ՀՀԿ-ականները ծեծի են ենթարկել «Ժառանգության» ներկայացուցչին: Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ դա պրովոկացիա է
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | մայիսի 4, 2012 16:25
Երեկ երեկոյան, Երեւանի Կենտրոն համայնքի թիվ 9 ընտրատարածքի 9/19 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Գրիգորյանը բռնության է ենթարկվել: Aravot.am-ին այդ մասին հաղորդեց կուսակցության նախընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նրա ասելով, տեղի ունեցածի առնչությամբ նախընտրական շտաբը ՀՀ ոստիկանությանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:
Խուրշուդյանի մատուցմամբ, Հայկ Գրիգորյանին ինչ-որ մարդիկ ավտոմեքենայով հետեւել են , մոտեցել եւ առաջարկել են զրուցելու համար նստել իրենց մեքենան, իսկ արդեն մեքենայի սրահում «համագործակցության» առաջարկ են արել՝ մանրամասնելով, որ ընտրությունների ժամանակ ինչ-որ մարդիկ կարող են որոշակի գործողություններ ծավալել, որի վրա եթե հանձնաժողովի նախագահը աչք փակի՝ իր համար հետո «լավ կլինի»:
Հայկ Գրիգորյանի հարցին, թե՝ այդ մարդիկ ո՞ւմ անունից են խոսում եւ ո՞ւմ են ներկայացնում, անծանոթները պատասխանել են, թե ՀՀԿ-ի մարդիկ են: «Ժառանգության» ներկայացուցիչը կտրականապես մերժել է առաջարկը, որին ի պատասխան հենց մեքենայի սրահում նրան բռնության են ենթարկել՝ ծեծել են:
Սակայն հենց նոր «Ժառանգություն» կուսակցության շտաբից Խաչատուր Քոքոբելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դա պրովոկացիա է եղել. « Հայտարարություն եղել է, տեղեկությունները դեռ ճշտվում են, առանց պաշտոնական պատասխան իմանալու չեմ ուզում որևէ մեկնաբանություն անել, վստահ եմ, որ մինչև վաղը կպարզվի իրականում ինչ է պատահել, բայց ես կարծում եմ, որ դա պրովոկացիա է եղել»: Քոքոբելյանը, սակայն, հաստատեց, որ Հայկը դիմել է իրավապահներին, և այս պահին նրանք զբաղվում են այդ գործով: Մենք ինքներս էլ առանձին փորձում ենք պարզել, թե ինչ է կատարվել, ովքեր են եղել այդ մարդիկ, և, կապ չունի` ՀՀԿ-ից են եղել բռնություն կիրառողները, թե որտեղից, մենք անպայման պահանջելու ենք, որ օրենքի ողջ խստությամբ պատժվեն արարքի կատարողները»:





Facebook
Tweet This