«Կալցո» տխրահռչակ օպերացիայի դառը պտուղները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | May 7, 2012 7:30

1991 թ. ապրիլի 30-ին ԳորբաչովՄութալիբով հանցագործ տանդեմի ձեռամբ  «կյանքի կոչվեց» ԳետաշենՄարտունաշենի հայաթափման ծրագիրըԵվ այդ «աբսուրդի թատրոնի» մյուս դերակատարներն էին մեզ արդեն քաջ հայտնի Պալյանիչկոն, մարշալ Յազովը, գեներալ Շտալինը: Նույն ձեռագրով մայիսին հայաթափվեց Հադրութի շրջանի 13 գյուդ, իսկ հունիսին հերթը Շահումյանի «թեժ հնոց» համարվող Ղարաչինար, Բուզլուխ, Էրքեջ, Մանաշիդ գյուղերին հասավ: Այդ շեների նկատմամբ կիրառված բռնությունների համատեղ ակցիան պատմության մեջ մտավ «Կալցո» («Օղակ») անվամբ:

 ԳետաշենՄարտունաշենում վայրագություններով հատկապես «աչքի ընկան»  Սաֆոնովի պատժիչ ջոկատները: Համագործակցելով ադրբեջանական ՄՀՕՋ-ի (ՕՄՕՆ) հետ` «անձնագրային ստուգման» պատրվակով նրանք գիշերները ներխուժում էին հայերի բնակարանները, ձերբակալում նրանց և տալիս ադրբեջանցիների ձեռքը: Դրան հաջորդող քայլն արդեն բնակչության բռնի տեղահանությունն էր:

Եվ այդ «աբսուրդի թատրոնի» սցենարը գրվեց դեռևս այն ժամանակ, երբ 1991 թ. ապրիլի 10-ին ԽՍՀՄ ՆԳ նախարարի առաջին տեղակալ Գրոմովը հանդիպեց Ադրբեջանի նախագահ Մութալիբովի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև երկու կողմերի (Ռուսաստան և Ադրբեջան) մեծ «ռանգի» նազիր-վեզիրներ, իսկ նպատակը մեկն էր` ամրացնել Ադրբեջան հորջորջովող հանրապետության սահմանները և ԼՂԻՄ-ում վերականգնել «կարգուկանոնը»: Իսկ թե ինչպես, բավական է վերհիշել ԼՂԻՄ-ի կազմկոմիտի նախագահ Վ. Պոլյանիչկոյի գործնական առաջարկությունը.«…Վտարել, աքսորել Ղարաբաղից հայ անջատողականներին ու լիդերներին, մինչդեռ մենք վախենում ենք նրանցից, Մոսկվան նույնպես»,- ասում  է Պոլյանիչկոն, որ անկախ ամեն ինչից, բոլոր պարագաներում հայերին մեղավոր համարելու համար միշտ պատրաստ էր:  Ինչպես և սպասվում էր, Մոսկվայի պատասխանն ու «Կալցո» օպերացիան անցկացնելու հրամանը շատ չուշացավ: Եվ ոչ միայն, քանզի ԽՍՀՄ ՆԳՆ-ի այդ  հրամանը նաև Գորբաչովի հավանությանն արժանացավ:

Այնուամենայնիվ, փորձենք հասկանալ 1991 թ. ապրիլ-մայիս-հունիս ամիսների տխրահռչակ դեպքերի քաղաքական «աստառը»: Ինչո՞ւ միշտ «երկակի ստանդարտները» անթույլատրելի համարող երկիրը հանկարծ որոշեց բացահայտ պաշտպանել Ադրբեջանի շահը` ի վնաս մեզ: Որովհետև իր պերեստրոյկայի ձեռքն արդեն իսկ կրակն ընկած ղեկավարը` պալատական ինտրիգների մեծ մաեստրոն, ոչ միայն ի վիճակի չեղավ վերահսկելու իր իսկ հռչակած «դեմոկրատիան», այլև վճռական պահերին աններելի թուլամորթություն դրսևորեց: Օրինակները հազարավոր են, բայց մի երկուսը թվեմ. բավական չէ` լռության մատնեց Չեռնոբիլի ողբերգությունը, Սումգայիթում, Բաքվում էլ հայկական ջարդերին ուշ արձագանքեց:

Հետևաբար դժվար չէր հասկանալ, որ այդ օպերացիան նրա «կարապի երգը» պիտի լիներ, փլուզվող կայսրությունը փրկելու վերջին հուսահատական փորձը, որովհետև երկրի «գորշ կարդինալները» (ԳԿՉՊ) արդեն նրան իր  իսկ  լարած թակարդն էին գցում:

Պիտի խոստովանել, որ ազերիները ոչ մայն ճարպկորեն օգտվեցին ԽՍՀՄ-ում ստեղծված խառնակ իրավիճակից, այլև ՀՀՇ-ի հակառուսական հիսթերիայից: Ցավն այն է, որ երբ 1991 թ. ապրիլի 12-ին գետաշենցիներին ու մարտունաշենցիներին գյուղերից հեռանալու վերջնագիր ներկայացրին, ՀՀՇ իշխանությունը ոչ միայն իրավիճակը փրկելու փորձ չարեց, այլև ապրիլի 20-ին Գետաշենից հանեց իր լավ զինված ջոկատը: Ո՞ւմ էր պետք նրանց լավ զինված լինելը, եթե զենքը պիտի ժանգոտեր…

«Լավ, եթե դուրս եք գալիս, գոնե զենք-զինամթերքը թողեք»,- հեռացող հհշականներին խնդրել է Գետաշենում մնացող Թաթուլը: Բայց ոչ մի զենք չթողեցին, որովհետև վերադասից այն չթողնելու խիստ հրաման էին ստացել: Լավ է, որ այդ մասին գոնե ժամանակին խոստովանել է ջոկատի հրամանատարը, որի խիղճը վերջին պահին արթնացել է ու Թաթուլին թողել է իր անձնական փամփուշտների մեկ ցինկը:

Պատերազմական պրակտիկայում նման դեպքերը հստակ բնորոշում ունեն, բայց զերծ մնալով որևէ գնահատական տալուց` մի կարևոր հանգամանք փաստեմ, որ Ղարաբաղի թևերով իշխանության եկածները շուտ մոռացան ոչ միայն 88-ի ոգևորությունն ու իրենց խոստումները, այլև «գյուղ կանգնի` գերան կկոտրի» իմաստուն խորհուրդը, այլապես հակառակորդի ոչինչ չասող վերջնագիրը հալած յուղի տեղ չէին ընդունի և հանգիստ խղճով, գլխիկոր չէին հեռանա` հազարավորների ճակատագիրը թողնելով բախտի քմահաճույքին:

Մինչդեռ, երբ թարմ էին «Կալցո» օպերացիայի հետևանքները, նմանօրինակ մի դեպք Մարտակերտի Հաթերք գյուղում եղավ: Օգոստոսի 13-ին հաթերքցի կանայք պատանդ վերցրին 45 ռուս զինվոր` իրենց զենք-զրահով, որովհետև անձնագրային ռեժիմի պատրվակով նրանք 20 հաթերքցի երիտասարդ էին ձերբակալել և հանձնել ադրբեջանցիներին: Ժամանակին մեծ աղմուկ հանած այս միջադեպն ու հաթերքցիների «Փառանձեմ» օպերացիան փայլուն ավարտվեց, որովհետև ողջ գյուղն էր ոտքի կանգնել և հստակ պահանջ ներկայացրել, որի արդյունքում կարճ ժամանակ անց  տղաները գյուղ վերադարձան, նոր միայն ռուս զինվորներն ազատ արձակվեցին…

Գետաշենում մնացին դաշնակցականները, հրամանատար Թաթուլ Կրպեյանը, փոխհրամանատար Արթուր Կարապետյանը, Հրազդանի «Ալաշկերտ» ջոկատը` Հրաչիկ Դանիելյանի ղեկավարությամբ, որոնք էլ հետագայում դարձան Գետաշենի առաջին զոհերը: Այստեղ էր նաև վաղամեռիկ Վահան Զատիկյանը:   Հակառակորդի վայրագությունները կանխելու նպատակով Թաթուլը նռնակը ձեռքին նետվում է գյուղ մտնող զրահամեքենայի վրա, պատանդ վերցնում խորհրդային զորքերի հրամանատար, գնդապետ Մաշկովին ու նրա զինվորներին և գյուղից հեռանալու պահանջ ներկայացնում: Զինաթափում և գերեվարում է 16 ռուս զինվորի, որոնց հետագայում փոխանակում են գերի ընկած 45 գետաշենցու հետ: Սակայն դավադիր գնդակից զոհվում են տղաները:

Թաթուլի այս հերոսական քայլն անգամ միանշանակ չընդունեց ՀՀՇ-ն: Նրանք բարբաջում էին, որ այդ քայլով իրավիճակը կարող է ավելի սրվել: Քննադատելը միշտ էլ հեշտ է, դժվարն այս պարագայում թև ու թիկունք լինելն ու հայրենի հողից զավթիչներին դուրս քշելն էր, ատամ ցույց տալը, ոչ թե փախչելը:

Եթե Թաթուլն այդպես չվարվեր, համատարած զոհերից խուսափելն անհնար կլիներ, թեև խաղաղ բնակչության շրջանում արդեն բավական զոհեր կային:

Նույն օրը գերվեց նաև Գետաշենը: Զավեշտն այն էր, որ բնակիչներից նախապես ստորագրություն էին պահանջում, թե իբր կամավոր են հեռանում իրենց տնից, հայրենի օջախից: Իսկ ընդդիմացողներին սպասվում էր արդեն ծանոթ ձեռագիրը: Եթե Գետաշենում մարտական գործողություն չծավալվեց հրամանատարների զոհվելու պատճառով, ապա Մարտունաշենում կռիվ ու դիմադրություն եղավ, կռիվ, որ վերջինը եղավ նաև մայր բուհի երկրաբանական ֆակուլտետի դասախոս Սիմոն Աչիկգյոզյանի (Դեդ) համար:

Սա 1991 թվականին էր, իսկ ընդամենը հինգ տարի անց` 1996 թ. նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանով դաշնակցական Թաթուլ Կրպեյանն արժանացավ «Ազգային հերոսի կոչման», որն էլ հանդիսավորությամբ հանձնվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Լավ է, որ նախագահից շատ ժամանակ չպահանջվեց հասկանալու համար, որ Թաթուլի արարքը հայ մարդուն վայել արարք էր: Դրանով հավանաբար նախագահն ապաշխարելու փորձ արեց: Բայց ապաշխարանքով ո՛չ Թաթուլին, Արթուրին, Հրաչին, Սիմոնին ու Վալերիկին, ո՛չ էլ Գետաշենն ու Մարտունաշենը չվերադարձրեց:  Լավ էր, որ գոնե հետագայում  Հադրութի գերված գյուղերն ազատագրվեցին: Տղաների աճյունները Երևան տեղափոխելու օրը շատ գետաշենցիներ ու մարտունաշենցիներ հեռացան իրենց տներից` գյուղերը թողնելով արալեզներին:

Այն, ինչ XX դարավերջին հայ ժողովրդի համար կենաց ու մահու խնդիր էր,  կենտրոնական իշխանության, հատկապես նրա կնքահայր Գորբաչովի համար` գլխացավանք: Բեռլինյան պատի քանդմամբ հաճախ հպարտացող ղեկավարը ղարաբաղյան խնդրի գորդյան հանգույցը քանդելու փոխարեն, որը, ի դեպ, անարդարացիորեն քարկապվել էր դեռևս դարասկզբին, որոշեց այն քակել` իրագործելով հայ բնակչության փռնի տեղահանությունը, որի հետևանքով 26 գյուղ դատարկվեց:

Ամալյա  ԵԴԻԳԱՐՅԱՆ

Դիտվել է 2459 անգամ:
Print Friendly

Leave a Reply