Հարուցվել է քրեական գործ՝ պետական բյուջեից հատկացված գումարները հափշտակելու դեպքի առթիվ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 3, 2012 16:27

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ:
«Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Ռադիոկապ եւ Ռեզոնանս» եւ «Ֆիտոկան» ՍՊ ընկերությունները ՀՀ բնապահպանության, կրթության եւ գիտության նախարարությունների կարիքների համար ապրանքներ մատակարարելու նպատակով պետական բյուջեից ստացված գումարները հափշտակել են:
Մասնավորապես` «Ռադիոկապ եւ Ռեզոնանս» ՍՊ ընկերությունը 2008թ. ապրիլի 9-ի ԱԺՁԲ-08/37 պետական գնման պայմանագրով ՀՀ բնապահպանության նախարարության կարիքների համար լաբորատոր նյութեր եւ սարքավորումներ մատակարարելու նպատակով 2008թ. հոկտեմբերի 21-ին պետական բյուջեից որպես կանխավճար ստացել է 17 862 000 դրամ գումար, իսկ «Ֆիտոկան» ՍՊ ընկերությունը 2008թ. դեկտեմբերի 27-ի ՄԲԱԺՁԲ-08/40 պետական գնման պայմանագրով ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կարիքների համար ուսումնաօժանդակ գրականություն մատակարարելու նպատակով 2008թ. դեկտեմբերի 27-ին պետական բյուջեից որպես կանխավճար ստացել է 28 691 000 դրամ գումար:
Ստացված առանձնապես խոշոր չափերի գումարները նշված ընկերությունների փաստացի ղեկավարը /ի դեպ երկու ընկերությունների փաստացի ղեկավարը եւ տնօրենը նույն անձինք են/ տնօրենի օժանդակությամբ յուրացման եղանակով հափշտակել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտվել է 901 անգամ:
Print Friendly

Leave a Reply