Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների իններորդ լիագումար նիստը

Պաշտոնական, Օրվա լուր | | May 3, 2012 17:52

Մայիսի 3-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների իններորդ լիագումար նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան Եվրոպայի տնօրեն, գլխավոր բանակցող Գունար Վիգանդը:

Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ մինչ օրս բանակցվել և ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի տնտեսական, ֆինանսական և ոլորտային համագործակցությանն առնչվող 24 գլուխներ:

Բանակցությունների արդյունքում առաջընթաց գրանցվեց ապագա համաձայնագրի հիմնական նպատակների և սկզբունքների, ինչպես նաև քաղաքական երկխոսության, արտաքին և անվտանգության քաղաքականության և արդարադատության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

Լիագումար նիստին հաջորդեց Ասոցացման համաձայնագրի խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու /ԽՀԱԱԳ/ շուրջ բանակցությունների նախապատրաստական հանդիպումը: Հայկական կողմից ԽՀԱԱԳ բանակցությունները վարում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Նախատեսվում է, որ ԽՀԱԱԳ շուրջ բանակցությունների մեկնարկային հանդիպումը տեղի կունենա մայիսի վերջին Երևանում:

Դիտվել է 903 անգամ:
Print Friendly

Leave a Reply