Դաղստանում կրկնակի ահաբեկչություն է կատարվել. զոհվել է 17, վիրավորվել 109 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 4, 2012 9:59

Դաղստանում կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվել են ոստիկաներ ու քաղաքացիական անձինք:

Պայթյունը տեղի է ունեցել  Մախաչկալայի Կիրովյան շրջանի «Ալյասկա-30»  ոստիկանական դիրքում: Զոհվել են ոստիկաններ, հրշեջներ,  ՆԳՆ աշխատակիցներ ու խաղաղ բնակիչներ:

«Ոստիկանները մարդատար «Լադա Պրիորա» ավտոմեքենան կանգնեցրել են Մախաչկալա-Աստրախան ճանապարհի վրա` փաստաթղթերը ստուգելու նպատակով: Երբ ոստիկանության աշխատակիցները մոտեցել են մեքենային` պայթյուն է եղել»,- ասել են Դաղստանի ՆԳՆ-ում:

10 րոպե անց, երբ դեպքի վայր են հասել  ԱԻ օպերատիվ խումբն ու ԱԻՆ-ի աշխատակիցները, մի մահապարտ գործի է դրել երկրորդ ռումբն ու պայթեցրել «Գազելը»:

Դեպքը պատահել է երեկ, 22:30-ին: Առաջին պայթյունի ժամանակ ոստիկանական դիրքում մի քանի տասնյակ զինվորներ կային:

Գիշերվա ժամը 2-ի տվյալներով, 90 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել, բոլորին տեղափոխել են հանրապետության մայրաքաղաքի հիվանդանոց: Ավելի ուշ այդ թիվը հասել է 109 մարդու: Այրվել է 20 ավտոմեքենա:

Առաջին պայթուցիչի հզորությունը 50 կգ տրոտիլ էր, իսկ երկրորդինը` 120 կգ:

Զոհերի թիվը  հավանաբար կավելանա: Հարուցվել է քրեական գործ  «ահաբեկչություն» հոդվածով:

Դիտվել է 1083 անգամ:
Print Friendly

Leave a Reply