«Դասական Եվրատեսիլ 2012»-ի հայ մասնակիցը լսում է նաեւ ռոք, մերժում` ռաբիսը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 4, 2012 10:33

«Դասական Եվրատեսիլ»-ը 15-20 տարեկան երաժիշտների մրցույթ է, որը տեղի է ունենում երկու տարին մեկ Վիեննայում: Միջազգային հեռուստատեսային երգի հեղինակավոր այս մրցույթը Եվրոպական հեռարձակողների միության (EBU) ամենախոշոր նախագծերից մեկն է: Մայիսի 5-11-ը կայանալիք «Դասական Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանն իր եվրատեսիլյան կենսագրության մեջ մասնակցում է առաջին անգամ:

Հայաստանը մրցույթում ներկայացնող 15- ամյա քանոնահար Նարեկ Կազազյանը սովորում է Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում: Նա 2009 թվականին Կրեմլում Հայաստանը ներկայացրել է «Ծագող աստղեր» փառատոնին` դիպլոմ ստանալով ՌԴ առաջին տիկին Սվետլանա Մեդվեդեւայի կողմից, 2010-ի «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» ընթացքում արժանացել է «Պատանի վիրտուոզ» հատուկ մրցանակին, երիտասարդական 6-րդ բաց Դելփյան խաղերի ոսկե մեդալակիր է: Պատանի երաժիշտն իր օրինակով կապացուցի հասակակիցներին, որ դասական երաժշտությունը բնավ ձանձրալի չէ: Մրցույթի` մայիսի 5-ին կայանալիք  կիսաեզրափակիչ փուլից հաշված ժամեր առաջ «Արմենպրես»ը ներկայացնում է «Դասական Եվրատեսիլ 2012»-ի մեր երկրի պատվիրակի հետ հարցազրույցը:

-Գիտեմ, որ սեփական նախաձեռնությամբ տեղեկացար «Դասական Եվրատեսիլ 2012»-ի մասին, ի՞նչպես որոշվեց քո մասնակցությունը:

-Շատ եմ հետաքրքրվել տաբեր միջազգային մրցույթների մասին, քանի որ երգով չէի կարող մասնակցել, բարեկամներիցս մեկը տեղեկացրեց, որ Ավստրիայում նման մրցույթ է անցկացվում: Այս մասին ես հայտնեցի Մշակույթի նախարարություն, սկզբնական շրջանում կար փոքրիկ տարաձայնություն` կապված նրա հետ, որ մրցութում պետք է դասական երաժշտական գործիք ներկայանա, չնայած նվագում եմ նաեւ դաշնամուր, սակայն իմ հիմնական գործիքը քանոնն է: Այնուհետեւ, երբ ներկայացրի իմ համերգային ծրագիրը, վերջնականապես որոշվեց, որ ես պետք է ներկայացնեմ Հայաստանը «Դասական Եվրատեսիլ 2012»-ում:

Երաժշտական գործունեության ընթացքում համերգներովհանդես ես եկել Ջիվան Գասպարյանի, «ՎիրտուոզիՄոսկվի» կամերային նվագախմբիՎլադիրմիր Սպիվոկովի,այլ հանրահայտ երաժիշտների հետ: Ի՞նչ հայտնի անունների հետ կցանկանային համագործակցել առաջիկայում:

-Դեմ չէի լինի համագործակցել Յանիի հետ, կարծում եմ` հետաքրքիր կլինի, միշտ մտածել եմ այդ մասին` իհարկե ժամանակից առաջ չնկնելով:

-Մի առիթով` «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել ես, որ քեզ համար «Դասական Եվրատեսիլ2012»-ի կիսաեզրափակիչ փուլ հասնելն արդեն իսկ մեծ ձեռքբերում կլինի, սակայն «երբեք մի ասա երբեք» կարգախոսով առաջնորդվելով եթե հաղթես, ապա ի՞նչ կտա այդ հաղթանակը քեզ որպես երաժիտ:

-Բոլոր պատանի երաժիշտների համար նման մրցույթի մասնակցելը, պատրաստվելը, հասակակիցների հետ շփվելը, շատ մեծ պատասխանատվություն է: Երբ զգում ես, որ պետք է ազգ ներկայացնես ապա այդ պատասխանատվությունը մեծանում է եւ հասկանում ես, որ պետք է լավ ներկայանաս, թեկուզ եւ չհաղթես, սակայն պետք է լավ ներկայացնես քո երկիրը, ես կփորձեմ անել հնարավորինս ամեն ինչ` լավ ներկայանալու համար:  Չեմ պատկերացնում թե ինչ կլինի, եթե հաղթեմ, կարծում եմ դա միայն հաղթանակից հետո պարզ կդառնա (ժպտում է):

-Ի՞նչպես ընտրվեցին այն ստեղծագործությունները, որոնք պատրաստվում ես կատարել մրցույթում:

-Ստեղծագործությունները, իմ կարծիքով, շատ ճիշտ են ընտրված, քանի որ դրանք առաջին հերթին հնարավորություն են ընձեռում ցույց տալ քանոնի բոլոր կարողությունները, ողջ ձայնածավալը: Մեծ հանձնաժողովի կողմից, որի կազմում էին Կարեն Դուրգարյանը, Արմեն Բաբախանյանը, Մշակույթի նախարարության եւ Երեւանի պետական Կոնսերվատորիայի ներկայացուցիչներ, ընտրվեց երեք ստեղծագործություն: Կիսաեզրափակչում կներկայացնեմ  Ծովինար Հովհաննիսյանի «Էքսպրոմտ»-ը, Նիկոլո Պագանինիի «Վենետիկյան պարահանդես» -ը եւ Խաչատուր Ավետիսյանի «Անընդհատ շարժում»-ը, իսկ եզրափակչում Խաչատուր Ավետիսյանի երկրորդ կոնցերտը: Մրցույթին կատարողին ելույթի համար ընձեռված է 15 րոպե եւ էական չէ, թե քանի ստեղծագործություն կնվագես, կարեւոր է, որ չանցնես սահմանված ժամանակը:

Փորձե՞լ ես այս ընթաքում ծանոթանալ մրցույթին մասնակցող 13 երկրների ներկայացուցիչների կատարումներին կամ կապ հաստատել նրանց հետ համացանցի միջոցով:

 -Համացանցով շփվում եմ Խորվաթիայի եւ Սլովենիայի մասնակիցների հետ: Մյուսների հետ կապ հաստատել չի հաջողվել, սակայն բոլոր մասնակիցների ստեղծագործություններին արդեն ծանոթացել եմ: Իսկապես լուրջ մրցակցություն է սպասվում:

-Հանրահայտ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը իր թավջութակը ասոցացնում էր կնոջ հետ, ինչի՞ ես նմանեցնում դու քո երաժշտական գործիքը` քանոնը:

-Քանոնը իմ կեսն է, ես այն շատ եմ սիրում, ամեն գործիք նվագելիս տարբեր զգացողություններ է առաջացնում, սակայն քանոնն ինձ համար այլ է:

Նկատել եմ, որ ելույթներիդ ընթացքում որոշ հատվածներ նվագում ես փակ աչքերով, շատ երաժիշտներ պնդում են, որ փակ աչքերով նվագելը ստացվում է ինքնաբերաբար եւ նպաստում է երաժշտությունն  ավելի լավ ընկալելուն, այդպես է արդո՞ք նաեւ քո դեպքում:

-Աչքերը փակելն իսկապես ստացվում է անկախ քո կամքից, կարծես երաժշտության թելադրանքով: Դա օգնում է, այսպես ասած, ամբողջապես ներթափանցել երաժշտության մեջ: Ելույթի ընացքում փորձում եմ, բացի երաժշտությունից, ոչ մի այլ բանի մասին չմտածել` երաժշտությունը ավելի խորը զգալու համար:

– Շատ երիտասարդներ  դեռեւս հակված են մտածել, որ դասական երաժշտությունը  ձանձրալի է, ինչպես կհակափաստարկես այս թյուր կարծիքը:

-Ցանկացած բանի հանդեպ, այդ թվում դասական երաժշտության` մարդը պետք  է տրամադրի իրեն, եթե նա տրամադրում է իրեն, որ ինչ-որ բան ձանձրալի է, ապա դա հենց այդպես է ընկալվում: Եթե ճիշտ տրամադրես քեզ, ապա դասական երաժշտություն չսիրելն անհնար է: Ես բացի դասական երաժշտությունից, լսում եմ նաեւ այլ ոճի երաժշտություն, սկսած ազգայինից ավարտված ռոքով, ամեն ինչ` բացի ռաբիսից:

 

Հարցազրույցը` Տաթեւիկ Գրիգորյանի 

Դիտվել է 1219 անգամ:
Print Friendly

Leave a Reply