Զարուհի Փոստանջյան. «Սաթիկ Սեյրանյանին ես դիտարկում եմ որպես շարքային լրագրող»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 4, 2012 11:12

Երեկ “Ժառանգություն” կուսակցության վերջին, ամփոփիչ հանրահավաք-հանդիպումն էր ժողովրդի հետ: Կուսակցության անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը քարոզարշավի ընթացքը որակեց լավ և արդյունավետ. “Կարող եմ ասել` բոլոր շփումները մեր քաղաքացիների հետ եղել են շատ ջերմ և անկեղծ, և կարծում եմ` մեր քաղաքացիները բավականին կողմնորոշված են և ունեն իրենց քաղաքացիական դրսևորումներն արտահայտելու հնարավորություն, որը կարող է տեղի ունենալ ամսի 6-ին քվեախցիկում` իրենց խղճի համաձայն: Իհարկե, կան քաղաքացիներ, ովքեր ունեն մտավախություն, որ կարող է իրենց հետևեն կամ նկարեն, բայց, այնուամենայնիվ, ես պետք է հորդորեմ բոլոր նրանց, ովքեր ունեն նմանատիպ մտավախություններ, չվախենալ ոչնչից, անպայման գնալ ընտրության և վստահ քվեարկել իրենց խղճի մտոք”:

Զարուհի Փոստանջյանը նաև դրական արտահայտվեց ժողովրդի քաղաքական գիտակցության փոփոխության վերաբերյալ` նշելով, որ հատկապես հայ երիտասարդությունն այսօր քաջ գիտակցում է` ինչպիսին պետք է լինի Հայաստանի ապագան. “Մեր երկտասարդներն այսօր շատ լավ տեղեկացված են քաղաքականությունից, քանի որ ինտերնետն ու ժամանակակից տեխնոլոգիաները հիանալի հնարավորություն են ընձեռում` լինելու իրազեկ և ինֆորմացված, թե ինչ է տեղի ունենում մեր հայրենիքում, այս առումով երիտասարդության ներգրավվածությունը ես գնահատում եմ դրական և բավական արդյունավետ ներքաղաքական գործընթացներում”:

Անդրադառնալով Արաբկիր համայնքում իր հետ մրցակցող մյուս թեկնածուների և իր հնարավորություններին` Զարուհի Փոստանջյանն իր հաղթելու շանսերը գնահատեց առավելագույն և պնդեց, որ ինքն այդ ընտրատարածքում ոչ ոքի իրեն մրցակից չի համարում: Իսկ մյուս կին թեկնածու, անկուսակցական և հայտնի լրագրող Սաթիկ Սեյրանյանի վերաբերյալ, որի առնչությամբ շրջանառվում է հատկապես նրա ամուսնու` Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի գործոնը այս ընտրապայքարում, տիկին Փոտանջյանը հակիրճ ասաց. “Նա ուղղակի շարքային լրագրող է, ես նրան դիտարկում եմ որպես այդպիսին”:

“Ժառանգության” մյուս կին պատգամավոր Անահիտ Բախշյանը ևս քարոզարշավի ընթացքը ընդհանուր առմամբ դրական գնահատեց. “Քարոզարշավը` որպես գործողությունների մի շղթա, հիմնականում ընթացել է օրենքի շրջանակներում և առողջ մրցակցության պայմաններում, թեպետ որոշ ընտրատարածքներում եղել են այն խոչընդոտելու, ինչպես նաև բռնություն կիրառելու դեպքեր: Սակայն, համեմատած նախորդ ընտրությունների հետ, այս անգամ քարոզարշավն անցավ անհամեմատ ավելի հանդուրժող մթնոլորտում, և դրանում շատ մեծ դեր ուներ հատկապես լրատվությունը, որը հավասար հնարավորություններ ընձեռեց բոլոր թեկնածուներին”: Խոսելով նոր խորհրդարանում իրենց առաջիկա անելիքների և ընդդիմության մյուս թևերի հետ միասնական ուժերով աշխատելու մասին`տիկին Բախշյանը նշեց, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե իրենց գործընկերները ոչ թե խաղան, այլ լինեն իրական ընդդիմություն: Այս առումով նա նկատի ունի մասնավորապես ՀՅԴ-ին: Իսկ անձամբ իր անելիքը լինելու է հատկապես կրթության ոլորտի բարեփոխումներին ուղղված օրինագծերի մշակումն ու դրանց հաստատմանը հետամուտ լինելը:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 783 անգամ:
Print Friendly

Leave a Reply