Արտաքինս ներքինիդ վնաս չէ, վնաս չէ…

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | May 2, 2012 21:10

Հավանաբար ՙէլ ինչ նախընտրական ծրագիր` առանց արտաքին քաղաքականությանը վերաբերող բաժնի՚ համոզմունքով ընտրապայքարող կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերում ներառած կլինեն արտաքին քաղաքականությանը վերաբերող իրենց ՙմտորումները՚:

Մասնավորապես, բոլոր կուսակցություններն իրենց ծրագրի ՙդիվանագիտական՚ բլոկում ներառել են Ցեղասպանության միջազգային ճանաչումն արագացնելու բարեմաղթանք, Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու ՙերազանք՚, սփյուռքի բոլոր խնդիրները լուծելու ՙպատրաստակամություն՚ և այլն: Իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ հակամարտության լուծմանն առընչվող կետերին, ապա կուսակցությունների ծրագրերը կարդալիս տպավորություն է ստեղծվում, թե ԵԽԽՎ-ի կամ ՄԱԿ-ի` Արցախին վերաբերող բանաձևերն ենք ընթերցում: Օրինակ` ՙԼՂՀ հիմնահարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով` բանակցությունների միջոցով՚: Իսկ ՀՅԴ` ԼՂՀ հիմնահարցի կարգավորման բանակցություններում ԼՂՀ-ին որպես լիիրավ կողմ բանակցություններում ներգրավելու մասին պատկերացումը հանդիպում է նաև մյուսների մոտ:

Անդրադառնալով կուսակցությունների ծրագրերում մեր կողմից նկատված կետերին` պետք է նշենք, օրինակ, որ ԲՀԿ-ն նշում է, թե ՙԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջնական նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է՚: Այստեղ կարելի է ԲՀԿ-ին ասել. ՙԲարի լույս, ինչպե±ս քնեցիք՚: ԲՀԿ-ն նաև դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան հիմնախնդրով պայմանավորելուն և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում որևէ զիջման` հանուն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման: Բայց նույն ԲՀԿ-ն Ցյուրիխյան արձանագրությունների տակից հայկական կողմի ստորագրությունը հետ կանչելու ցանկություն չի հայտնում:

Ընդ որում, նման տեսակետ հանդիպում են միայն ՀՅԴ¬ի և ՙԺառանգության՚ ծրագրերում, և միայն այս կուսակցություններն են ուզում հետ կանչել ստորագրություններն ու վերանայել, իսկ մյուսներն ուղղակի ՙկողմ են հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների բարելավմանը՚: Իսկ թե ինչպես դրան հասնել, չենք կարծում, թե նրանք պատկերացնում են. համենայն դեպս որոշակի քայլեր այդ ուղղությամբ չեն առաջարկում:

Իսկ ՀՅԴ-ն, օրինակ, հստակ ասում է, որ կընդունվեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման պետական քաղաքականության հիմնադրույթներ և Ցեղասպանության ուրացման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքներ: ՀՅԴ-ի ծրագրերում կան նաև կետեր, որոնք վերաբերում են Նախիջևանին, Ջավախքին, որոնց մասին կուսակցությունները ՙմոռացել՚ են:

ՙՀայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների ամրությունն ու հետագա զարգացումը մեծապես կպայմանավորվի Վրաստանում (հատկապես հայաբնակ Ջավախքում) բնակվող մեր հայրենակիցների` որպես այդ երկրի լիարժեք քաղաքացիների անվտանգության, քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների հարգմամբ և ապահովմամբ: Քաղաքական, իրավական և մշակութային հիմքեր նախապատրաստել Նախիջևանի հարցը միջազգային ատյաններում արծարծելու համար՚,- մասնավորապես նշվում է ՀՅԴ նախընտրական ծրագրում: Իսկ արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերը ՀՅԴ-ն առաջարկում է լուծել նախապես հանրաքվեի առարկա դարձնելու գործելակերպով, ինչը նույնպես ընտրապայքարի մասնակից ոչ մի այլ կուսակցություն չի նախատեսում:

ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, չկրկնվող կետերի առումով, արտաքին քաղաքականության համատեքստում նախատեսում են աջակցել հայապահպանության, մայրենի լեզվի, հայկական ինքնության շուրջ Սփյուռքի համայնքների միավորմանն ու համախմբմանը և աջակցելը համասփյուռ հայությանը լեզվի պահպանման և ուսուցման հարցերում: Կարծես կարգին մտադրություն է, բայց պետք է հիշել, թե 4-րդ գումարման ԱԺ-ում որ ուժերն էին ՙնախատեսում՚ լեզվի մասին օրենքում փոփոխություններ անել ու Հայաստանում ներդնել օտարալեզու դպրոցների ինստիտուտը:

ՕԵԿ-ը մի ՙմազալու՚ կետ էլ ունի` ՙարտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի գնահատում` ըստ Հայաստանի տնտեսության մեջ արտաքին կապիտալի ներգրավման ցուցանիշների՚: Երևի ՕԵԿ-ում մոռացել են, որ դիվանագիտական ներկայացուցչությունները դիվանագիտական առաքելություն էլ ունեն` չհաշված այլ առաքելությունները:

Մի խոսքով` ներքաղաքական թոհուբոհի մեջ արտաքին քաղաքականության դրույթներին նախընտրական ծրագրերում ՙանկյուն են կանգնեցրել՚:

Դիտվել է 1872 անգամ:
Print Friendly

Leave a Reply