BBC ֆորում. հայ-թուրքական հարաբերությունների մասին կարծիք են հայտնում օտարերկրացիները

Օրվա լուր | | October 13, 2009 18:48

BBC-ի կայքում,  հրապարակումներից բացի, հոկտեմբերի 10-ից նաև ֆորում է գործում (http://newsforums.bbc.co.uk/ws/ru/), որտեղ ընթերցողները կարող են իրենց կարծիքն արտահայտել՝ հայթուրքական հարաբերությունների, ստորագրված Արձանագրությունների մասին:

Այս պահի դրությամբ ֆորումում իրենց տեսակետն են արտահայտել 534 ընթերցողներ: Նրանք հիմնականում Հայաստանի մասին ունեն կամ խիստ բացասական կարծիք, կամ  հանդես են գալիս ի պաշտպանություն հայերի:

Մոսկվայից Արիս անունով ֆորումի մասնակիցը գրում է, որ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որ խանգարում է թուրքերի միավորմանը, ինչի պատճառով էլ հայերին այդքան տառապանքներ են բաժին ընկել՝ Ցեղասպանություն, գաղթ, հալածանքներ: Արիսը գրում է, որ հայերն արդարացի են Ղարաբաղի համար իրենց պայքարում. «Ստալինն այն (ԼՂ-ն) հենց այնպես նվիրել է ադրբեջանցիներին, ընդ որում մինչև ԽՍՀՄի ձևավորումը ադրբեջանցիներ գոյություն չեն ունեցել: Ժամանակն է, որ Թուրքիան հանգիստ թողնի Հայաստանը և վերացնի շրջափակումը»,- գրում է Արիսը:

Իգոր Լեվիտան (Մեծ Բրիտանիա) անունով ընթերցողը գրում է, որ Թուրքիան դեռևս չի համաձայնել հայ ժողովրդին փոխհատուցել տարիներ շարունակ տևած ռազմական և քաղաքական ճնշումները. «Այս պարագայում երկու երկրների միջև խաղաղության հաստատումն օրինականացնում է թուրքական ագրեսիայի ողջ պատմությունը և ապաբարոյականացնում է պատմական արդարությունից զրկված հայերին»:

Պետերբուրգից Վլադիմիրն էլ «ցինիկ» է համարում ԱՄՆ-ի քաղաքականությունը` նշելով, որ մի քանի տարի առաջ ամերիկացիները պատրաստվում էին ընդունել Հայոց ցեղասպանությունը, բայց հրաժարվեցին այդ մտքից, երբ Թուրքիան սպառնաց բոյկոտել Նաբուկո նախագիծը:

Կան նաև չհիմնավորված, զգացմունքների վրա հիմնված բացասական արձագանքներ. մասնավորապես՝ « Dato» ներկայացած ընթերցողը Թբիլիսիից մեղադրում է հայերին կասկածամիտ լինելու և գերագնահատման բարդույթ ունենալու մեջ` նշելով, որ հայ-թուրքական միությունը երկար չի տևի:

«Советский рабочий» անունով ներկայացած ընթերցողն էլ գրում է, որ բեռները Վրաստանով Հայաստան են մտնում միայն ԱՄՆ-ի շնորհիվ, քանի որ այստեղ ուժեղ է հայկական լոբբին:

Մոսկվայից « DJOZEF»-ն էլ կարծում է, որ Արձանագրությունների ստորագրումը ոչինչ չի նշանակում, քանի որ թուրքական խորհրդարանը, միևնույն է, այն չի վավերացնելու: Նրա կարծիքով` հայերը «մեծ ամբիցիաներ» ունեն, և սահմանը կբացվի միայն դրանցից հրաժարվելու դեպքում:

Մոսկվայից մեկ այլ ընթերցող, որ ներկայացել է «Резервист» անունով, նշում է, որ «թուրքերին կստիպեն հրաժարվել արձանագրություններում Ղարաբաղը հիշատակելուց, քանի որ անգամ ամերիկացիները հասկանում են, որ Արցախի բնակիչներն ուզում են լինել հայեր, իսկ Բաքուն առավելագույնը կարող է հուսալ, որ կպահպանի Նախիջևանը»:

Դիտվել է 1744 անգամ:
Print Friendly

Leave a Reply