«Ժառանգություն»-ը համամիտ չէ քարոզարշավի նպատակով ծախսված գումարների պաշտոնական տվյալների հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 4, 2012 16:14

Պարզելու համար, թե ինչպես են գնահատում կուսակցությունները ԱԺ նախընտրական քարոզչության գործընթացը, հեռակապի ժամանակակից միջոցների օգտագործմամբ  նրանց համար ստեղծվե՞լ է ընտրողների հետ անմիջական կապի հաստատման հնարավորություն և ի՞նչ դիտողություններ ու առաջարկություններ են առաջացել, Հանրային խորհրդի և «Ազգային համագործակցություն» հիմնադրամի հանրության հետ կապերի համացանցային ակումբում այսօր` մայիսի 4-ին տեղի ունացավ քննարկում, որին մասնակցում էին ընդամենը երկու կուսակցություն` «Ժառանգությունն» ու «Բարգավաճ Հայաստանը»:  ՀԽ անդամ, «Ազգային համագործակցություն» հիմնադրամի տնօրեն Արշակ Սադոյանը նախքան քննարկումը սկսելը հայտարարեց, թե քննարկմանը մյուս կուսակցությունների չմասնակցելը նշանակում է, որ նրանք քարոզարշավի հետ կապված որևէ լուրջ դիտողություն ու առաջարկ չունեն:

«Ժառանգություն» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, ամփոփելով քարոզարշավը, փաստեցին, որ ընդհանուր առմամբ այս տարի դրական միտում կար ԶԼՄ-ների լուսաբանումներում: Սակայն «Ժառանգության» վարչության անդամ Դավիթ Սանասարյանի դիտարկմամբ, իրենց տրված լիազորությունները չարաշահել են «Կենտրոն» և «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունները, որոշ թերթեր էլ զերծ չեն մնացել սև փիար իրականացնելուց կամ կամք չեն դրսևորել հանրությանը ներկայացնելու իրական սոցիոլոգիական հարցման արդյունքները:

Սոցիալական ցանցերում և համացանցում բավականին ակտիվ է աշխատել «Ժառանգությունը»: Կուսակցությունը հատուկ ստեղծված կայքի միջոցով հանրությանն է ներկայացրել իր բոլոր միջոցառումներն ու ծրագրերը: Կուսակցության համամասնական ցուցակի 9-րդ համարում գտնվող բլոգեր Իզաբելլա Աբգարյանը, ով նույնպես ներկա էր քննարկմանը, նշեց, որ բլոգի միջոցով բավականին արդյունավետորեն տարածել է կուսակցության նախընտրական ծրագիրը` ստանալով բազմաթիվ առաջարկություններ ու դիտողություններ:

Քննարկման ընթացքում երկու կուսակցությունների միջև բանավեճ ծավալվեց, մասնավորապես, երբ խոսք գնաց քարոզարշավի նպատակով ծախսված գումարների և ընտրակաշառքի բաժանման մասին: «Ժառանգության» ներկայացուցիչների կարծիքով, քարոզարշավի համար ծախսված գումարների պաշտոնական տվյալները իրականությանը չեն համապատասխանում, և հատկապես ԲՀԿ-ն ստվերային գումարներ է ծախսել այդ նպատակով:

ԲՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Թամազյանը հերքեց մեղադրանքը: Ի պատասխան այն տեսակետին, թե կուսակցությունը քարոզարշավի ընթացքում բարեգործություն է իրականացնել` դրա անվան տակ, փաստորեն, ընտրակաշառք բաժանելով, Թամազյանը պատասխանեց, թե կուսակցության հետ առնչություն ունեցող բարեգործական հիմնադրամների գործունեությունը քարոզարշավի ընթացքում դադարեցվել է:

Դիտվել է 850 անգամ:
Print Friendly

Leave a Reply