Կոչ են անում միավորել ուժերը` խթանելու էլեկտրոնային և առցանց արտահայտման ազատությունը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 3, 2012 12:36

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար  Բան Կի-Մունը   և  ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրեն  Իրինա Բոկովան համատեղ ուղերձ են հղել  Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է.

-Խոսքի ազատությունը մեր ամենաթանկ իրավունքներից մեկն է: Այն ամրապնդում է ցանկացած այլ ազատություն և  հիմք է հանդիսանում մարդկային արժանապատվության համար: Վերջինիս իրականացման գործում կենսական նշանակություն ունի ազատ, բազմակարծիք և անկախ մամուլի գոյությունը:

Այս ուղերձը նվիրված է Մամուլի ազատության համաշխարհային օրվան: Մամուլի ազատությունը ենթադրում է ազատ արտահայտվելու իրավունք, ինչպես նաև  ցանկացած լրատվամիջոցով որոնելու, ստանալու և տարածելու տեղեկատվություն ու մտքեր` անկախ ​​սահմաններից, ինչպես նշված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածում: Այս ազատությունը կարևոր է առողջ և կենսունակ հասարակությունների համար:

Արաբական աշխարհում տեղի ունեցած  փոփոխությունը ցույց է տվել իրավունքներ ձեռք բերելու ձգտման ուժը` նոր ու հին լրատվամիջոցների միավորման արդյունքում:  Մամուլի նորահայտ ազատությունը խոստանում է վերափոխել հասարակությունը առավել թափանցիկության և պատասխանատվության միջոցով: Այն հաղորդակցվելու և տեղեկատվություն ու գիտելիքներ տարածելու նոր ուղիներ է բացելու: Ազդեցիկ նոր ձայն է բարձրանում հատկապես երիտասարդության շրջանում, ովքեր լուռ էին նախկինում: Ահա, թե ինչու այս տարվա Մամուլի ազատության համաշխարհային օրը  կենտրոնացած է ,Նոր Ձայներ. Մամուլի ազատությունը` որպես   հասարակությունների վերափոխման խթանիչե թեմայի վրա:

Մամուլի ազատությունը նաև սաստիկ ճնշումների է ենթարկվում ամբողջ աշխարհում: Անցյալ տարի  ՅՈՒՆԵՍԿՕ–ն  դատապարտեց 62 լրագրողների սպանությունը, որոնք զոհվեցին իրենց աշխատանքը կատարելու արդյունքում: Վերոնշյալ  լրագրողները չպետք է մոռացության մատնվեն, իսկ այդ հանցագործությունները` մնան անպատիժ: Քանզի մամուլն արդեն հասանելի է էլեկտրոնային տարբերակով, ավելի շատ առցանց լրագրողներ, այդ թվում  և բլոգերներ են ենթարկվում բռնության, հարձակման, ինչպես նաև սպանվում են իրենց աշխատանքը կատարելու պատճառով: Նրանց անվտանգությունը ևս պետք է ապահովել, ինչպես ապահովվում է ավանդական լրատվամիջոցների աշխատակիցների  անվտանգությունը:

Լրագրողների անվտանգության և անպատժելիության խնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի միջ-գործակալական առաջին հանդիպումը տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ–ի գրասենյակում 2011թ. սեպտեմբերի 13-14-ին: Մշակվեց ՄԱԿ-ի գործողությունների ծրագիր` ուղղված լրագրողների և մամուլի աշխատակիցների համար աշխատանքի էլ ավելի ազատ ու անվտանգ միջավայրի  ստեղծմանը: Միևնույն ժամանակ մենք շարունակելու ենք ամրապնդել իրավական հիմքերը ազատ, բազմակարծիք և  անկախ լրատվամիջոցների գործունեության համար, հատկապես այն երկրներում, որոնք հակամարտության ավարտից հետո բռնել են վերափոխման և վերակառուցման ուղին: Գերբեռնված տեղեկատվության պայմաններում  մենք պետք է աջակցենք երիտասարդներին զարգացնելու հատկապես իրենց վերլուծական կարողությունները և բարձրացնելու  մեդիա  գրագիտության մակարդակը:

Մամուլի ազատության համաշխարհային օրը մեզ հնարավորություն է ընձեռում նպաստելու մամուլի ազատության ամրապնդմանը: Մենք կոչ ենք անում պետություններին, արհեստավարժ լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին ամենուրեք միավորելու ուժերը Միավորված ազգերի  կազմակերպության հետ`խթանելու էլեկտրոնային և  առցանց արտահայտման ազատությունը` միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համաձայն: Սա անհատական ​​իրավունքների սյուն է` առողջ հասարակությունների ձևավորման հիմք և սոցիալական վերափոխման ուժ:

 

 

 

Դիտվել է 1397 անգամ:
Print Friendly

Leave a Reply