկո ընկերության տնօրեն Ջիովանի Ռուբինիի ու նրա ուղեկցությամբ հանդիպման եկած իտալական «Guzzini»  ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:  Ողջունելով հյուրերին, Տարոն Մարգարյանը ներկայացրել է քաղաքային տնտեսության կառավարման իր մոտեցումները` հատկապես մատնանշելով այն ոլորտները, որոնք փոխանցելով մասնավորի կառավարմանը հնարավոր կդառանա առավել արդյունավետ կառավարում ապահովել: Այս համատեքստում քաղաքապետը կարևորել է միջազգային մասնագիտացած ընկերությունների ներգրավումը, ինչը նախ և առաջ կապահովի միջազգային չափորոշիչներով ծառայությունների մատուցում. «Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է քննարկելու և իր լիազորությունների շրջանակում օժանդակելու Երևանում ներդրումային ծրագրերի իրականացմանը: Մենք կարևորում ենք հատկապես պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, որն, ըստ էության, կարող է լուրջ ազդեցություն ունենալ մայրաքաղաքի տնտեսության զարգացման և ենթակառուցվածքների արդիականացման հարցում», – ընդգծել է Տարոն Մարգարյանը` ի մասնավորի նշելով հենց Ռենկոյի հետ արդեն երկար տարիներ ունեցած արդյունավետ համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Ռենկո ընկերության տնօրեն Ջիովանի Ռուբինին բարձր է գնահատել քաղաքապետի մոտեցումներն ու իր հերթին ընդգծել է, որ իրենց ընկերությունը մեկ անգամ չէ, որ համոզվել է Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունավետության և վստահելի գործընկեր լինելու մեջ: Ըստ այդմ Ռենկոյի տնօրենը նաև վստահեցրել է, որ «Guzzini»  ընկերությունը ևս կարող է լուրջ դերակատարում ունենալ Երևանի զարգացման ծրագրերի իրականացման հարցում` հընթացս դառնալով նաև վստահելի գործընկեր: «Guzzini»  ընկերության նախագահ Ադոլֆո Գուցինին ևս` շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ քաղաքային տնտեսության զարգացման հարցում քաղաքապետի մոտեցումներն իսկապես ողջունելի են և իրենց ընկերությունը պատրաստակամ է ներգրավվել զարգացման ծրագրերի իրականացման գործում:

Շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար, Տարոն Մարգարյանը առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի առաջարկվող ներդրումային ծրագրերը` այդ թվում ընկերության մասնագետների կողմից տեղում ուսումնասիրելով դաշտը, որի արդյունքում կնախապատրաստվի ներդրումային հստակ առաջարկի փաթեթը, որն առավել առարկայական կդարձնի համագործակցության եզրերը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply