Օսմանյան Կայսրությունում հայկական սպորտի մասին գրքի շնորհանդեսը՝ Հայաստան-Թուրքիա խաղի նախօրեին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 13, 2009 17:10

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» տնօրեն Հայկ Դեմոյանի նոր հրատարակած  «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» ալբոմ-մենագրության շնորհանդեսը կայացավ այսօր՝ հայ-թուրքական ֆուտբոլային հանդիպումի նախօրեին:

Գիրքը պատմում է կայսրությունում հայերի սպորտային նվաճումների և սպորտի բնագավառում ունեցած առաջատար դերակատարության մասին. ներկայացված են պրոֆեսիոնալ մարզիկներ Շավարշ Քրիսյանի, Վահան Չերազի, Գրիգոր Հակոբյանի սպորտում ձեռքբերումները:

«Սա բացարձակապես նոր թեմա է: Մինչև այժմ որևէ անդրադարձ չի եղել Օսմանյան կայսրությունում հայկական սպորտին. դրանով է ալբոմ-մենագրությունը ինքնատիպ,-ասում է Դեմոյանը,-Ուզում եմ, որ գրքի ամբողջ էներգետիկան անցնի մեր ֆուտբոլիստներին, և նրանք հաղթեն առաջիկա խաղին»:

Օսմանյան կայսրությունում հայկական սպորտը զարգացել է 19-րդ դարի վերջերից, երբ կազմակերպվել են առաջին մարմնամարզական ակումբներն ու խմբակները: Դեմոյանի գիրքը ներկայացնում է Սուլթան Համիդի տիրապետության տարիներին սպորտի և մարմնամարզության խիստ արգելքը:

«Թեման կապ ունի նաև Ցեղասպանության հետ, քանի որ երիտթուրքերը, զգալով, որ սպորտը լայն տարածում ունի հայերի շրջանում, սկսեցին այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, մի շարք հայ մարզիկներ սպանվեցին Ցեղասպանության ժամանակ, որոնց թվում նաև «Մարմնամարզ» թերթի խմբագիր Շավարշ Քրիսյանը»,-ավելացնում է հեղինակը:

Ալբոմ-մենագրությունում կա մոտ 500 լուսանկար: Գիրքն ամբողջացնելու համար Դեմոյանն օգտագործել է հայ նշանավոր մարզիկ, սկաուտապետ և լուսանկարիչ Գրիգոր Ճոլոլյանի հավաքածուի նյութերը:

«Մեր մարզիկները փայլուն են իրենց դրսևորել միջազգային մրցույթներում և օլիմպիադաներում, նվաճել են մրցանակներ, ֆուտբոլային թիմերը մասնակցում էին Օսմանյան կայսրության մայրաքաղաքներում գործող մի շարք լիգաներում ընդգրկված թիմային և միջազգային մրցաշարերին»,-ասում է Դեմոյանը:

Դիտվել է 1889 անգամ:
Print Friendly

Leave a Reply