«Բոլոր բուհերը կապ ունեն աղանդավորական կառույցների հետ». Ալեքսանդր Ամարյան.

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 4, 2012 14:33

Բոլոր բուհերը և կուսակցությունների մեծ մասը ներգրավված են կրոնական կառույցներում,- այսօր` մայիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը:

Նա հայտնեց նաև, որ անցած տարվա վերջին ռեստորաններից մեկում հանդիպել են կուսակցության ղեկավարներից մեկը (կուսակցության անունը չնշեց), Խարիզմատիկ եկեղեցու ղեկավարը և բուհերից մեկի ղեկավարը, ով, միաժամանակ, երկու կուսակցության անդամ է, որտեղ խոսակցության ընթացքում նաև քննարկել են ընտրությունների թեման:

Կրոնական կառույցի ղեկավարը նաև համաձայնություն է տվել իր հետևորդների միջոցով ակտիվորեն մասնակցել ընտրություններին և աջակցել «գործընկեր» կուսակցությանը: «Միայն Խարիզմատիկ եկեղեցու հետևորդների թիվը կազմում է 25.000 մարդ, սակայն եթե հաշվենք ընդհանուր այդ հոգևոր ընտանիքի մյուս անդամների թիվը ևս, ապա կկազմի մոտ 80.000 անդամ-ընտրող, որը լուրջ թիվ է Հայաստանում: Դա այն թիվն է, որը թույլ կտա ցանկացած կուսակցության գոնե մինիմալ թվաքանակով անցել խորհրդարան»,- հավելեց Ամարյանը:

Նրա խոսքով ընտրապայքարում ներգրավված կուսակցություններից երեքը, որոնք, ըստ Ամարյանի, Հանրապետական, Կոմունիստական և Միավորված հայեր կուսակցություններն են, կրոնական կազմակերպությունների հետ որևէ կերպ չեն համագործակցում, իսկ մնացած հինգ կուսակցությունները, նրա խոսքով, հնարավոր է (կամ միգուցե հենց այդպես է) կապ ունեն և աշխատում են աղանդավորական շարժումների հետ:

Ամարյանի հավաստմամբ` աղանդավորներ կան բոլոր պետական կառույցներում, այդ թվում` դատարանում և ուժային կառույցներում. խորհրդարանում ևս նրանք մտադիր են ունենալ իրենց ներկայությունը: «Անկախ»-ի հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Հայ առաքելական եկեղեցին այս խնդրի նկատմամբ, Ամարյանը նշեց, որ մեր եկեղեցին վերջին երկու տարիներին կարծես թե արթնացել է ու սկսել ակտիվորեն պայքարել աղանդավորների դեմ, որոշ գյուղերում, որտեղ հոգևորականներ ընդհանրապես չեն եղել, այսօր եկեղեցին արդեն ուղարկում է:

Վերջում Ամարյանը ասաց, թե ինքը շատ կցանկանար, որ Հայ առաքելական եկեղեցուց ևս պատգամավորներ լինեին խորհրդարանում` պետական մակարդակով բարձրացնելու ժողովրդի հոգևոր մակարդակը:

Դիտվել է 971 անգամ:
Print Friendly

Leave a Reply