Ստյոպա Սաֆարյանը ՙԺառանգության՚ քարոզարշավից այնքան էլ գոհ չէ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | May 2, 2012 9:52

ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով` ընդհանուր առմամբ կուսակցության քարոզարշավն այնպես չընթացավ, ինչպես իրենք կուզենային. ՙՀաստատ չէինք ուզենա շրջաններում տեսնել վախեցած հասարակություն, մեր հավաքների ժամանակ տեսնել տեղական իշխանությունների կամ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների տեսախցիկները, որոնք նկարահանում են մարդկանց դեմքերը, չէինք ցանկանա նաև, որ մեր համակիրները մեզ հետ առանձնազրույցում ասեին, որ թեպետ մեզ համակրում են, բայց չեն կարող գալ մեր հանդիպումներին, և այսպես շարունակ՚,- թվարկում է նա:

10-բալանոց սանդղակով գնահատելու դեպքում ՙԺառանգության՚ քարոզարշավը Ստյոպա Սաֆարյանը գնահատում է 5` նշելով. ՙԵս վստահ եմ, որ կարող էինք ավելին անել՚:

Խնդիրներից մեկն էլ, ըստ Սաֆարյանի, շատ թաղամասերում շրջանառվող այն թեզն է, թե սա մեր թաղն է, և ոչ ոք իրավունք չունի ոչինչ բաժանելու. ՙՇատ դեպքերում տեսնում ես, որ մարդիկ դա ասում են ոչ թե նրա համար, որ այդպես է նրանց ասվել, այլ ասում են` հավատալով այդ թեզին,- նկատում է նա,- բայց պարզ է, որ այդպես ասողները չեն արտահայտում այդ թաղամասի ողջ բնակիչների կարծիքը: Անգամ այդ պահերին շատերը դուրս են գալիս և պահանջում բոլորի անունից չխոսել՚:

ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավարը հենց սրա դեմ է ուզում պայքարել` ցանկանալով այդպես մտածողներին բացատրել, որ Հայաստանը պատկանում է բոլորին, և բոլորը պատկանում են Հայաստանին: ՙՉնայած բոլոր խնդիրներին, ընտրողների նկատմամբ ճնշումներին, անձնագրահավաքներին և համատարած բաժանվող ընտրակաշառքներին` ես կարծում եմ, որ հանձնաժողովներում կթողնեն, որ մարդիկ քվեարկեն այնպես, ինչպես իրենք են ուզում՚,- հույս է հայտնում նա:

Ըստ Ստյոպա Սաֆարյանի` ՙԺառանգության՚ դիտարկումներով, անգամ այսպիսի պայմաններում, իրենց կուսակցությունը կհավաքի ընտրողների ձայների 25 տոկոսը. ՙԲայց եթե որոշ քաղաքական ուժերի կողմից թվերն ուռճացվեն, բնական, է որ մնացածինը, ինչպես նաև մերը, իջնելու է՚:

Ստյոպա Սաֆարյանը նկատում է, որ ընտրապայքարում աստիճանաբար լարվածությունը մեծանում է, ուստի կոչ է անում բոլոր թեկնածուներին իրենց թիմերով վերահսկել իրավիճակը, որպեսզի ստվեր չնետվի քվեարկության վրա: ՙԸնտրողները պետք է ունենան ազատ կամք արտահայտելու հնարավորություն` առանց պարտադրանքների, բախումների և թիմային կռիվների,- ասում է նա` հիշեցնելով, որ մայիսի 6-ով կյանքը չի ավարտվում, և նույն համայնքում ապրող մարդիկ հետո նայելու են իրար երեսի:

Ի դեպ, Ստյոպա Սաֆարյանը բավականին գոհ է ընտրությունների լուսաբանումից: Նրա կարծիքով, ի տարբերություն նախորդ ընտրությունների, լրատվական դաշտում այս անգամ իրավիճակը շատ ավելի լավ է` օբյեկտիվ և անաչառ լուսաբանման տեսանկյունից:


Դիտվել է 848 անգամ:
Print Friendly

Leave a Reply