Բաքվից փախած, հեքիաթային փառքի հասած հայուհին` առաջին անգամ Երևանում
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | May 6, 2012 7:00
Երևանում էր 38-ամյա հանրածանոթ խոցասուսերակրուհի Կարինա Ազնավուրյանը: Նա ծնվել է Բաքվում, հայրը` Բորիսը, հայ է, մայրը` Էլմիրան` ադրբեջանուհի: Ի դեպ, վերջինիս մայրը նույնպես հայուհի է: 1990-ին Ադրբեջանում հայերի նկատմամբ կիրառված անմարդակային բռնություններից հետո Ազնավուրյանը միայնակ հայտնվել է Մոսկվայում և, չընկճվելով, կամքի մեծ ուժ դրսևորելով, զենքով իր համար ուղի է հարթել և փառքի բարձունքներին հասել: Նա սիրով պատասխանեց «Անկախի» հարցերին:
– Ե՞րբ եք սկսել սուսերամարտով զբաղվել:
– Բաքվում կանոնավոր մարզվել եմ 10 տարեկանից: Ուշագրավ սկզբունք էր կիրառվում: Նախնական պատրաստականության խմբում զբաղվում էինք մարմնամարզությամբ, լողով, փոխանցավազքով, խաղերով և այն: Ֆրանսերենի իմացությունն էլ պարտադիր էր, քանի որ ոչ միայն հնարքների պետք է տիրապետել, այլև լեզվի: Ուզում ես, թե ոչ, սուսերամարտում առանց ֆրանսերենի ոչինչ հնարավոր չէ անել. մրցումներում հաշվարկը, կանոները, մրցավարությունը, տերմիններն այդ լեզվով են: Եվ միայն մեկ տարի հետո ձեռքս ճկասուսեր վերցրի: 60 մարզվողներից միայն ես սուսերամարտի խմբում ընդգրկվեցի: Մարզիչս` Օլգա Մատլինն էր: Ամեն ինչ հարթ էր ընթանում, բայց սկսվեց իրարանցումը: Խառը ժամանակներում մի օր, երբ մարտուղյակում պարամունք էի անցկացնում` անհատականորեն վարպետության հերթական դասը ստանում, դահլիճ մտավ Ադրբեջանի մարզական բնագավառի բարձրաստիան պաշտոնյաներից մեկը: Նա մարզչիս ուղղակի հայտնեց, որ եթե ես չհեռանամ, ապա մարզիչն ու ես հաջորդ օրը դահլիճից ողջ դուրս չենք գա: Հայրս և քույրերս Հայաստան տեղափոխվեցին, իսկ ես բեռ չէի ցանկանում դառնալ և զենքը ձեռքիս ուղևովեցի Մոսկվա: Սկզբում գիշերում էի մարզչիս բարեկամների մոտ` փոխստականների հյուրանոցներից մեկում: Մեկ սենյակում, որի հատակին գիշերները մկներն էին վխտում, 7 հոգով էինք մնում: Հաղթել էի Բաթումում, Գագրայում կայացած միջազգային մրցաշարերում, սակայն Ռուսաստանում իմ մասին չգիտեին: Բացի այդ, մեծ մրցակցություն կար այդ երկրի հավաքականում ընդգրկվելու համար: Ցանկանում էի սովորել օլիմպիական հերթափոխի ուսումնարանում, սակայն ճկասուսերակրուհի ընդունելու ցանկություն չունեին: Ստիպված էի ձեռքս խոցասուսեր վերցնել և ամեն բան սկսել զրոյից: Իմ առաջին փորձությունը դարձավ խոցասուսերակրուհիների Մոսկվայի առաջնությունը: Ուսումնարան ընդունվելու համար խնդիր էր դրվել, որ հաղթեմ: Իսկ ես անգամ սուսերամարտիկի մարզահագուստ չունեի: Մի խոցասուսերակիր ինձ սուսերամարտիկի իր հանդերձանքը տվեց: Մրցման դուրս եկա տղամարդու մարզազգեստով: Երկյուղով մասնակցեցի մրցաշարին և հաղթեցի:
– Հետո ամեն բան սահո՞ւն էր:
– Չի ասի: Խնդիրները չվերացան մինչև 1996-ը, երբ Ռուսաստանի հավաքականի կազմում Ատլանտայում անցկացված օլիմպիական խաղերում դարձա բրոնզե մեդալակիր: Ստացածս պարգևավճարը 1/3-րդն էր այն գումարի, որն անհրաժեշտ էր բնակարան գնելու հանար: Մինչև այդ տնետուն էի տեղափոխվում: Պահանջվող փողի մնացած մասը հավաքեցին զինակից ընկերներս: Սակայն բնակարանում կահույք, անգամ սառնարան չկար: Մեկ տարի անց երկու ոսկե մեդալ նվաճեցի Համաշխարհային 19-րդ ուսանողական խաղերում` հաղթելով անհատական մրցումներում, նաև Ռուսաստանի հավաքականի կազմում` թիմային պայքարում: 2000-ին Ռուսաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիր դարձա Սիդնեյում կայացած օլիմպիական խաղերում: Իսկ 2003-ին աղջկաս ծնվելուց հետո` 2004-ին չեմպիոն հռչակվեցի Աթենքում կայացած օլիմպիական խաղերում: 2008-ին չմասնակցեցի Պեկինում կայացած օլիմպիական խաղերին: Խանգարեց ողնաշարիս վնասվածքը: 2008-ից գլխավորում եմ Մոսկվայի օլիմպիական հերթափոխի թիվ 3 մասնագիտացված ուսումնարանի մարզադպրոցը:
– Հետաքրքիր է, թե ինչու Բաքվից չեկաք Հայաստան:
– Այն ժամանակ փախստականների համար Հայաստանում էլ դժվար էր: Այդ է պատճառը, որ Մոսկվա ուղևորվելու նպատակով մի կերպ փող հայթայթեցի և մեկնեցի:
– Բաքվում ձեր ունեցած տունն ի՞նչ է եղել:
– Ադրբեջանի մայրաքաղաքում մեծ տուն ունեինք, բայց ամեն բան թողեցինք և հեռացանք: Թեև մայրս ադրբեջանուհի է, իրատեսական չէր, որ որևէ այլ տարբերակ ընտրվեր: Ծնողներս, երկու քույրես այժմ Մոսվայում են, իսկ մյուս երկու քույրերս` Ադլերում: Բոլորն էլ Ռուսաստանի քաղաքացություն ունեն: Իսկ հայրս և մայրս միշտ էլ ինձ հետ են բնակվել:
– Ինչո՞ւ եք մարզվելու համար հատկապես սուսերամարտն ընտրել:
– Պատահական է եղել, ընդհանրապես շատ բան կախված է առաջին մարզչից: Երևի այդ առումով իմ բախտը բերել է: Ի դեպ, իմ գլխավորած դպրոցում ներկայումս աշխատում է առաջին մարզիչս:
– Առաջի՞ն անգամ եք Հայաստան այցելում:
– Հայաստանում նախկինում մի քանի անգամ եղել եմ, բայց Երևանում առաջին անգամ եմ:
– Շատ է խոսվում այն մասին, որ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հետ բարեկամական կապ ունեք: Իրո՞ք:
– Առաջին անգամ միմյանց հանդիպել ենք այս տարվա փետրվարին: Իսկ մինչև այդ ինձ հետ զրուցել է Շառլի Մոսկվայում բնակվող բարեկամուհին` Մարիա Ազնավուրը: Հավանաբար ընդհանուր արմատներ ունենք: Իմ նախնիները Ստեփանակերտից և Շամախուց են: Շառլ Անզավուրը հայերեն հիանալի է խոսում: Երբ միասին էինք, ամաչում էի, որ նույնը չեմ կարող անել: Բայց հայերեն ամեն ինչ գրեթե հասկանում եմ, իսկ խոսելը, թեև դժվար է, կարողանում եմ: Մեր հայրական տանը, երբ հորս բարեկամներն էին գալիս, հայերեն էինք խոսում, մորս բարեկամների հետ` ադրբեջաներեն, իսկ ընդհանրապես մեր ընտանիքում հաղորդակցման լեզուն ռուսերենն է:
– Սպորտում մեծ հաջողություններ ունեք, իսկ անձնական կյաքն ինչպե՞ս է դասավորվել:
– Հիանալի, երկու երեխա ունեմ: Փոքր աղջիկս մեկ տարեկան երկու ամսական է: Ամուսինս` Եվգենի Լուչնիկովը, հանդբոլիստ է, խաղացել է Ռուսաստանի հավաքականի կազմում, 8 տարի հանդես է եկել Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարում:
– Հետևո՞ւմ եք հայկական սպորտի անցուդարձին:
– Հնարավորինս: Նախկինում մտերիմ էի Հայաստանի մի շարք սուսերամարտիկների, հատկապես` Օլգա Ջանփոլադովայի հետ: Հեռախոսազրույզներ էինք ունենում: Այժմ հավանաբար մեծ մասը թողել է սպորտը: Տեղյակ եմ նաև, որ եղել են դժվարին տարիներ, երբ սուսերամարտը Հայաստանում չի ֆինանսավորվել: Ինքս էլ 5 տարի առաջ ակտիվ սպորտը թողել եմ: Ցանկալի է, բայց նոր կապեր Երևանում չունեմ:
– Իսկ մեծ սպորտ վերդառնալու մտադրություն չկա՞: Սուսերամարտում ձեր տարիքում էլ կարելի է նոր հաջողությունների մասին մտածել:
– Սիրով դա կանեի: Բայց պետք է ընտրել. կա՛մ ընտանիքը, կա՛մ մեծ սպորտը:
– Կցանկանա՞ք, որ ձեր աղջիկներից որևէ մեկը նույնպես սուսերամարտով զբաղվի:
– Կողմ եմ, որ երեխաներին հնարավորություն տրվի` իրենք ընտրեն այն մարզաձևը, որով ցանկանում են զբաղվել:
– Որպես օլիմպիական խաղերի չեմպիոնուհու` ձեզ աջակցո՞ւմ են:
– Ամիսը հազար դոլար թոշակ եմ ստանում, ցմահ:






Facebook
Tweet This
Email This Post
