Դաշնակցությունն անձի կուսակցություն չէ

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 2, 2012 20:56

Մայիսի 6-ին հայությունը գնում է կատարելու լրջագույն ընտրություն: Ինչպես երեկ Հրազդանում հրավիրված ՀՅԴ մարզային վերջին հանրահավաքի ժամանակ նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, ՙմենք գնում ենք` ընտրելու նոր Հայաստանի` մեր ժողովրդի ճակատագիրը՚: Պատգամավորը շեշտեց նաև, որ քաղաքական հարթակ են իջել նոր կուսակցություններ, որ խաբեությամբ, ստով փորձում են ժողովրդից կորզել նրա քվեն, իբր պետք է փոխեն մեր երկիրը, մեր կյանքը: Իսկ այսպես ապրել այլևս չի կարելի, որովհետև, նշեց Լիլիթ Գալստյանը, մարդկանց զրկել են սեփական հայրենիքում ապրելու և աշխատելու իրավունքից:
Արա Նռանյանի հավաստմամբ, ներկայիս` 4-րդ գումարման խորհրդարանի ՀՅԴ խմբակցությունը եղել է մեր անկախության տարիների ընթացքում երբևիցե որևէ քաղաքական ուժի կողմից ներկայացված խմբակցությունների մեջ ամենահզորը, ամենապրոֆեսիոնալը, քաղաքականապես ամենապատրաստվածը և ամենաարդյունավետ գործողը: Իսկ նրանք, ովքեր այդպես են կարծում, արդարացնում են կառավարության այսօրվա քաղաքականությունը, նրանք, ովքեր ասում են, որ ՀՅԴ-ն չի կարող իրագործել իր ծրագրերը, պարզապես ուզում են ասել, որ մեր երկիրն ապագա չունի:

Իսկ մեր երկրում, ինչպես Շենգավիթում հրավիրված հանրահավաքի ժամանակ հավաստեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, օրենքը բոլորի համար չէ: Ուրեմն այդ օրենքը չկա: Իսկ երբ ՀՅԴ-ն ասում է, որ ուզում է արդարությունը վերադարձնել, ուրեմն պետք է վերադարձնել օրենքը: ՙԵկե°ք, մի օր մի վախեցեք ազատությունից: Ազատությունը դրված է ձեր առջև: Վերցրե°ք այդ ազատությունը և մայիսի 6-ին քվեարկեք համար 4-ի` ՀՅԴ-ի օգտին: Դա է ազատությունը: Եվ միայն ազատության վերադարձով կարող է արդարություն ստեղծվել՚:

Դաշնակցության նախընտրական ծրագիրը մեկ կամ երկու ամսվա ընթացքում ինչ-որ գաղափարների համախումբ չի եղել, որ այդ պահին որոշվեց այդ մասին խոսել ու գրվեց ծրագրի մեջ: Այն Դաշնակցության պատմության փորձառությամբ անցած գաղափարների ամբողջություն է: Երիտասարդների հետ հանդիպման և նրանց ՀՅԴ նախընտրական ծրագիրը ներկայացնելու ժամանակ այս միտքն արտահայտեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ Դաշնակցությունը միշտ եղել է երիտասարդների կուսակցություն, նշելով. ՙ122-ամյա մեր քաղաքական ուժը երբեք չի ծերացել, չի ծերանալու, և դեռ առջևում էլ ավելի է երիտասարդանալու, որովհետև մենք դեռ պետքէ լուծենք մեր ազատ, անկախ և միացյալ Հայաստանի սուրբ գործը՚:

ՀՅԴ-ն թույլ չի տա, որ հայը ստրուկ լինի, համենայն դեպս, այսպես ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ կառավարությունն արդյունավետ կառավարելու ունակություն չունի և անամոթաբար ուզում է վերահաստատվել իր դիրքերում: Իսկ ՀՅԴ-ն ժողովրդի հետ միասին այս անգամ այդ հնարավորությունը նրան չի տա: Վահան Հովհաննիսյանը կոչ արեց ազատորեն կատարել ընտրություն, քանի որ ոչ ոք ոչ մեկից ոչինչ չի կարող խլել, և ավելացրեց. ՙՄի մոռացեք` դուք ազատ ժողովուրդ եք, դուք երբեք ստրուկ չեք եղել և երբեք էլ չեք լինելու, մենք դա թույլ չենք տա: Մենք տեսնում ենք, որ ժողովուրդը կամաց-կամաց բարձրանում է ծնկից՚:

Քարոզչության ամբողջ ընթացքում ՀՅԴ-ն ժողովրդին ներկայացրեց իր ծրագիրը, որը մեր երկրում փոփոխություն` հեղափոխություն կառաջացնի: Այսպես հրազդանցիներին ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Գերագույն մարմնի ներկայացուցիչը պարզաբանեց, որ ՀՅԴ-ին պետք չէ, որ հեքիաթի նման հրեշին սպանելուց հետո իրենք հրեշ դառնան, այլ ՙմեր նպատակն է, որ Հայաստանում հրեշ չլինի՚: ՙԴրա համար պետք է ազգային պետություն: Դա նշանակում է, որ այն տարածքներում, որ մենք ունենք` 42 հազար քկմ, կարող է 20-25 միլիոն մարդ ապրել ու զարգանալ: Բայց մենք փչացրել ենք մեր տարածքները: Ինչո՞ւ պետք է մեր քաղաքացին գնա այլ երկրների խամուխոպան հողերը մշակի, երբ մենք էլ ունենք խամուխոպան հողեր՚,- ասաց նա:

Իսկ ընդհանուր առմամբ, Արմեն Ռուստամյանը բոլոր հանրահավաքների ժամանակ, երբ ելույթ է ունեցել, միշտ նշել է, որ ՀՅԴ-ն ուզում է Հայաստանում կատարել ամբողջական իշխանափոխություն: ՀՅԴ-ն խոստանում է նաև վերացնել նշանակովի մարզպետների ինստիտուտը, երկրում ստեղծել 200 հազար նոր աշխատատեղեր, տարեկան կառուցել 5-6 հազար նոր բնակարան, նվազագույն աշխատավարձը դարձնել 62 հազար դրամ, միջին աշխատավարձը եռապատկել և այլն: Եվ այս ամենը դաշնակցականները նախատեսում են անել խորհրդարանական` վարչապետական կառավարման համակարգի միջոցով` վերացնելով նախագահի ինստիտուտը:

Դիտվել է 918 անգամ:
Print Friendly

Leave a Reply