Մունկի «Ճիչը» աշխարհում ամենաթանկ կտավն է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 3, 2012 12:22

Ամենահայտնի կտավներից մեկն աճուրդում վաճառվեց 120 մլն դոլարով` դրանով իսկ համաշխարհային բացարձակ ռեկորդ սահմանելով: Նորվեգացի գեղանկարիչ Էդվարդ Մունկի «Ճիչը»  Նյու Յորքի Sotheby’s աճուրդում երեկ  վաճառվեց 119  922 500 դոլարով:

Այս գործարքն աշխարհում ամենաթանկն է դարձել: Նախկին ռեկորդը պատկանում է Պիկասոյի «Մերկացածը» կտավին, որը վաճառվել էր 2010-ին  106,5 մլն դոլարով:

Մունկը տվյալ կտավի 4 տարբերակ  էր ստեղծել. սա դրանցից վերջինն էր, որը գտնվում էր  անհատ հավաքորդի մոտ, մնացած 3-ը Նորվեգիայի թանգարաններում են:

«Ես այդ կտավի հետ եմ ապրել իմ ողջ կյանքը, ու  կտավի ուժն ու էներգետիկան ժամանակի ընթացքում ուժգնացել են միայն: Սակայն  ես որոշեցի, որ ժամանակն է  աշխարհի հետ կիսվելու այդ չգերազանցված կտավով»,-ասել է կտավի նախկին տերը` նորվեգացի գործարար Պետեր Օլսենը, որի պապը նկարչի ընկերն ու հովանավորն է եղել:

Կտավի վաճառքից ստացված գումարով նոր թանգարան է կառուցվելու Խվիթսթեն քաղաքում, որտեղ երկար ժամանակ ապրել է Մունկը:

Մասնագետների գնահատմամբ, սա արվեստի պատմության հայտնի ամենաճանաչվող կտավներից է, ինչպես, ասենք` «Մոնա Լիզան»:

Դիտվել է 1713 անգամ:
Print Friendly

Leave a Reply