Երեխային մանկապարտեզ տանելն էլ դարձավ ճոխություն. գերբեռնվածության պատճառով բազմաթիվ երեխաներ դուրս են մնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | May 9, 2012 13:53

Մայրաքաղաքում այսօր 162 պետական մանկապարտեզ կա, որոնք Երևանի քաղաքապետարանի ծրագրով նախորդ տարվանից  սկսեցին գործել անվճար սկզբունքով: Նախկինում թեև մանկապարտեզների ամսավճարը, մասնավորների համեմատ, փոքր գումար էր կազմում` շուրջ 5-7 հազար դրամ, այնուամենայնիվ, նշանակալի էր անվճարունակ ընտանիքների համար: Մանկապարտեզների անվճար դառնալուն զուգընթաց` երեխաների համատարած հոսք սկսվեց դեպի նախակրթական հաստատություններ: Ավելացավ ընդունվել ցանկացող այն երեխաների թիվը, որոնք վարձավճարը մուծելու խնդիր ունեին: Խոստովանենք, որ այս բարեփոխումը  գուցե տարիներ առաջ անիրականանալի երազանք թվար հայ ազգաբնակչության համար:

Սակայն ընդունելության հետ կապված խնդիրները կարծես հստակ կանոնակարգված չեն, և յուրաքանչյուր հաստատության տնօրեն  ընդունելության հայտ ներկայացնող ծնողներին իր պարզաբանումն է տալիս` անորոշության մատնելով երեխային մանկապարտեզ ընդունելու ստույգ ժամկետը: Մի շարք ծնողներ գանգատվում են, որ չգիտեն, թե երբ է գալու երեխային մանկապարտեզ ընդունելու հերթը: Տնօրեններից շատերը տրտնջալով,  բայց քաղաքավարությամբ պարզաբանում են, որ թափուր տեղեր չունեն, և գերծանրաբեռնվածությունը նոր ընդունելություն կատարելու հնարավորություն չի տալիս: Մի քանի տնօրեններ էլ ակնարկում են, որ  սեպտեմբեր ամսից շուտ անհնար է ընդունելություն կատարել: Շատերն էլ հավաստիացնում են, որ ըստ օրենքի` իրենք իրավունք չունեն նոր ուսումնական տարվանից շուտ ընդունելություն գրանցել:

Այսինքն, եթե երեխայի մանկապարտեզ ընդունվելու նվազագույն տարիքը` երկու տարեկանը, լրանում է, ասենք, հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին, ստացվում է, որ  ծնողը պետք է մի ամբողջ տարի սպասի, որ սեպտեմբեր ամսին նոր միայն երեխան մանկապարտեզ հաճախի:

Ներկա պահին  հերթագրված է 7500 երեխա, որոնց մանկապարտեզ ընդունվելու ստույգ ժամկետն անորոշ է:

Ի՞նչ է արվում մանկապարտեզները բոլորին մատչելի դարձնելու և առհասարակ ստեղծված պահանջարկը բավարարելու ուղղությամբ:

Այն փաստը, որ  մանկապարտեզներում նորմատիվ խախտումներ են արձանագրվում, հաստատեց նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Ըստ սահմանված նորմերի` յուրաքանչյուր խմբում երեխաների թվաքանակը չպիտի գերազանցի 25-ը, մինչդեռ շատ մանկապարտեզներում այդ թիվը հասնում է նույնիսկ 40-ի, և դժվար լուծելի խնդիր է դառնում երեխաներին միաժամանակ քնացնելը: «Ծնողներից շատերը նույնիսկ պատրաստ են գրավոր համաձայնություն ստորագրել, որ իրենց երեխան կարող է և չքնել, այլ գտնվել միայն վերահսկողության տակ, միայն թե մանկապարտեզ հաճախի: Չես կարող տվյալ պարագայում ծնողին չընդառաջել»,- ասում է տկն Սողոմոնյանը:

Կան մանկապարտեզներ, որոնք ընդհանրապես մսուր խմբակներ չունեն, կամ եղածներն էլ գերհբեռնված են: Այս հանգամանքը պաշտոնյան պարզաբանում է հետևյալ կերպ: Հավելյալ մսուր խմբակներ բացվում են այն մանկապարտեզներում, որտեղ դիմում ներկայացրած երեխաների նվազագույն քանակ է ապահովվում, մի քանի հոգու համար նպատակահարմար չէ նոր խումբ բացելը: Իսկ այն, որ սեպտեմբեր ամսից շուտ բացառվում է երեխային մանկապարտեզ ընդունելը, նա ճիշտ չհամարեց և պարզաբանեց, որ ըստ ընդունելության կանոնակարգի` երեխան կարող է մանկապարտեզ հաճախել յուրաքանչյուր ամսվա աշխատանքային առաջին երեք օրերի ընթացքում, հակառակը կդիտվի օրենքի կոպիտ խախտում: Իսկ սեպտեմբեր ամիսը գուցե որոշ մանկապարտեզներում վճռորոշ ամիս է այն առումով, որ ամռան ընթացքում նախադպրոցական տարիքի երեխաները ավարտում են մանկապարտեզը, և միանգամից մի քանի ավագ խմբեր են ազատվում: Ուստի այդ ժամանակաշրջանում նոր հնարավոր է դառնում տարվա ընթացքում հերթագրված երեխաների գոնե առաջին մասի հոսքն ապահովելը: Իսկ հերթագրումը կատարվում է տարվա ցանկացած օր, առանց սահմանափակման:

Մինչև 2011 թ. ապրիլի 1-ը մայրաքաղաքում մանկապարտեզ էր հաճախում   25 000 երեխա, իսկ անվճար դառնալուց հետո այդ թիվը կտրուկ աճեց` հասնելով  28 370-ի: «Հաճախող երեխաների այդ թիվն ավելի կմեծանար, եթե մինչ այս ժամանակահատվածը մանկապարտեզների տարածքները տրված չլինեին վարձակալության: Մանկապարտեզի հսկայական մասնաշենքեր և խմբասենյակներ տրվել են անհատույց վարձակալման մինչև 2023 թ.: Այժմ վարձակալված տարածքների ժամկետները լրանալուց հետո պայմանագրերը չեն երկարացվում, և հետ վերցրած տարածքները շահագործում ենք մանկապարտեզների համար»,- նշեց տկն Սողոմոնյանը: Նրա տեղեկացմամբ` մանկապարտեզների անվճար համակարգի գործունեությունը հանգեցրել է մի շարք դրական արդյունքների: Մասնավորապես, անցյալ տարվանից սկսեցին ընթանալ գույքագրման աշխատանքներ` հասկանալու համար, թե մանկապարտեզների որ տարածքները կարող են հետ վերցվել: Դրանց որոշ մասը հաջողվել է հետ ստանալ վարձակալի անբարեխղճության և այլ պատճառներով:

Նախկինում, ինչպես հիշեցրեց հանրակթության վարչության պետը, մանկապարտեզները ջեռուցման խնդիր ունեին. նրանց որոշ մասը ջեռուցվում էր փայտե վառարանների միջոցով, մի մասն էլ առհասարակ չէր ջեռուցվում: Իսկ վառարաններով տարածքն ամբողջովին չէր տաքացվում: Քաղաքապետարանի ծրագրով  երկու տարի առաջ մանկապարտեզների զգալի մասում հաջողվեց ջեռուցման հարցը լուծել, դրանք ջեռուցվեցին արդիական կաթսաների համակարգերով: Այժմ արդեն բոլորն անխտիր ջեռուցվում են: Իսկ 2011 թ. շենքերի հիմնանորոգման ծրագրով տարբեր վարչական շրջանների 8 մանկապարտեզներում իրականացվեցին շինարարական աշխատանքներ և սանհանգույցների վերանորոգում:

«Այս տարվա ծրագրով բավական շոշափելի արդյունքներ ունենք: 15 մանկապարտեզներում ընթանալու են հիմնանորոգման աշխատանքներ, ինչն արդեն հաստատվել է բյուջեով:  Սկզբունքորեն ընտրում ենք այն մանկապարտեզները, որոնք երեխաների թվաքանակով շատ մեծ են և անմխիթար վիճակում են: Հասնելու ենք այն կետին, որ ոչ մի մանկապարտեզ անմասն չմնա վերանորոգման աշխատանքներից: Այս տարի քաղաքապետի հանձնարարությամբ իրականացվելու է նաև գույքային ծրագիր: Մեծ թվով մանկապարտեզներում գույքն անհիշելի ժամանակներից չի թարմացվել, ուստի այժմ մանկապարտեզներին բաշխում ենք սեղաններ և աթոռներ, արդեն հատկացվել են 141  սեղան և 846 աթոռ, ինչպես նաև` եռահարկ մահճակալներ, որոնց կարիքը բավական մեծ էր: Իսկ «Օգնի՛ր մանկապարտեզին» կայքի շնորհիվ հնարավորություն ընձեռվեց սառնարաններ ձեռք բերելու ծնողական համայքների ներդրումների շնորհիվ: Թարմացվեցին պատուհաններն ու դռները: Եթե ծնողները համագործակցում են մանկապարտեզների հետ, ուրեմն մանակապարտեզները կարողանում են վստահություն ներշնչել»,- նշեց տկն Սողոմոնյանը:

Ինչ վերաբերում է սննդի վերահսկողության խնդրին, ինչը միշտ էլ եղել է տվյալ հաստատություններում, ապա այն ավելի քան լուծվել է: Նախորդ տարվա աշնանը լուրջ ուսումնասիրություններ են կատարվել այս ոլորտում, և քաղաքապետարանի ու համապատասխան գերատեսչության աշխատակիցների աջակցությամբ մշակվել է երեխաների սննդակարգը, սահմանվել է կալորիականության չափաբաժնով կերակրացանկ: Այդ ճաշացանկը տրված է բոլոր մանկապարտեզներին: Զրուցակիցս հավաստեց, որ վերահսկողությունն այս ոլորտում հասցված է առավելագույնի, մանկապարտեզներում հաճախակի լինում են պատահական այցելություններ: Այս մեխանիզմով հնարավոր է եղել խախտումներ արձանագրել, որոշ տնօրեններ ազատվել են աշխատանքից, իսկ ոմանց նկատմամբ սահմանվել են կարգապահական տույժեր:

«Այսօր ես չեմ վարանում ասել, որ սննդի առումով մանկապարտեզներում ամեն ինչ հոյակապ է, նախկինի պես խախտումներ չեմ նկատում և լավ տրամադրությամբ եմ հեռանում: Նախկինում սննդակարգը բարձիթողի վիճակում էր: 90- ականներից մանկապարտեզներում ինչ ձեռքներն ընկնում էր, տալիս էին երեխաներին, դա դարձել էր ավանդույթ: Վերապատրաստված չէին և՛ խոհարարները, և՛ բուժանձնակազմը, որոնք քաղաքապետարանի բյուջեով վերապատրաստում անցան: Ըստ մշակված ռազմավարության` այժմ հստակ է դառնում, թե տվյալ մանկապարտեզում քանի երեխա կա, քանիսն է հաճախում կամ ինչու չի հաճախում, նույնիսկ արձանագրվում է երեխայի մանկապարտեզից դուրս գալու ժամը: Լիովին ապահովված են իրավական նորմատիվները, փոխվել է նաև տնօրենների աշխատաոճը, որոնք ամենայն պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց աշխատանքին»,- հավաստեց Գայանե Սողոմոնյանը:

Նա հուսադրեց, որ գերհագեցվածությունը մանկապարտեզներում կամաց-կամաց կկանոնակարգվի, և նոր տարածքների հատկացման  շնորհիվ մանկապարտեզը հասանելի կդառնա անխտիր բոլոր երեխաների համար: Նա հորդորեց ծնողներին վաղօրոք կատարել երեխայի հերթագրումը, որպեսզի ավելի ստույգ ուրվագծվի երեխայի ընդունելության ժամանակաշրջանը:

Ինչ վերաբերում է մասնավոր նախակրթարաններին, որտեղ սովորաբար մսուր խմբակներն ավելի շատ են, ապա նշենք, որ մայրաքաղաքում դրանք 10-ն  են, իսկ ամսավճարները` բավականաչափ թանկ: Շատերս հակված էինք կարծելու, որ անվճար մանկապարտեզների առկայության  շնորհիվ ստեղծված մրցակցության պայմաններում մասնավորների վարձավճարները, որոնք տատնվում են 60-80 հազարի միջև, փոքր-ինչ կնվազեն, սակայն պատկերն անփոփոխ մնաց: Տկն Գայանեի կարծիքով` այդ մանկապարտեզներ երեխաներին ուղարկում են   ձևավորված մենթալիտետի և ավելորդ ինքնահաստատման, իմիջի, անունի կամ այլ հանգամանքների բերումով: «Սակայն, ոչ ի վնաս մասնավոր մանկապարտեզների, կարող եմ վստահեցնել, որ այն կրթությունն ու դաստիարակության նորմատիվները, որոնք ապահովված են պետական մանկապարտեզներում, ներառյալ սննդակարգը, ռեժիմն ու ամենօրյա վերահսկողությունը, բացակայում են մասնավոր նախկրթական հաստատություններում»:

 

 Լ.Ն

Դիտվել է 3170 անգամ:
Print Friendly

Leave a Reply