Ռուս փորձագետ. Արձանագրությունը Հայաստանի և Թուրքիայի հաշվարկված ամուսնությունից ծնված երեխա է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 13, 2009 16:49

«Չնայած Արձանագրություններում ուղղակիորեն Ղարաբաղի մասին խոսք չկա, ակնհայտ է, որ թուրքական խորհրդարանով չի կարող անցնել որևէ փաստաթուղթ, որը չի պարունակի Ղարաբաղի հարցի կարգավորման դրույթներ: Եթե առաջընթաց չլինի հայ-ադրբեջանական հարաբերություններում, Թուրքիան երբեք սահմանը չի բացի»,-այս մասին այսօր ասաց Միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծության թուրքական կենտրոնի տնօրեն Սինան Օհանը «Նոր աշխարհաքաղաքական իրավիճակ Արևելքում. Հայ-թուրքական մերձեցումը, խնդիրներ և իրողություններ» թեմայով Երևան-Անկարա-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ:

Օհանն ասում է, որ Արձանագրություններին կողմ լինելը չի նշանակում, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը շուտ կիրագործվի: «Թուրքիայում շատ հարցեր են քննարկվել. եղե՞լ է արդյոք ցեղասպանություն, արդյո՞ք Արևելյան Անատոլիան և Արարատը Հայաստանի տարածքի մաս են,- ասում է Օհանը,- Բայց այս բոլոր հարցերն այժմ 2-րդ պլան են մղվել, և առաջնային է դարձել Ղարաբաղի հարցը»:

Օհանի խոսքով` թուրքական խորհրդարանի գրեթե բոլոր պատգամավորները կրկնում են վարչապետ Էրդողանի խոսքերը (որ սահմանը կբացվի Ղարաբաղյան հարցում առաջընթաց տեսնելու դեպքում), և «փաստ է, որ Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի Արձանագրությունները և կսպասի Ղարաբաղի հարցի լուծմանը»:

ՌԴ դաշնային խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի փոխնախագահ Վասիլի Լիխաչյովն էլ նշում է, որ Ղարաբաղի հարցի կարգավորումը պետք է զուգահեռ ընթանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ:

Ըստ Լիխաչյովի` Արձանագրությունները կարելի է համեմատել նորածին երեխայի հետ, որ ծնվել է Հայաստանի և Թուրքիայի հաշվարկված ամուսնության արդյունքում: «Երեխային պետք է ապահովել երջանիկ ապագայով. Ռուսաստանը պատրաստ է օգնել այդ գործում»,- ասում է նա:

«Եվրոպական ինտեգրացիա» հկ նախագահ Կարեն Բեքարյանը, սակայն, ասում է, որ Էրդողանի և թուրք պաշտոնյաների ցանկացած հայտարարություն Ղարաբաղի մասին «սպանում է այդ նորածին երեխային»: Բեքարյանի խոսքով`Թուրքիան իրավունք չունի Ղարաբաղի մասին հայտարարություններ անել: «Երբ Ցեղասպանության պատճառով փախստական դարձած հայերն Արևմտյան Հայաստան վերադառնան, այդ ժամանակ միայն Թուրքիան բարոյական իրավունք կունենա՝ խոսելու ադրբեջանցի փախստականներից, նույնը և տարածքների հարցում»,- ասում է Բեքարյանը:

Նրա խոսքով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և Ղարաբաղի հարցը միմյանց հետ կապելը կարող է բացասական ազդեցություն ունենալ երկու գործընթացների վրա էլ. «դա կունենա բումերանգի էֆեկտ»:

«Կովկասի» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ևս համամիտ է, որ նախապայմանների առաջադրումը կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտը: Նա նշում է, որ 21-րդ դարում բաց սահմանները պարտադիր են. «Սահմանի բացումը նվեր չէ, մեդալ չէ, այլ հարաբերությունների համար կարևոր պայման»:

Իսկանդարյանի կարծիքով` Արձանագրությունների ստորագրումը  ճանապարհի սկիզբն է միայն,  դրան պետք է հաջորդի վավերացումը և ճանապարհային քարտեզի իրագործումը, մինչդեռ «աշխարհում բազմաթիվ են չիրագործված ճանապարհային քարտեզի օրինակները»:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ղեկավար Նատալյա Ուլչենկոն էլ նշում է, որ սահմանի բացմամբ Թուրքիան կունենա տնտեսական օգուտ, որի մասին ոչ ոք չի խոսում. կզարգանան արևելյան շրջանները: Նրա խոսքով` ընդունված է հետամնաց համարել Թուրքիայի հարավ-արևելյան շրջանները, սակայն իրականում հետամնաց են արևելյան շրջանները. երկրի ՀՆԱ-ի միայն 3 տոկոսն է բաժին ընկնում այս շրջաններին:

Դիտվել է 1783 անգամ:
Print Friendly

Leave a Reply