Խուսափելով աբսենտեիզմից` ցուցաբերենք իրավական բարձր մշակույթ

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | May 5, 2012 15:49

Ցանկացած բնույթի ընտրություն տվյալ երկրի համար կարևոր նշանակություն ունեցող իրադարձություն է, ընդ որում այնպիսին, որ դրա անցկացման բարձր մակարդակը և ցուցաբերած ակտիվությունը կախված է հենց քաղաքացիներից: Աշխարհում քիչ չեն դեպքերը, երբ որոշակի հանգամանքներով պայմանավորված` քաղաքացիները խուսափում են ընտրություններին մասնակցելուց: Մասնագիտական գրականության մեջ ընտրություններին ընտրողների չներկայանալը ստացել է «աբսենտեիզմ» անվանումը: Ընտրություններին ընտրողների չներկայանալու հիմնական պատճառը նրանց անտարբերությունն է և հավատի բացակայությունը ընտրությունների հավանական արդյունքների հանդեպ: Չմասնակցելով ընտրություններին` մարդիկ ցանկանում են արտահայտել իրենց դժգոհությունը, հիասթափությունը ինչպես իշխանությունների քաղաքական և պրակտիկ գործունեությունից, այնպես էլ ընդդիմության թեկնածուների, կուսակցությունների ծրագրերից և քաղաքական պլատֆորմից, ընտրությունների միջոցով ինչ-որ բան փոխելու անվստահությունը կամ էլ կասկածում են ընտրությունների անցկացման ազնիվ բնույթին:

Ընտրողների մի մասը, հատկապես գյուղական վայրերում, նախընտրում են ընտրությունների օրը շարունակել զբաղվել տնային, դաշտային աշխատանքներով և այլն: Սակայն  նման մարդկանց թիվը փոքր է, քանի որ ՀՀ-ում անցկացված ընտրությունների վիճակագրական տվյալներն ուսումնասիրելով` հանգում ենք այն եզրակացության, որ գյուղերում մասնակցությունն ընտրություններին կազմում է ավելի բարձր ցուցանիշ, ինչ չենք կարող ասել, օրինակ, քաղաքների մասին: Դրանից բացի, տարբեր մարզերում սովորաբար գոյություն ունի տրանսպորտի խնդիր, առավել ևս, եթե քվեարկության համար նախատեսված կետը տեղակայված է ընտրողների համար ոչ հարմար վայրում կամ ճանապարհը դժվարանցանելի է, քվեարկությունն անց է կացվում ոչ հարմար ժամերի և այլն: Շատերը չեն մասնակցում քվեարկությանը` վախենալով քաղաքական միջադեպերից և բախումներից, մյուսները` քաղաքական հակառակորդների կողմից շանտաժի և ճնշման պատճառով: Պաշտոնական դոկտրինան աբսենտեիստներին մեղադրում է «ժողովրդավարական ընտրությունների արժեքը» չհասկանալու մեջ: Նրանցից շատերը իսկապես չեն հասկանում նախընտրական պայքարի հարցերը, կոնկրետ ծրագրերը և թեկնածուների խոստումները, իրենց իրավունքները և պարտականությունները ընտրություններում և այլն: Դրանով հանդերձ, աբսենտեիզմ երևույթը կարող է ինքնին ընտրարշավի և նրա մասնակիցների համբավի բացակայության ցուցանիշ լինել:

Մյուս կողմից, որպեսզի արհեստականորեն բարձրացնեն ընտրողների ակտիվությունը ընտրություններում, որոշ երկրներ (օրինակ` Ավստրալիա, Ավստրիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Իտալիա, լատինաամերիկյան երկրներ) օրենսդրական կարգով մտցնում են պարտադիր քվեարկության կարգ: Տվյալ դեպքում ընտրությունները որակվում են որպես «հասարակական գործառույթ», որն իր մեջ ներառում է ոչ միայն քաղաքացիների ընտրելու իրավունք, այլև պարտականություն: Պարտադիր քվեարկություն մտցնելու քաղաքական իմաստը քվեարկողների թվի արհեստական մեծացումը և աբսենտեիզմ երևույթի չեզոքացումն է: Քաղաքական պրակտիկան ակներևաբար ցույց է տալիս, որ պարտադիր քվեարկությունն օգնում է քաղաքական կուսակցություններին ստանալու նույնիսկ այն ընտրողների ձայները, որոնք ակտիվ մասնակցություն չեն ցուցաբերում երկրի քաղաքական կյանքին կամ որևէ համակրանք չունեն ինչ-որ կուսակցության նկատմամբ: Այս սկզբունքի գործողության պայմաններում օրենքով նախատեսվում են որոշակի պատժամիջոցներ այն քաղաքացիների նկատմամբ, որոնք խուսափում են քվեարկությանը մասնակցելուց: Այդպիսի պատժամիջոցներ կարող են լինել որոշակի ժամանակահատվածում գործարար պայմանագրերի կնքումը խոչընդոտելը, այլ սահմանափակումները ձեռնարկատիրական գործունեության մեջ, պետական ապարատում ծառայության չընդունելը, դրամական տուգանքը, նույնիսկ` ազատազրկումը:

Սակայն ուրախությամբ կարելի է փաստել, որ ՀՀ գործող օրենսդրությունը չի նախատեսում որևէ պարտադրանք ընտրություններին մասնակցելու համար կամ պատիժ դրանից խուսափելու դեպքում, այսինքն` ՀՀ-ում ընտրելը ոչ թե պարտականություն է, այլ իրավունք: Սա, կարծում ենք, ժողովրդավարական ուղեգծի այն շարունակությունն է, որը սկսվել է երկու տասնամյակ առաջ և շարունակվում է նաև այսօր: Այսօր ավելի, քան երբևէ ընտրություններին քաղաքացիների ակտիվ մասնակցությունն ունի խիստ կարևոր նշանակություն և՛ տեղական իշխանությունների հանդեպ վստահությունը ամրապնդելու, և՛ արտաքին աշխարհին ևս մեկ անգամ ապացուցելու, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես երկու տասնամյակ առաջ, այնպես էլ հիմա շարունակում է ամրապնդել այն հիմքերը, որոնք  հնարավորություն կտան կառուցելու այնպիսի իրավական, ժողովրդավարական և սոցիալական պետություն, ինչպիսին նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ: Դրանից բացի, քաղաքացիներն իրենց ակտիվությամբ պետք է նպաստեն Սահմանադրության նորմերի կենսագործմանը, քանի որ մի բան է ունենալ Սահմանադրություն, մեկ այլ բան է այդ Սահմանադրությունը կյանքի կոչել, երկրում հաստատել սահմանադրականություն: Ուրեմն, ՀՀ քաղաքացիները, անկախ իրենց գտնվելու վայրից, պետք է ակտիվ մասնակցություն ցուցաբերեն ընտրություններին` ևս մեկ անգամ ապացուցելով, որ տեր են իրենց նախնիների կայացրած որոշման անփոփոխելիությանը, դրա շարունակականությանը, և ՀՀ-ում ձևավորված իրավական մշակույթն արդեն զարգացում է ապրում:

                                                                                       Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 1844 անգամ:
Print Friendly

Leave a Reply