32-ամյա Սառայի ամուսինը կնոջը ստիպել է գրություն թողնել , թե իր մահվան մեջ միայն ինքն է մեղավոր ու պահանջել, որ կախվի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 3, 2012 16:22

32-ամյա Սառա Սողոմոնյանի ամուսինը երեխաներից հաստ պարան (տռոս) է ուզել, որից հետո կնոջից պահանջել է գրություն գրել, թե իր մահվան մեջ միայն ինքն է մեղավոր, ստորագրել տվել եւ ստիպել, որ կախվի:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց 32-ամյա Սառա Սողոմոնյանը (հասկանալի պատճառներով անունները փոխված են) եւ ավելացրեց, որ այդ պահին վրա են հասել ոստիկանները եւ միայն այդկերպ է հաջողվել կենդանի մնալ:

Մինչ մանրամասներին անցնելը նշենք, որ Սառան ամուսնացել է 1997թ-ին երաժիշտի հետ եւ ունի 6 անչափահաս երեխա, սակայն ամուսինները համատեղ կյանքի ընթացքում տուն չեն ունեցել: Վերջինս խնդրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի երեխաների համար տուն հատկացնի: Սերժ Սարգսյանը հանձնարարել է, որ Սառայի հարցին լուծում տան եւ 2008թ-ին նրան հողամասի հետ միասին տնակ են հատկացրել խոստանալով, որ 1 ամսից նաեւ տուն կտան:

Սակայն ամուսինը դժգոհ լինելով տնակից, սկսել է խմել եւ դժգոհել, թե ինչու է այդ տնակը վերցրել: «Շատ էր ինձ նեղում, թե քո համաձայնությունն է եղել, որ դու այդ տնակը ես վերցրել: Բայց ինձ համար դա երեխաների հետ դրսում անցկացնելուց լավ էր: Այդ հողի վրա նա սկսեց խմել ու ինձ մեղադրել, թե քո պաշտոնավորները խաբել են ու իմ երեխաներին տունը չտվեցին»,- պատմեց Սառան: Ի դեպ, խմելու պատճառով ամուսնուն աշխատանքից հեռացրել են, նա էլ 2010թ-ին կնոջն ու երեխաներին ծեծելով տնից դուրս է հանել:

Մարզպետարանի միջոցով Սառայի երեխաներին տեղավորել են ՀՕՖ-ի կենտրոնում, իսկ Սառային` «Կանանց իրավունքների» պաշտպանության կենտրոնում, բայց մինչ այդ 5 օր գիշերել է դրսում:

«Ինչով հասել խփել է, մազերիցս բռնած գետնի վրա քարշ էր տալիսում պահանջելում, թե զանգեմ պաշտոնյաներին եւ ասեմ իմ տունը տվեք: Իր կոշիկի տեղը երեսիս վրա երկար ժամանակ տպված է եղել»,- հիշեց Սառան:

Ամուսինը տեղեկանալով, որ ընտանիքն իրենից վճռականապես հեռացել է, թույն է խմել, հետո էլ խնդրել կնոջը, թե հետ արի, առանց ձեզ չեմ կարող ապրել: «Երբ իմացա թույն է խմել, խղճիս ազդեց, ասացի, որ իմ պատճառով չպետք է մեռնի պետք է ապրի: Ես գնացի, որ իրեն փրկեմ եւ փրկեցի, որ երեխաներս հայր ունենան: Ես միշտ իմ ամուսնու հանդեպ խոնարհ եմ եղել: Կարելի է ասել խոնարհ ծառա: Դրա համար ներեցի»,- խոստովանեց Սառան: Այդ ընթացքում Սառան Սերժ Սարգսյանին հանդիպում է 2-րդ անգամ: «Կենտրոնական դարպասների մոտ, երբ նախագահն անցնում էր, ավտոմեքենան կանգնեցրեց, լսեց եւ հանձնարարեց, որ իմ գործերով զբաղվեն: Զանգահարեցին մեր մարզպետին եւ պայմանավորվեցին, որ գյուղում մարզպետը 3 ամսվա վարձը կվճարի եւ մի տուն հատկացնեն, իսկ ընտրություններից հետո արդեն այդ տունն առուվաճառք կանեն: Եվ այդ վարձով տունը արդյունքում կտան մեզ»,- շարունակեց Սառան:

Այսօր նրանց տան վարձի վերջնաժամկետը լրանում է, սակայն մինչ այդ նրա ամուսինը զանգահարում է մարզպետին եւ հիշեցնում, որ վերջնաժամկետը ավարտվում է, մարզպետն էլ խոստանում է, որ ընտրություններից հետո անպայման այդ հարցը կլուծի: Բացի այդ, ամուսինը դրամական օգնություն է խնդրում, որը մարզպետը չի մերժում, սակայն ամուսինը մարզպետի հետ հեռախոսազրույցից հետո խմում է եւ կանչում կնոջը:

«Գնացի նստեցի մոտը, ասաց ինչ-որ ասեմ պետք է անես: Ես էլ ասացի «հա», մենակ չծեծես: Դե հիվանդ էլ էի: Ասաց հիմա կզանգեմ մարզպետին, կտամ կասես. «Տո թքել եմ քո վրա էլ, քո տված գումարի վրա էլ: Ես էլ չէի կարող պաշտոնավորի հետ նման կերպ խոսել: Սկսեց ծեծել, մազերս քաշել: Այդ ժամանակ ստիպված միայն ասացի, որ պարոն մարզպետ ես ձեր գումարը չեմ ուզում ուղակի խնդրում եմ, որ իմ տան սեփականշնորհման թուղթը տաք: Ասացի ավելի լավ է նախընտրեմ ծեծը, քան թե էդ բառերը ես պաշտոնավորին ասեմ»,- լացակումած հիշում է Սառան:

Բարեբախտաբար մարզպետը Սառայի ձայնից հասկանում է, որ ինչ-որ բան այն չէ եւ զանգահարում է ոստիկանություն, խնդրելով այցելել նրանց տուն: Ոստիկանները վրա են հասնում այն պահին, որ արդեն ամուսինը փորձում է խեղդել Սառային: Կնոջը տանում են հիվանդանոց, իսկ ամուսնուն` ոստիկանություն:

Այդ օրը Սառան հիվանդանոցից դուրս գրվելով գնում է 5 երեխաներին վերցնում եւ տնից փախչում, սակայն մի երեխան ասում է, թե ինքը մնում է հոր մոտ: Այդ գիշեր Սառան երեխաների հետ գիշերում է փողոցում: Մինչեւ լույսը բացվում է գնում է գյուղապետարան եւ օգնություն խնդրում: Երեխաներին տեղավորում են գյուղապետարանի աթոռներին, որ քնեն: Հետո ամուսինը ոստիկանությունից դորս գալուց հետ փնտրում է նրանց, գալիս է գյուղապետարան եւ ծեծելով երեխաներին տանում :Սառան մարզպետարանում դիմում է գրում, որ երեխաներին տեղափոխեն ՀՕՖ-ի կենտրոն, իսկ իրեն տանում են «Կանանց Իրավունքների» կենտրոն: Մինչ այդ 5 օր ուրիշի գոմում է քնում, որ ամուսինը չգտնի:

Երեխաները դեռ ՀՕՖ-ի կենտրոնում են եւ մայիսի 3-ից հետ պետք է վերցնի: Ամուսինը թեեւ խնդրել է, որ Սառան հետ գնա, բայց վերջինս որոշել է, այլեւս հետ չգնա: «Թող գլխին տա, թե ինչ ընտանիք կորցրեց: Նա միշտ մտադրություն է ունեցել, որ ինձ սպանի»,-ասաց ն:

Հ.Գ. Այն բոլոր կանայք, ովքեր ընտանիքում ենթարկվում են հոգեբանական, ֆիզիկական, տնտեսական բռնության եւ ունեն իրավաբանական կամ հոգեբանական անվճար խորհրդատվության կարիք կարող են դիմել «Կանանց իրավունքների» կենտրոնի 24 ժամ գործող թեժ գծի հետեւյալ համարին` 010 54 28 28:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply