Կրպակներն ապամոնտաժվում են. Ըստ Արեյանի` աշխատանքները կիրականացվեն սեղմ ժամկետում (Լուսանկարներ, տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 2, 2012 22:16

Այս պահին Մաշտոցի այգում տեղադրված կրպակները ապամոնտաժվում են, «Կենտրոն Կանաչապատում» ընկերության աշխատակիցները հանում են կրպակների թիթեղյա տանիքները: Այգում ոգևորված, ապամոնտաժվող կրպակների ֆոնին լուսանկարվում ու ողջագուրվում են բնապահպան ակտիվիստները:

Հիեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ կրպակների տեղադրման թույլտվության վերաբերյալ քաղաքապետի նախկին որոշումը չեղյալ է հայտարարվել, իսկ ապամոնտաժման աշխատանքների նկատմամբ հսկողության իրականացումը դրվել է փոխքաղաքապետ Կամո Արեյանի վրա:

Այգում Panorama.am-ի հետ զրույցում Կամո Արեյանը հայտնեց, որ քաղաքապետի հանձնարարականով ապամոնտաժումը իրականացվելու է շատ սեղմ ժամկետում.

«Կրպակները պետք է դուրս բերվեն, որպեսզի դրանց զբաղեցրած տարածքներում ևս բարեկարգում իրականացվի, բայց հիմա ժամկետներ նշել չեմ կարող. ընթացքը ցույց կտա»,- ասաց Արեյանը` ձեռնպահ մնալով պատասխանել հարցին, թե մինչև կիրակի` քվեարկության օրը արդյո՞ք կրպակները կլինեն ապամոնտաժված:

Կ.Արեյանի խոսքով, բարեկարգման աշխատանքներն իրականացվելու են նաև պուրակի մյուս հատվածում:

Դիտվել է 1286 անգամ:
Print Friendly

Leave a Reply