«Ժառանգությունը» բարեհաջող ավարտեց իր քարոզարշավը, Րաֆֆի Հովհաննիսյանը համբուրեց հայոց եռագույնը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 4, 2012 0:10


Այսօր` ժամը 19-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության քարոզարշավի ավարտը խորհրդանշող հանդիպումը, որն սկսվեց ազգային օրհներգի կատարմամբ, իսկ վերջում իր երգերով տոնական հավաքն էլ ավելի ջերմացրեց հանդիպման միակ աստղը`երգիչ Հարութ Փամբուկչյանը: Մինչ այդ ելույթ ունեցան կուսակցության բոլոր գլխավոր դեմքերը` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Վերջինս դրական գնահատելով քարոզարշավի ընթացքն ու ավարտը` հիշեցրեց, որ ժողովրդի ձայնից կախված` 2012-ի մայիսի 7-ը լինելու է մի ջրբաժան օր, որը կարող է մայիսի 9-ի և 28-ի նման ևս տոնվել հետագա տարիներին` ի նշան նոր Հայաստանի սկզբնավորման, ի նշան ժողովրդի ազատ կամքի դրսևորման ու համահայկական հաղթանակի: Րաֆֆի Հովհաննիսյանը նաև կարևորեց մեկ դրոշի ներքո հավաքվելու անհրաժեշտությունը, քանզի Հայաստանի պետական դրոշը մեր եռագույնն է, բոլորս պետք է խոնարհվեք մեր միակ ազգային դրոշի առաջ, և ցանկացած այլ դրոշ անընդունելի է և պառակտող ազգի համար: Այդ խոսքերից հետո առաջնորդը կռացավ և համբուրեց իր կողքը ծածանվող հայոց եռագույնը: Նա նաև հույս հայտնեց, որ այս ընտրություններից հետո Հայաստանն ունենալու է նոր նախարարներ, նոր մարզպետներ և համայնքապետեր, ովքեր աշխատելու են բացառապես ժողովրդի համար և մշտապես կանգնած են լինելու ժողովրդի կողքին: Իր գործընկեր Անահիտ Բախշյանին էլ ելույթի հրավիրելիս պարոն Հովհաննիսյանը ներկայացրեց իբրև կրթության ու գիտության ապագա նախարար: Ազատ դեմոկրատ, «Ժառանգության» համամասնական ցուցակում որպես պատգամավորության թեկնածու առաջադրված Ալեքսանդր Արզումանյանն էլ, խոսելով երկրում տիրող անարդարաությունների ու սոցիալական ծանր վիճակի մասին, կոչ արեց ժողովրդին իր ձայնը տալ հենց «Ժառանգություն» կուսակցությանը, քանի որ 5 տարի շարունակ հենց նա է եղել իսկական ընդդիմություն, և միայն նրա փոքրաթիվ պատգամավորներն են այս ամբողջ ընթացքում կանգնած եղել ժողովրդի կողքին, աշխատել հանուն շողովրդի շահի և անձնազոհաբար պայքարել քաղաքացիների ոտնահարված իրավունքների համար: Վերջում, ժառանգականները, զարգացնելով տիկին Բախշյանի` ապագայում նախարար դառնալու համոզմունքը` ակնարկեցին նաև Հայաստանի հաջորդ նախագահի մասին` նշելով Րաֆֆի Հովհաննիսյանը անունը, ով համեստորեն արձագանքեց դրան` փաստելով, որ այո’, Հայաստանի նոր նախագահն այսօր այստեղ է գտնվում, այս հրապարակում:

Վահե Մակարյան

Դիտվել է 788 անգամ:
Print Friendly

Leave a Reply