Նարեկ Հարթունյանի գործով վկաները հակասական ցուցմունքներ են տվել

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | May 3, 2012 19:24

Այսօր Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Նարեգ Հարթունյանի գործով դատական նիստը, որի ընթացքում, ինչպես հայտարարվել էր նախորդ  դատական նիստում,  պետք է հարցաքննվեին առաջին հինգ  վկաները:

Դատական նիստը վարող դատավոր Ալեքսանդր Ազարյանը ներկայացրեց վկաների իրավունքներն ու պարտականությունները:

Այնուհետեւ ցուցմունք տվեց «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության նախկին գանձապահ Աստղիկ Գրիգորյանը: Նա  հաստատեց, որ այն ժամանակահատվածում, երբ եղել են չարաշահումներ ընկերությունում, այն  փաստացի ղեկավարել է  Սեւակ Արզարունին:

Հաջորդը ցուցմունք տվեց  ընկերության նախկին տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանը:  Վերջինիս ցուցմունքն այնքան հակասական էր, որ անգամ  դատախազ Բագրատ Պետրոսյանն ինքը նշեց այդ մասին: Դատախազը մեջբերեց Արտյոմ Մարտիրոսյանի  դիմումից  հատվածներ, որը չէր համապատասխանում դատարանում նրա կողմից տրված ցուցմունքին: Հիշեցնենք, որ հենց այս դիմումի ու ցուցմունքի հիման վրա էլ Նարեգ Հարթունյանին կալանավորելու որոշում էր կայացվել:

Բացի հակասական ցուցմունք տալը Ա. Մարտիրոսյանը  նաեւ ակնհայտ թշնամանքով էր խոսում  Նարեգ Հարթունյանի մասին` վերջինիս անվանելով «ներվային», իսկ նրա գործողությունները` «հիստերիա»:  Ակնհայտ էր նաեւ, որ վկան անում էր ամեն ինչ` իրենից ամեն տեսակի կասկածներն ուղղելու դեպի Նարեկը:

«Թեեւ վկան փորձում էր շեղել իրենից սլաքը դեպի Նարեգը, սակայն  նա պարզապես չէր կարող չիմանալ այն խախտումների մասին, որոնք  ենթադրենք եղել են: Նա անընդհատ շեշտում էր Նարեկի անունը, մինչդեռ նույն խախտումներն արձանագրվել են հենց նրա օրոք:

Ոչ փաստացի, որ էլ իրավաբանորեն Նարեկը չի կառավարել ընկերությունը, իրավաբանական կապ չի ունեցել ընկերության հետ: Նա պարզապես զբաղված է եղել «Նարեկացի» արվեստի միության գործերով եւ չի մասնակցել ընկերության աշխատանքներին կամ էլ չի եղել Հայաստանում: Նարեկի` ընկերության հետ ունեցած միակ կապն այն է, որ նա սեփականատիրոջ` Գարաբեդ Հարությունյանի կրտսեր որդին է»-մեկնաբանելով վկայի ցուցմունքը` ասաց Նարեկ Հարթունյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Նրա խոսքերով  ստացվում է, որ Նարեկին մեղադրում են այն գործողությունների համար, որի համար միայն ու միայն կարող են մեղադրվել Սեւակ Արզարունին ու Արտյոմ Մարտիրոսյանը:

Ավելացնենք, որ թեեւ բոլոր փաստաթղթերում առկա է հենց Արտյոմ Մարտիրոսյանի ստորագրությունը, սակայն վերջինս հավաստիացնում է, թե չի իմացել` ինչ է ստորագրում: Նրա խոսքերով նա նույնիսկ իր աշխատավարձի չափը չի իմացել, այսինքն չի իմացել, թե որքան է նշված իր պայմանագրում:

Սակայն այս փաստն անգամ կասկածներ առաջացրեց, քանի որ իր ցուցմունքի սկզբում վկան նշեց, որ ինքը հիփոթեքային վարկ է վերցրել, իսկ դա անել առանց աշխատավարձի մասին տեղեկանքի գրեթե անհնար է: Ընդ որում այդ տեղեկանքը պետք է ստորագրած լիներ հենց ինքը` տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանը:

Ընդհանուր  առմամբ վկա Արտյոմ Մարտիրոսյանը  խուճապի մեջ էր, քանի որ  պաշտպանական կողմի մանրամասն հարցադրումներից ընկավ ծուղակը և ստիպված էր «թարմացնել» իր հիշողությունը, թե որտեղ ինչ է գրել  և ում  վերաբերյալ:

Ակնկալվում էր, որ այսօր կհարցաքննվեր նաեւ այս ամենի գլխավոր հեղինակ Սեւակ Արզարունին, սակայն ամբաստանյալներից Արթուր Գալստյանն իրեն վատ զգաց, եւ  դատավորը որոշեց դատական նիստը հետաձգել եւ նշանակել այն մայիսի 7-ին` ժամը 12-ին:

 

Դիտվել է 941 անգամ:
Print Friendly

Leave a Reply