Սաթիկ Սեյրանյանը զայրացավ և որոշեց գնալ խորհրդարան, երբ իմացավ, որ…

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 2, 2012 20:50

Թիվ 4 ընտրատարածքում ինքնաառաջադրված, անկուսակցական թեկնածու, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն օրեր առաջ Հանրային խորհրդի երիտասարդության ենթահանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ անկեղծացավ և պատմեց, որ խորհրդարան գնալու մասին չէր մտածում մինչ այն պահը, երբ դեռ չէր իմացել, որ թիվ 4 ընտրատարածքում Հանրապետական կուսակցությունն առաջադրել է Արտակ Սարգսյանի («ՍԱՍ»ի Արտակ) թեկնածությունը: «Ես ուղղակի ջղայնացա, և այդ դեպքում արդեն ինձ չէի հարգի, եթե չմասնակցեի ընտրություններին,- ասաց նա:- Բոլորս գիտենք, որ Արաբկիրում է կենտրոնացած Հայաստանի ինտելեկտուալ զանգվածի մի ստվար հատվածը, արաբկիրցուն չես կարող ճիպոտով ստիպել ինչ-որ բան անել, և եթե լիներ նորմալ թեկնածու… Ախր, տարիներ շարունակ ես ակտիվ քաղաքացի եմ եղել և շատ լավ ծանոթ եմ բոլորի մտավոր հնարավորություններին: Խնդիր չկա, Հանրապետականում նորմալ մարդիկ կան, նորմալ երիտասարդներ կան, թող առաջարկեին մեկ ուրիշի: Եթե «ՍԱՍ»-ի Արտակը փող ունի, դա դեռ ոչինչ չի նշանակում…»:

Չնայած երիտասարդների հետ հանդիպման նպատակն էր ծանոթացնել նրանց երիտասարդության խնդիրներին վերաբերող իր նախընտրական ծրագրերին և քննարկել երիտասարդությանը հուզող հարցեր, զրույցն այնքան ծավալվեց, որ հանդիպման բուն թեմայից շեղվեց:

Ինչպես գիտենք, Սաթիկ Սեյրանյանի ամուսինը` Արաբկիրի նախկին թաղապետ, հանրապետական Հովհաննես Շահինյանը, կնոջ առաջադրվելուց հետո, իր դիմումի համաձայն, կուսակցությունից դուրս է եկել: Նա անդրադարձավ նաև այդ հարցին` ստեղծված իրավիճակում ամուսնու որոշումը համարելով ամենաճիշտը: «Եթե իր կինը որոշել է հայտ ներկայացնել, իսկ իր կուսակցությունն այլ թեկնածու ունի, ուրիշ ի՞նչ պիտի աներ,- հարցրեց նա,- անբարոյական չէ՞ր լինի, որ նա իր կուսակցության թեկնածուին չսատարեր, այլ իր կնոջը սատարեր, կամ էլ` հակառակը»:

Երիտասարդներից մեկն էլ Սաթիկ Սեյրանյանին հիշեցրեց, որ ժամանակին նա ու ամուսինը Արտակ Սարգսյանի հետ ընտանեկան ջերմ հարաբերություններ ունեին, և հետաքրքրվեց, թե ինչպես մեկ օրում ամեն ինչ փոխվեց, և նա սկսեց հանդես գալ Արտակ Սարգսյանի դեմ բավականին կոշտ քննադատությամբ: «Ես շատ-շատերի հետ եմ մտերիմ հարաբերությունների մեջ, հիմա ինչ, պետք է համակերպվե՞մ,- պատասխանեց Սաթիկ Սեյրանյանը,- դա նույնն է, որ ասում են` ամուսինդ հանրապետական է, ինչո՞ւ դրեցիր: Բայց չէ՞ որ ես առանձին մարդ եմ»:

Ի դեպ, Սաթիկ Սեյրանյանն ասաց, որ համամասնական ցուցակներում ընդգրկվելու առաջարկ ստացել է թե´

Հանրապետականից, թե´ «Բարգավաճ Հայաստանից» թե´ «Ժառանգությունից», սակայն չի ընդունել, քանի որ կարծում է, որ ինքը բավականին հարգված ու ճանաչված մարդ է, և շատ հարմար է գտնում այդ թաղամասում առանձին առաջադրվելն ու ընտրվելը:

Ի՞նչ գործունեություն է ծավալելու նախկին լրագրողն ու թերթի խմբագիրը խորհրդարանում: «Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները մեծ հաշվով ծրագիր չեն ունենում, և այդ իմաստով ես` որպես մեծամասնական ընտրակարգով առաջադրված, անկուսակցական թեկնածու, շատ ազատ կլինեմ` միանալու որևէ ուժի լավ նախաձեռնությանը և կաշկանդված չեմ լինի կուսակցության նախագահի որոշումներից,- նշեց նա,- սակայն նախաձեռնություններ ունեմ կրթության, երիտասարդության ոլորտի բարեփոխումների հետ կապված, բացի այդ, ընտրվեմ, թե ոչ, Արաբկիրում ստեղծելու եմ մի մեծ խորհուրդ, որը շատ ակտիվ համագործակցելու է նաև մամուլի հետ և մարդկանց հուզող խնդիրներն անընդհատ բարձրաձայնելով` ստիպելու է պետական գերատեսչություններին լուծել այդ խնդիրները»:

Նա համոզված է, որ գնալով խորհրդարան, շատ բան կարող է փոխել հասարակական կյանքում: Այդ վստահությունը գալիս է նրանից, որ տարիներ շարունակ թերթի միջոցով կարողացել է ոչ միայն բազմաթիվ հարցերի մասին բարձրաձայնել, այլև լուծել այդ հարցերը և հարյուրավոր մարդկանց կյանքում ինչ-որ բան փոխել. «Բոլորս ենք տեսնում, որ Ազգային ժողովում ինչ-որ մականունավորներ են, որոնց խմբակցության ղեկավարները նրանց բերման են ենթարկում, որպեսզի գան, գոնե կոճակ սեղմեն: Նրանք թքած ունեն որևէ օրենքի վրա, զուրկ են քաղաքական կամքից և բառիս բուն իմաստով անգրագետ են: Իսկ նորմալ, ինտելեկտուալ մարդիկ, որոնք առավել խորքային են հասկանում խնդիրները, գլուխ չեն դնում, փորձում են չխառնվել քաղաքականությանը և հեռու են մնում այդ դաշտից»:

Հիշեցնենք, որ թիվ 4 ընտրատարածքում, բացի Հանրապետականի կողմից առաջադրված Արտակ Սարգսյանից և անկուսակցական թեկնածու Սաթիկ Սեյրանյանից, պայքարելու են նաև ՀԱԿ-ի կողմից առաջադրված Արամ Մանուկյանը «Ժառանգության» կողմից առաջադրված Զարուհի Փոստանջյանը: Եվ քանի որ Հայ հեղափոխական դաշնակցությունն էլ օրերս հանդես եկավ այդ ընտրատարածքում Սաթիկ Սեյրանյանին սատարելու հայտարարությամբ, ստացվում է, որ այնտեղ պայքարելու են Հանրապետականը, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն: Բայց եթե հաշվի առնենք, որ ՀԱԿ-ի և «Ժառանգության» թեկնածուների հնարավորությունը մեծ է համամասնական ցուցակով խորհրդարանում հայտնվելու համար, ապա իրական պայքարը գնալու է Սաթիկ Սեյրանյանի և Արտակ Սարգսյանի միջև, այսինքն` Հանրապետականի և Դաշնակցության միջև:

Ակնհայտ է, որ պայքարը թեժ է լինելու…

Դիտվել է 3073 անգամ:
Print Friendly

Leave a Reply