Մաշտոցի պուրակի կրպակներն աապամոնտաժվում են. հաղթանա՞կ, թե՞…

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 2, 2012 22:41

Կատարվեց այն, ինչի համար ամիսներ շարունակ պայքարում էին մի խումբ բնապահպան ակտիվիստներ, քաղաքացիներ ու կազմակերպություններ: Որոշում կայացվեց` ապամոնտաժել Մաշտոցի պուրակում գտնվող կրպակները:

Մայիսի 1-ին նախագահ Սերժ Սարգսյանը չնախատեսված կանգառ կատարեց Մաշտոցի պողոտայում, շրջեց պուրակում, դիտեց նոր տեղադրված տաղավարները:  Այնուհետև հենց պուրակում քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացրեց իր դիտարկումները, ավելի ճիշտ` դիտողությունները` խնդիր դնելով քաղաքապետի առաջ կարճ ժամանակահատվածում ապամոնտաժել կրպակները: ՙՏարո՛ն, Աբովյան փողոցը կրպակներից մաքրելը քո մեծ ձեռքբերումն է: Մեր բոլորի ձեռքբերումն է: Դու ճիշտ ես վարվել նաև մարդկանց սեփականության իրավունքի հետ կապված հարցերում: Այո՛, չի կարելի անօրինականությամբ օրինականություն հաստատել և չի կարելի անօրինական գործողություններով հարմարավետություն ստեղծել: Ամեն ինչ շատ ճիշտ ես արել: Ճիշտ ես վարվել նաև այն առումով, որ ժամանակավոր որոշում ես կայացրել: Փաստորեն, 2-3 տարում այստեղից պետք է հանվեր այս ամբողջը, բայց, Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ՚,- հայրաբար խրատեց ու հորդորեց Սերժ Սարգսյանը երիտասարդ քաղաքապետին:

Այնուհետև նախագահը նշեց, որ տվյալ իրավիճակում կրպակներն ապամոնտաժելու մասին որոշումը ճիշտ կլինի. ՙԻրոք, գեղեցիկ չէ, և լավ կլինի, որ ձևը գտնես, այս ամենն ապամոնտաժեք, 2-3 տարի այս պատկերը չի կարող մեր ՙաչքը շոյել՚, իսկ մենք ասել ենք, որ ամբողջ Երևանում աչք շոյող կառույցներ պետք է լինեն, կրկնում եմ՝ օրինական ճանապարհով՚:

Այդ ժամանակ հանրապետության ղեկավարին մոտեցավ նաև Մաշտոցի պուրակի բնապահպան ակտիվիստներից մեկը և նրա կարծիքը հարցրեց պուրակում ժամանակավորապես տեղադրված տաղավարների մասին: Սերժ Սարգսյանը կրկնեց իր դիրքորոշումը և տեղեկացրեց քաղաքապետին տված ցուցումի մասին: ՙԱյո՛, մեզնից յուրաքանչյուրը ցանկանում է, որ իր քաղաքը գեղեցիկ լինի, որ բոլոր բնապահպանական կանոնները պահպանվեն, բայց այդ ամբողջը պետք է անենք օրինական ճանապարհով: Սա՛ է իմ մոտեցումը՚,- նշեց Սերժ Սարգսյանը:

Քաղաքապետի` կրպակներն ապամոնտաժելու մասին որոշումը չուշացավ. մայիսի 2-ին Տարոն Մարգարյանի 02.05.2012 թ. թիվ 3635-Ա որոշմամբ ուժը կորցրած ճանաչվեց Երևան քաղաքի ենթակայության ՙԿենտրոն-Կանաչապատում՚ ՓԲ ընկերությանը 15.12.2011 թ. տրամադրված տաղավարների տեղադրման թույլտվությունը, ապա նույն ընկերությանը հանձնարարվեց ապամոնտաժել վերոնշյալ տարածքում ընկերության կողմից տեղադրված տաղավարները և իրականացնել բարեկարգման աշխատանքներ:

Սակայն պարզվում է, որ բնապահպան ակտիվիստներն այս որոշումը դեռևս հաղթանակ չեն համարում: Բնապահպան ակտիվիստ, իրավաբան Արթուր Գրիգորյանը ՙԱնկախի՚  հետ զրույցում կարծիք հայտնեց, թե դա նախագահի կողմից նախընտրական շրջանակներում իրականացված փիար ակցիա էր, իսկ հաղթանակ իրենք կտոնեն այն ժամանակ, երբ այդ ողջ գործընթացին տրվի իրավական գնահատական, և օրինախախտները պատժվեն:

Կպատժվե՞ն օրինախախտները, թե ոչ, պարզ կլինի ապագայում, իսկ ներկայում հայտնի է մի բան՝  Մաշտոցի այգու կրպակներն արդեն ապամոնտաժվում են: Երեկ երեկոյան, երբ մեկնարկեց ապամոնտաժման գործընթացը, այգում էին նաև մի խումբ բնապահպան ակտիվիստներ, ովքեր բավականին ոգևորված, այդ ֆոնի վրա լուսանկարվում և ողջագուրվում էին:

Դիտվել է 1614 անգամ:
Print Friendly

Leave a Reply