Եվս մեկ «քայլ առաջ» ընտրություններում

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 4, 2012 15:32

Հայաստանում անցկացված ամեն մի ընտրությունից հետո, լինի տեղական ինքնակառավարման մարմինների, Ազգային Ժողովի թե նախագահի, միջազգային դիտորդական խմբերն արձանագրում են. «Այս ընտրությունները մի քայլ առաջ էին դեպի ժողովրդավարություն: Ընդ որում, այս ձևակերպումն արդեն կարելի է ավանդույթ համարել:

Իսկ ի՞նչ քայլ են հավակնում մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններն «առաջ» գցել: Հավանաբար, այս ընտրություններում այդ առաջանցիկ քայլը կհամարվի քաղաքական ուժերի քարոզարշավները լրատվամիջոցներով հավասարաչափ ներկայացնելու փաստը: Այն, իրոք, հավակնում է լինել հիմնական «հաղթաթուղթը»: Ամեն դեպքում` այդպես են փաստում այն քաղաքական գործիչները, որոնք նախկինում բազմիցս մտել են ընտրապայքարի մեջ և առնչվել ԶԼՄ-ների կողմից իրենց քարոզարշավը լուսաբանելու հետ կապված խնդիրներին:

«Այս ընտրություններում քարոզարշավի որակն աննախադեպ է, նկատի ունեմ, հնարավորությունը մասնակից կողմերի համար: Չեմ կարող ասել, որ կատարյալ է, բայց այսպիսի մակարդակով քարոզարշավ անցկացնելու նախադեպ դեռ չի եղել: Այս քարոզարշավում դեռ չի եղել, որ լրատվամիջոցները վախենան և որևէ մեկին պակաս կամ ավելորդ  րոպե տրամադրեն:  Եթե միայն դա լիներ, միայն դրական կանդրադառնար ընտրությունների որակի վրա: Բայց զուգահեռաբար մենք գիտենք նաև բողոքները ցուցակների և ընտրակաշառքների մասին»,- ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Ստացվում է, որ այս քարոզարշավի ժամանակահատվածում նույնիսկ անզեն աչքով, նկատի ունենք առանց կոնկրետ մոնիթորինգի և սոցիոլոգիական հարցումների, երևում է, որ, օրինակ, հեռուստաընկերությունները հիմնականում անդրադառնում և լուսաբանում են ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերին, ու գրեթե բոլոր հնարավոր դեպքերում` նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին: Իսկ նախկինում ընդդիմությունն այս հնարավորությունից զրկված էր:

«Եթե խոսում ենք հեռուստատեսությամբ քարոզարշավ վարելու կամ քարոզարշավները լուսաբանելու մասին, ես հստակ կարող եմ ասել, որ նախորդ բոլոր ժամանակներում ձեռքառնոցի էր. մեկին առաջ էին բրթում, մեկին` հետ: Հիմա տեսնում եմ, որ հավասարաչափ են ներկայացնում հեռուստաընկերությունները, ինչն ինձ ուրախացնում է: Այդ մի տարբերությունը կարող եմ նշել: Իսկ մնացած լրատվատեսակները` ինչպես միշտ: Ընտրությունը կսկսվի և կտեսնենք, թե քվեարկության օրն ինչ կկատարվի: Անկեղծ ասած, թերթերին այդքան չեմ հետևել, բայց չեմ կարծում, թե թերթերում տարբերությունը շատ մեծ կլինի. թերթերը միշտ էլ բավականին նորմալ մեկնաբանում էին: Իմ ընդհանուր տպավորությունն այն է, որ իրար դեմ թափվող թույնն այս տարի ավելի քիչ է, և երկրորդ` հեռուստատեսությունները, հատկապես` հանրային հեռուստատեսությունը, ի տարբերություն նախորդ ընտրությունների, բավականին հավասարաչափ և հանդարտ է ներկայացնում բոլորի ընտրարշավը»,- ասաց ԱԺՄ նախագահ, ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Իսկ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները կամ գոնե դրանցից մեկի ներկայացուցիչը, այնուամենայնիվ, դժգոհ է լրատվամիջոցների, հատկապես` հեռուստաընկերությունների կողմից իրականացվող քաղաքական գովազդի գնային քաղաքականությունից: Այս կարծիքին է, մասնավորապես, ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նրա կարծիքով` գովազդի գները «բանական չեն», չնայած քարոզարշավը լուսաբանելու առումով նա էլ է առաջընթաց արձանագրում, թեկուզ` չնչին:

«Գները բարձր են, միայն մեկ-երկու հեռուստաընկերություններ են, որ բանական գներ են սահմանել: Մնացածի մոտ բարձր են, այդ թվում նաև Հանրային հեռուստաընկերությունում են բարձր գներ սահմանել: Դրանով, ըստ էության, շատ հնարավորություններից զրկվում ենք: Ինչ վերաբերում է լուսաբանմանը, ապա մի փոքր բարելավման տենդենց կա` շատ չնչին բարելավում, սակայն էլի կարող են հավասար ժամանակ հատկացնել քաղաքական ուժերին ու անհատներին, բայց լրիվ հակառակ վերաբերմունք ցուցաբերել:  Այնպես որ այդ պրոբլեմները մնում են»,- նշեց Արման Մուսինյանը:

Ըստ ընդդիմադիր քաղաքական գործչի` ընդհանրապես միևնույն է, հեռուստաընկերությունները գործում են քաղաքական վերահսկողության ներքո: Դա, ըստ ՀԱԿ-ի մամուլի խոսնակի,  առաջին հայացքից երևում է լրատվական ու ոչ լրատվական հաղորդումներում: «Այժմ ընտրություններ են, և սխալ կլինի նրանց տրամադրվածության մասին դատել միայն ընտրություններով, որովհետև մայիսի 7-ին նրանք կրկին կվերադառնան իրենց նույն ոճին: Դրանում երկու կարծիք լինել չի կարող»,- համոզմունք հայտնեց Արման Մուսինյանը:

Ինչևիցե, բոլոր դեպքերում, այս ընտրություններից հետո իրական հիմք է ստեղծվում, որպեսզի մեկ անգամ ևս փաստվի, թե այս ընտրությունները «քայլ առաջ էին` նախորդների համեմատ»:

Դիտվել է 2265 անգամ:
Print Friendly

Leave a Reply