Օրենսդիր մարմինը և քաղաքական պայքարը 22 տարի առաջ ու հիմա

Հարցազրույց, ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 4, 2012 8:00

1990-ին կազմավորվեց առաջին գումարման Գերագույն խորհուրդը: Մեծամասնական ընտրակարգով ընտրված  260 պատգամավորները ներկայացնում էին 2 քաղաքական ուժ` Կոմունիստական կուսակցությունը և Հայոց համազգային շարժումը: Առաջին ԳԽ-ն իր գործունեության 5 տարիներին ընդունեց 1169 որոշում, 185 օրենք, վավերացրեց 148 միջազգային պայմանագիր, ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը:

Մայիսի 6-ին տեղի կունենա 5-րդ գումարման ԱԺ ընտրությունները, 9 քաղաքական ուժեր պայքարում են 120 համամասնական տեղերի և 41 մեծամասնական մանդատների համար:

«Անկախը»  փորձեց պարզել ԳԽ պատգամավորներից, թե քաղաքական դաշտում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել անցած 22 տարիների ընթացքում:

Ինչպիսի՞ն էր քաղաքական պայքարն այն տարիներին, և ինչն է փոխվել այսօր:

Շավարշ Քոչարյան – Հիմնականում փոփոխությունները դրական են, մենք միայն երազել կարող էինք այնպիսի եթեր, ինչպիսին այսօր է: Չէր լինում որևէ հանրահավաք և հանդիպում, որ սադրանքներ չկազմակերպվեին, այդ թվում` ուժային միջամտություններ: Ցանկացած հանրահավաքի դեպքում գիտեինք, որ անխուսափելի  է որևէ բախում: Այդ տեսակետից դրական փոփոխություն կա, էապես փոխված է իրավիճակը:

Ի՞նչը կհամարեի բացասական: Այն ժամանակ նախընտրական պայքարում քարոզչությունն ավելի գաղափարայնացված էր: Այսինքն` հարցադրում  էր արվում` ինչպիսի պետություն կառուցել, ինչ է դրա համար պետք անել: Այսինքն`  ոչ թե խոսվում էր հետևանքների դեմ պայքարի մասին, այլ վերլուծվում էր, թե որն է պատճառը, որ ծնում է հետևանքները, և ինչ է պետք անել, որ այդ պատճառը  վերանա: Իսկ այսօր, որպես կանոն, տեսնում ենք տարբեր ծրագրեր, հայտարարություններ, որոնք անդրադառնում են հետևանքների վերացմանը, բայց չեն անդրադառնում պատճառներին:

Վահան Շիրխանյան – 20 տարի առաջ ընտրությունները տեղի էին ունենում բացարձակ հավատի և վստահության դաշտում, և կեղծելու մասին հազարից մեկի մտքով կարող էր անցնել, որովհետև այն ժամանակ մտածում էին, որ եկել է պահը, երբ երկիրը պետք է դառնա մի այլ երկիր` նոր մթնոլորտով և նոր հեռանկարով: Աստիճանաբար ընտրությունները դարձան իշխանությունը պահելու գործիք, և մշակվեցին մեխանիզմներ, որոնք համենայն դեպս, փոքր բացառություններից բացի, ապահովեցին իշխանության վերարտադրումը: Տարբերությունը սա է:

Այն ժամանակ խոսում էին Հայաստանի առջև կանգնած կոնկրետ խնդիրներից և տարբերությունն այն էր, որ եթե մարդն  ընտրվում էր, պարտավոր էր ընտրողի առջև հաշվետու լինել, պարտադիր ընտրողների հետ ամիսը 1-2 անգամ հանդիպում էինք:

Հիմա լրիվ այլ է. խոստանալ ընտրվել և հինգ տարի հետո նորից խոստանալ ու ընտրվել և այդ ընթացքում չհանդիպել ընտրողների հետ:

Այն ժամանակ խոստումների նման բազմազանություն չկար, ինչպես այսօր է: Շատ կոնկրետ էին խնդիրները և կոնկրետ էին մարդկանց պայմանավորվածությունները:

Սմբատ Հակոբյան – Ընդհանրապես համեմատություն չի կարելի անել, որովհետև ժողովուրդն այն ժամանակ քաղաքականապես զարգացած չէր ինչ-ինչ պատճառներով, Ղարաբաղյան շարժումն ընդամենը 88-ի փետրվարին էր սկսվել, և 1,5 տարվա ընթացքում հնարավոր չէր, որ ժողովուրդը քաղաքականապես զարգանար, ինչպես հիմա է: Այն ժամանակ Ղարաբաղյան շարժման մասնակից ցանկացած անձ ագիտացիայի խնդիր չուներ, իր պահվածքով և գործունեությամբ արդեն ճանաչում էին իրեն: Փողոցում քայլում էինք` բոլորը դեմքով մեզ գիտեին, շարժումն ինքն ագիտացիա էր:

Այն ժամանակ ընտրազանգվածի հետ հանդիպումներ լինում էին, դա մեզ համար առօրյա գործունեություն էր անկախ ընտրություններից: Գերակայող խնդիրը նոր իշխանություն ձևավորելն էր, մի հասարակարգից մյուսին անցնելը: Սահմանադրություն, օրենքներ և երկրի կառավարման կարգ չկար, դրա ստեղծումն էր մեր հիմնական նպատակը: Ընտրողների հետ հիմնականում քննարկում էինք հասարակարգի մի ձևից մյուսին անցնելու խնդիրները:

Իսկ ընտրողների ակնկալիքները և վերաբերմունքն այն ժամանակ և հիմա ինչո՞վ են տարբերվում:

Շավարշ Քոչարյան – Այն ժամանակ մարդիկ հուսահատ չէին, հավատում էին, որ հնարավոր է ընտրությունների արդյունքում փոխել դրվածքը:  Հիմա, ցավոք սրտի, այլ մոտեցում է իշխում, որ ով էլ գա, նույնն է լինելու:  Որքանով հասարակությունը ընկալում է, որ ընտրություններն իր կյանքում կարող են դրական  փոփոխություններ առաջացնել, այնքան քիչ մարդ կգայթակղվի և կդիմի ընտրակաշառքի: Որքան քիչ է հավատը, այնքան ավելի մեծ է այդ զանգվածը:

Վահան Շիրխանյան– Այն ժամանակ բոլորը հավասար վիճակում էին, լույս չունեին, բոլորը չունեին, հաց չունեին, բոլորը: Ոչ ոք ինձ չէր ասում` եկեք մեր կտուրները վերանորոգեք, ոչ ոք չէր ասում, թե մեր դպրոցը վերանորոգեք, բոլոր դպրոցները, հիվանդանոցները հրաշալի վիճակում էին:

Ընտրողը կողմնորոշվում էր քաղաքական շարժումներով: Եթե Ղարաբաղյան շարժումն էիր ներկայացնում, ավելի շատ քվե էիր ստանում և ավելի մեծ վստահություն էիր վայելում, քան Կոմկուսը, նա արդեն համարվում էր, որ ապացուցել է, թե ինչպես կարող է կառավարել, որ կաշառակեր է, խոստումները չի կատարում: Ժողովուրդը փոփոխություն էր ուզում, դրա համար քվեն տվեց նոր մարդկանց:

Սմբատ Հակոբյան – Այսօր ճիշտ է`  շատ բարձրագոչ հայտարարություններ են անում, բայց ճնշող մեծամասնության հետ համամիտ չեմ, իսկ այն ժամանակ էդպես չէր, ազնվությունը համարյա բոլորի մեջ նկատվում էր:

Վերջին 20 տարիները ժողովրդին այնպիսի վիճակի մեջ են դրել, որ ստիպված փորձում է ամեն իրավիճակից օգուտ ստանալ: Լուրջ քաղաքական դեմքեր այսօր էլ ունենք, բայց չկա ձևավորված այն կուսակցությունը, որ նրանց կմիավորի նույն գաղափարի շուրջ: Ցաքուցրիվ են: Դա շատ վատ է: Ցավոք, այսօր ընտրում ենք ոչ թե լավագույններից լավագույնին, այլ վատերից մեկին, չարյաց փոքրագույնը:

Ինչպիսի՞ն էր պատգամավորընտրազանգված կապը, և ի՞նչ որակներ էին պարտադիր թեկնածուի համար:

Շավարշ Քոչարյան – Այն ժամանակ ամեն ինչ շատ ավելի անմիջական էր, ոչ միայն հանրահավաքներ, այլև տնետուն մտնել: Այն կտրվածությունը, որ տարիների ընթացքում ձևավորվեց քաղաքական վերնախավի և սովորական ժողովրդի միջև, այդ խզվածությունն այն ժամանակ չկար:

Պատգամավորի առաջնային առաքելությունն է ստեղծել պայմաններ, որ բոլորի, այդ թվում և իր ընտրատարածքի խնդիրները լուծվեն:

Այն ժամանակ Գերագույն խորհրդի կազմում հիմնականում հասարակության մարդիկ էին, ինժեներներ, դասախոսներ, մարդիկ, որոնք հսկայական ունեցվածք չունեին, թիկնապահներով ժողովրդից չէին մեկուսանում: Գնալով դա խորացավ և այսօր խորհրդարանում նստած մարդիկ, որպես կանոն, ժողովրդի հոգսերից կտրված են:

Վահան Շիրխանյան– Այն ժամանակ բոլոր թեկնածուների, բոլոր կողմերի կրթական ցենզը շատ ավելի բարձր էր, քան այսօր: Կար գաղափար` երկիր կառուցել: Բնական է` նրանք, ովքեր աշխատում էին ցուցակների վրա, ընտրում էին համապատասխան կարողություններով մարդկանց:

Մարդկային տեսակն էր ստիպում, որ  պատգամավորը բարեխիղճ աշխատի: Այդ մարդիկ չէին սպասում բարձր աշխատավարձ և պաշտոններ, ժողովրդին ծառայելու մղում կար, ընդամենը դա: Փոխվել է մարդու տեսակը:

Սմբատ Հակոբյան – Թեկնածուն պետք է լիներ հայրենասեր ու իր գործով ապացուցած լիներ, որ ինքն իսկապես պատրաստ է այդ ծանրությունն իր վրա վերցնելու, հստակ ձևավորված գաղափարներ ունի և կարողանում է դա արտահայտել:

–  Խորհրդարան մտնելը և պատգամավոր դառնալը գերագույն նպատա՞կ էր այն ժամանակ, թե՞

Շավարշ Քոչարյան – Այն ժամանակ խորհրդարան մտնելը որպես նպատակ չի ընկալվել, պատգամավոր լինելը, խմբակցություն ունենալն ընդամենը լծակ էր եղած ծրագրերն իրականացնելու համար, խնդիրը պաշտոնը չէր: Հիմա շատերի համար դա դառնում է ինքնանպատակ: Կան անձեր, որոնց համար դա որոշ առումով ինքնապաշտպանություն է, քանի որ պատգամավորական մանդատը որոշակի լրացուցիչ երաշխիքներ է ստեղծում սեփական բիզնեսի համար: Այն ժամանակ մատների վրա կարելի էր հաշվել մարդկանց, ովքեր բիզնես ունեին, հարուստ էին: Առաջին խորհրդարանի արդեն վերջին տարիների ընթացքում նման մարդիկ ձևավորվեցին: Հիմա, ցավոք սրտի, դա բավականաչափ մեծ զանգված է, այսինք` մարդիկ, ովքեր քաղաքականությունն  ընկալում են տնտեսությունում իրենց դիրքերը պահելու միջոց:

Վահան Շիրխանյան – Մեր մտքով էլ չէր անցնում խորհրդարան մտնելը նպատակ դարձնել: Ինչ-որ գործընթաց էր, երբ պետք էր առաջադրվել, պայքարել: Մեր կապը ժողովրդի հետ այնքան սերտ էր, և մեզ այնքան դրական էր վերաբերվում ժողովուրդը, որ խորհրդարանում լինեինք, թե ոչ, ծրագրերը կարող էինք իրականացնել: Խորհրդարան մտնելն ինքնանպատակ չէր, նպատակն էր ձևավորել իշխանություն, որը կմշակեր ծրագրեր և երկիր կկառուցեր:

Սմբատ Հակոբյան – Այն ժամանակ շատերն անգամ ցանկություն չունեին պատգամավոր դառնալու, դա ընդամենը միջոց էր նպատակներն իրագործելու համար, ոչ թե նպատակ էր:

Ինչո՞ւ ընտրական գործընթացները մեզ մոտ այլ ուղիով գնացին, և ինչո՞ւ առաջացավ անջրպետը իշխանությունների և ժողովրդի միջև:

Շավարշ ՔոչարյանԻմ գնահատականով` մի լուրջ պահ բաց թողեցինք, 95 և 96 թվականներին, առաջին ընտրությունները` և՛ նախագահի, և՛ խորհրդարանի, իրոք համապատասխանում էին ժողովրդի քվեին, և կարելի է համարել դեմոկրատական, բայց արդեն հաջորդը` 95-ի խորհրդարանականը և 96-ի նախագահականը, խայտառակություն էին, և դրանով դրվեց բացասական ավանդույթ ոչ մի դեպքում չզիջել իշխանությունը, հանուն դրա նույնիսկ գնալ, կոպիտ ասած, տանկերը մայրաքաղաք մտցնելուն: Դա շատ բան կոտրեց : Այդ ընտրությունները գնացին այլ ուղիով, որը, ցավոք սրտի, այլ հիմք դրեց ապագայի համար, և որից առ այսօր փորձում ենք ազատվել:

Վահան Շիրխանյան Երևի դա ցանկացած իշխանության հիվանդություն է, որ աստիճանաբար է զարգանում:  Նույն իրավիճակն է և ԱՊՀ մյուս երկրներում, այն ժամանակ էլ նույն ոգևորությունն էր, և հիմա էլ տարբերություն չկա:

Սմբատ Հակոբյան ՀՀՇ վարչության ձևավորումից և ընդլայնումից հետո արդեն պարզ դարձավ, որ ոմանք շահադիտական նպատակներ ունեն, և առաջացավ անջրպետը:

Դիտվել է 2306 անգամ:
Print Friendly

Leave a Reply