Սաբիհա Գյոկչեն

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 10, 2012 7:42

Հայերի ցեղասպանության ժամանակ շատերը բռնի իսլամացան: Քիչ չէին նաև այն անձինք, որոնք իսլամ ընդունեցին «կամավոր»` իրենց կյանքն ու ինչքը փրկելու համար: Ցեղասպանությունից մազապուրծ շատ հայեր, որոնք հայտնվեցին մահմեդականների ընտանիքներում կամ ոչ հայկական որբանոցներում, անդարձ կորան հայության և Հայաստանի համար: Միայն մեր օրերում` ցեղասպանությունից մի դար անց, շատերը վերադառնում են նախնյաց հավատքին ու ինքնությանը: Բայց, ցավոք, նրանք չնչին տոկոսն են կազմում հարյուրհազարավոր կորուսյալների մեջ, որոնք ոչ միայն հավերժ հեռացել են հայությունից, այլև այսօր թուրքի ու Թուրքիայի հպարտությունն են մարմնավորում:

Նրանցից է Սաբիհա Գյոկչեն, որ հայասպան Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հոգեզավակն էր և Թուրքիայի պատմության մեջ առաջին կին օդաչուն, ազգային հերոս: Սաբիհան նաև աշխարհում առաջին կին ռազմական օդաչուն էր: Նրա անունով է կոչվում Անկարայի օդանավակայանը:

Սաբիհա Գյոկչենի մասին առաջինը գրեց «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը: Նրա հոդվածը իսկական պայթյուն և խուճապ առաջացրեց թուրքական հասարակության մեջ: Թուրքական «Հյուրիեթ» օրաթերթը մի քանի անգամ վերատպեց «Ակոսի» հոդվածը: Թուրքերն ամենուր հայ էին որոնում: Հրանտ Դինքը Գյոկչենի մասին հրապարակումով խարխլեց թուրքական հասարակության հավատո հանգանակը: Թուրքերը, որ այդպես հիանում ու հպարտանում էին իրենց հերոսով, խոր հիասթափություն ապրեցին: Շատերն էլ իրենց աչքերն ավելի լայն բացեցին և սկսեցին որոնել իրենց արմատները հասկանալու համար, թե ով են իրականում:

Թուրքական պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ Սաբիհա Գյոկչենը ծնվել է 1913 թ. մարտի 22-ին Բուրսայում: Նրա հայրը համարվում էր ոմն Մուստաֆա Իզեթ, մոր անունը Հայրիեն էր: Նա վաղ տարիքում կորցրել է ծնողներին, մնացել ավագ եղբոր խնամքին: 1925 թ. նրան որդեգրել է Բուրսա ժամանած Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը և իր հետ Անկարա տարել: Հենց Քեմալի կամքով էլ Սաբիհան ռազմական կրթություն է ստացել և օդաչու դարձել: Սա պաշտոնական վարկածն է:

Իրականում Սաբիհա Գյոկչեն ծնվել է Այնթապի Զիբին գյուղում: Ցեղասպանության ժամանակ կորցնելով ծնողներին` նա հայտնվել է թուրքական որբանոցում:

Սաբիհայի մասին 2004 թ. տպագրվեց «Ակոս» օրաթերթում: Համաձայն «Ակոսի»` երևանաբնակ Հռիփսիմե Սեբիլջյանը հայտարարել է, որ Սաբիհա Գյոկչենն իր հարազատ մորաքույրն է: Հռիփսիմեն թերթին պատմել է իր մոր` Տիրուհի Սեբիլջյանի պատմությունը:

Տիրուհի Սեբիլջյանի հայրը` Ներսեսը, և մայրը` Մարիամը, Այնթապից էին և զոհվել են ցեղասպանության ժամանակ` 1915 թ.: Ծնողների մահից հետո նրանց անչափահաս աղջիկները` Տիրուհի և Խաթուն Սեբիլջյանները հայտնվել են թուրքական որբանոցում, որտեղից էլ Խաթուն Սեբիլջյանին որդեգրել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը:

1946 թ. Տիրուհի Սեբիլջյանը Սիրիայից այլ հայերի հետ ներգաղթում է Խորհրդային Հայաստան: Նա շարունակ ցանկացել է կապ պահպանել իր անվանի քրոջ հետ, սակայն նրա փորձերն ապարդյուն են անցել: Սաբիհան չի արձագանքել…

Իրականում ինքը` Սաբիհա Գյոկչենը, իմացել է իր հայկական ծագումը: Այդ մասին, ինչպես նշում է պատմաբան Ռուբեն Մելքոնյանն իր «Հայերի բռնի իսլամացումը ցեղասպանության տարիներին» գրքում, վկայել է թուրքահայ լեզվաբան, պատմաբան Բարս Թուղլաջին (Բարսեղ Թուղլաջյան): Անվանի պատմաբանը մտերիմ է եղել Սաբիհայի հետ և հաճախ է շփվել նրա հետ: Նրա վկայությամբ, Սաբիհան անգամ մի քանի հայերեն բառեր է հիշել և արտասանել իրենց զրույցի ժամանակ:

Սաբիհայի հայկական արմատների մասին որևէ այլ արժանահավատ փաստ, ցավոք, չունենք: Սակայն Սաբիհա Գյոկչենը ժամանակին առնչվել է հայությանն ու հայկական խնդրին նաև «մասնագիտական տեսանկյունից»` որպես մարդասպան ենիչերի: Նա 1938 թ. իր կործանիչով ռմբակոծել է Դերսիմի ապստամբներին` օգնելով թուրքական բանակին վերահսկողություն սահմանել Դերսիմում, ճնշել ալևիների ապստամբությունն ու նոր ցեղասպանություն իրագործել այնտեղ:

«Ակոսի» հրապարակումից հետո թուրքական հասարակությունն այնքան ցնցված էր, որ հատուկ հայտարարությամբ հանդես եկավ նաև թուրքական բանակի գլխավոր շտաբը` բնականաբար Սաբիհա Գյոկչենի հայկական ծագման մասին վարկածն ու խոսակցությունները համարելով անհեթեթություն:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 1909 անգամ:
Print Friendly

Leave a Reply