Լազար Սերեբրյակով

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 9, 2012 7:39

Հայը պատմության մեջ հայտնի է ոչ միայն որպես շինարար, այլև որպես ռազմիկ: Հայի սուրը նաև օտար բանակներում է փայլատակել: Հայաստանը ծով չունի, բայց շատ հայորդիներ փայլեցին նաև ծովում ու օվկիանոսում` հեծելազորի փոխարեն  մարտի առաջնորդելով տորմիղներ:

Հայ ծովակալների փայլուն համաստեղության մեջ իր վառ աստղն ունի ռուսական ռազմածովային ուժերի ծովակալ Լազար Սերեբրյակովը:

Լազար Սերեբրյակովը (Ղազար Մարկոսի Արծաթագործյան) ծնվել է 1792 թ. ապրիլի 30-ին Ղրիմի Ղարասուբազար (այժմ` Բելոգորսկ) քաղաքում, կաթոլիկ արհեստավոր Մարկոս Կյումուշլու ընտանիքում: Սերեբրյակովների գերդաստանը 1750 ական թթ. էր հաստատվել Ղրիմում, ուր նրանք տեղափոխվել էին Դնեպրի շրջանից:

Ապագա ծովակալը քաղաքում հայտնի ու հարգված ընտանիքի զավակ էր: Նրա հայրը` Մարկոսը, ակտիվ հասարակական կյանքով էր ապրում և մեծ հարգանք էր վայելում ողջ Ղրիմում:

Նախնական կրթությունը Լազար Սերեբրյակովն ստացել է Ղարասուբազարի հայկական ծխական դպրոցում, ապա` Օդեսայի լիցեյում:

Դեռ պատանեկան տարիներից Ղազարին ձգում էր ծովը, և նա 18 տարեկանում  իր եղբայր Գրիգորի հետ կամավոր ծառայության անցավ Սևծովյան նավատորմում: Աշխատասիրության և օժտվածության շնորհիվ արագ բարձրանալով ծառայողական սանդղակով` 1815 թ. նա ստանում է միչմանի, իսկ 1820 թ.` լեյտենանտի աստիճան:

1828 թ. Սերեբրյակովը նշանակվում է Ռուսաստանի գլխավոր ծովային շտապի պետ Ա.Մենշիկովի համհարզ: Նույն թվականին նա գործուն մասնակցություն է ունենում ռուս-թուրքական պատերազմին` ծովային դեսանտը ափ հանելով Անապայում:

Հետագայում նա աչքի ընկավ նաև Վառնայի համար մղված մարտերում: Այս պատերազմում փայլեց Սերեբրյակովի հանճարը: Նա բազում ճակատամարտերում աչքի ընկավ անձնական քաջությամբ ու խիզախությամբ: Հատկապես Անապայի գրավման ժամանակ ցուցաբեած քաջության համար Սերեբրյակովին շնորհվեց գերված թուրքական դրոշները ռուսաց կայսր Նիկոլայ Ա-ին հանձնելու պատիվը: Կայսրը Սերեբրյակովին ընդունեց մեծ պատիվներով և նրան պարգևատրեց Սբ Աննայի չորրորդ աստիճանի շքանշանով:

Հետագայում Սերեբրյակովն աչքի ընկավ նաև դիվանագիտության ասպարեզում, երբ 1833 թ. կայսեր հանձնարարությամբ հատուկ առաքելությամբ մեկնեց Կոստանդնուպոլիս, ապա այնտեղից անցավ Բալկաններ: Նա այստեղ մնաց երեք տարի` նշանակվելով Բալկանների մատույցներում գործող ռուսական կորպուսի պարետ: 1836 թ. Լազար Սերեբրյակովը նշանակում ստացավ Սևծովյան նավատորմում և մեկնեց Կովկաս, ուր նրա գործունեության մեջ էր մտնում նաև Ռուսաստանի ամրապնդումը Սևծովյան ծովափին և լեռնականների դեմ պայքարը:

Սերեբրյակովն արդեն 1848 թ. Սևծովյան նավատորմի փոխծովակալ էր, իսկ Ղրիմի պատերազմում ցուցաբերած հերոսության համար 1856 թ. կայսերական հրամանով ստանձնեց Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատարությունը:

Իսկ մինչ այդ…

Ռուսաստանի կառավարությունը Կովկասում իր դերքերն ամրապնդելու համար ձեռնամուխ եղավ Սև ծովի ափամերձ տարածքների ամրապնդմանը: 1838 թ. կառավարությունը ձեռնամուխ եղավ Նովոռոսիյսկի հիմնադրմանը: Նույն տարին Սևծովյան ափային գծի հրամանատար նշանակվեց  Լ. Սերեբրյակովը, որն ի պաշտոնե պետք է նաև ղեկավարեր քաղաքի շինարարության ընթացքը: Կարճ ժամանակում Սերեբրյակովն այստեղ հզոր ռազմաբազա կառուցեց: Նա հոգ տարավ քաղաքի կառուցապատման, բարեկարգման և հաղորդակցության ձևավորման համար: Անգամ հոգ տարավ, որ Նովոռոսիյսկն իր քաղաքային գրադարանն ունենա:

Նովոռոսիյսկի պատմությունը անքակտելիորեն կապված է Սերեբրյակովի անվան հետ:

1853 թ. սկսվում է Ղրիմի պատերազմը Ռուսաստանի և Թուրքիայի միջև:

Ռուսական սևծովյա տիրույթներին վտանգ էր սպառնում ցամաքից և ծովից: Թուրքերի առաջխաղացումը կանխելու համար Սերեբրյակովն իր տորմիղով նավարկեց Թուրքիայի անատոլիական ափ և Տրապիզոնի մոտ ջախջախեց թուրքական նավատորմը:

Թուրքիայի դաշնակից Անգլիան և Ֆրանսիան Սև ծովով շտապում են օգնության իրենց դաշնակցին և ծովից պաշարում են Նովոռոսիյսկը: Անգլո-ֆրանսիական նավատորմը մի քանի օր ծովից ռմբահարում է քաղաքը: Խոշոր տրամաչափի թնդանոթներով գնդակոծելով քաղաքը` անգլո-ֆրանսիական նավատորմը մոտեցավ Նովոռոսիսկին` դեսանտ իջեցնելու նպատակով: Սակայն ռուսների հզոր հակահարվածից հետո ոսոխը փախուստի դիմեց:

Շուտով, սակայն, անգլո-ֆրանսիական նավատորմը հայտնվեց Սևաստոպոլի մոտ: Համառ մարտերից հետո քաղաքը կարողացավ պաշտպանվել, բայց այս պատերազմում Սերեբրյակովը ծանր կորուստ ունեցավ. Սևաստոպոլի մարտերում զոհվեց նրա որդին` Մարկոսը, որ նույնպես ծառայում էր ռուսական նավատորմում:

Պատերազմի երկրորդ փուլում, երբ անգլո-ֆրանսիական դաշնակիցները կարողացան դեսանտ իջեցնել Ղրիմում և պարզ դարձավ, որ կործանումից զորքը փրկելու համար անհրաժեշտ է հանձնել Անապան ու Նովոռոսիյսկը, Սերեբրյակովն ստիպված էր առափնյա բնակչության պաշտպանության համար տարհանել նրանց, ավերել ամրությունները, որ թշնամու ձեռքն անցնելուց հետո չօգտագործվեին Ռուսաստանի դեմ: Այս խնդիրը ևս հայազգի փոխծովակալը հաջողությամբ կատարեց:

Փոխծովակալ Սերեբրյակովի ծառայություններն ըստ արժանավույն գնահատվեցին ռուսական կաբինետի կողմից. շուտով նա դարձավ ծովակալ և տեղափոխվեց մայրաքաղաք, դարձավ Ծովակալության խորհրդի անդամ:

1862 թ. 70 տարեկան հասակում Լազար Սերեբրյակովը վախճանվեց Սանկտ Պետերբուրգում: Նրա աճյունն ամփոփվեց հայրենի Ղարասուբազարում, սակայն հետագայում` 1955 թ., աճյունը տեղափոխվեց Սևաստոպոլ և ամփոփվեց Սևաստոպոլի պաշտպանների եղբայրական գերեզմանում:

Բացի ծովակալ լինելուց, Լազար Սերեբրյակովը նաև հասարակական գործիչ էր և մեծ հայ: Նա տիրապետում էր մաքուր հայերենին, ինչի մասին վկայում է Սերեբրյակովի և Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցու պահպանված նամակագրությունը: Հայությունը Սերեբրյակովին է պարտական, որ այսօր Սև ծովի արևելյան ափերին հոծ ու բազմամարդ հայկական գաղութ ունենք: Նա այսուայնտեղ ցրված հայերին հավաքեց ու համախմբեց Անապայի, Նովոռոսիսկի շրջանում:

Սերեբրյակովի կինը Ղարասուբազարում հայտնի ազնվականի ընտանիքի դուստր Անաստասիա Մուրզաևան էր: Ղազարն ու Անաստասիան համատեղ կյանքում երեք զավակ ունեցան` Մարկոսը, Եգորը և Եկատերինան: Մարկոսը, որ ծառայում էր Սևաստոպոլում Պավել Նախիմովի հրամանատարության տակ, զոհվեց Ղրիմի պատերազմում: Նախիմովն իր նամակում, ուղղված Լազար Սերեբրյակովին, բարձր է գնահատել Մարկ Սերեբրյակովի քաջությունն ու մարդկային բարձր որակները: Եգոր Սերեբրյակովը  նույնպես ընտրել էր հոր ուղին և ծառայում էր Սևծովյան նավատորմում որպես ռազմանավի հրամանատար: Ղրիմի պատերազմի ժամանակ նա ծանր վիրավորվում է և ստիպված է լինում զորացրվել գործող բանակից:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 2009 անգամ:
Print Friendly

Leave a Reply