Թեժ կրքեր «Նոյյան տապան»-ի շուրջ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 2, 2012 18:33

Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում այսօր` մայիսի 2-ին, կրկին քննարկման էր դրվել «Հաղթանակ» զբոսայգում «Նոյյան տապան» գիտակրթական մշակութային  համալիրի կառուցման հարցը: Սակայն այս անգամ օրակարգում էր նաև նույն գաղափարը կրող մեկ այլ նախաձեռնություն:

«Ի փառս Մասյաց»` համահայկական տոն` նվիրված Մասիսին: Նախագծի հեղինակը «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն, համանուն հեռուստախաղի վարող Կարին Տոնոյանն է: Նա առաջարկում է Արարատի մարզի Դվին քաղաքում կամ Արարատի տեսարանն ունեցող որևէ լճի մոտ տրամադրել մի տարածք, որտեղ ամեն տարի` հուլիս ամսին, հայոց Վարդավառի տոնի օրերին, կանցկացվի համահայկական տոնախմբություն` ի պատիվ մարդկության փրկության լեռ Արարատի: Նա նշեց, որ նմանատիպ տոն եղել է, և իր նպատակն առաջին հերթին այդ տոնը վերականգնելն է: Կարին Տոնոյանը առաջարկեց «Նոյյան տապան» գիտակրթական համալիրի կառուցման հեղինակներին` տապանը, որպես իր նախագծի մի մաս, կառուցել իր նշած վայրում. «Ես վստահ եմ, որ այն բոլոր մարդիկ, ովքեր ստորագրել են «Հաղթանակ» զբոսայգում Նոյյան տապան կառուցելու Ձեր նախագծի տակ, նրանք ավելի մեծ հավանություն կտան իմ ներկայացրած նախագծին, քանի որ առավել նպատակահարմար է տապանը կառուցել մայրաքաղաքից դուրս»,-նշեց Տոնոյանը:

«Նոյյան տապան» գիտակրթական համալիրի ստեղծման նախաձեռնող խմբի անդամ Մերուժան Տեր-Գուլանյանը, սակայն, առաջարկը չողջունեց, գաղափարն էլ իրատեսական չհամարեց: Նրա կարծիքով, պետությունն այսօր ի վիճակի չէ այդքան գումար տրամադրել Տոնոյանի առաջարկած տոնը վերականգնելու և ներկայացված միջոցառումների ծրագիրն իրականացնելու համար: Փոխարենը նա հիշեցրեց, որ «Նոյյան տապան»-ի նախաձեռնող խմբի մեջ են  մարդիկ, ովքեր պատրաստ են ֆինանսավորել նախագիծը:

Նիստի մասնակիցների այն պնդմանը, թե «Նոյյան տապան»-ի կառուցման գաղափարը լավն է, սակայն ոչ «Հաղթանակ» զբոսայգում իրականացնելու համար, Տեր-Գուլանյանը մինչև վերջ հակադրվեց. «Երևանից շատ բան պետք է հանել, բայց դա պետք է կառուցվի Երևանում»,-հայտարարեց նա:

Ենթահանձնաժողովի անդամներից մեկն էլ նիստի մասնակիցների հիշեցրեց Օրհուսի կոնվենցիան, ըստ որի յուրաքնաչյուր լանդշաֆտային փոփոխության դեպքում պետք է լանդշաֆտի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն լինի և հետո հարցը դրվի հանրային քննարկման. «Եթե դա չկա, ապա մենք ընդհանրապես չպետք է այդ հարցը քննարկենք»,-նկատեց նա:

Քննարկումը բավականին թեժացավ, երբ Մերուժան Տեր-Գուլանյանը նշեց, թե Հանրային  խորհրդի երկու ենթահանձնաժողովները «Նոյյան Տապան»-ի վերաբերյալ դրական եզրակացություն են տվել: Մասնակիցներն ընդվզեցին` հիշեցնելով, թե դրական է գնահատվել միայն նախագծի գաղափարական կողմը, սակայն կառուցման վայրի առումով տրվել է բացասական գնահատական: Մասնակիցներից մեկն, անգամ, Տեր-Գուլանյանի հայտարարությունը կեղծիք որակեց, ինչը շատ վրդովվեցրեց վերջինիս, և նա նիստի դահլիճը ժամանակավորապես լքեց` ծխախոտի միջոցով հանգստացնելու լարված նյարդերը:

Որոշվեց Նոյյան տապանի վերաբերյալ 2 նախագծերն էլ` դրանց շուրջ եղած տեսակետներով, քննարկման դնել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում:

Դիտվել է 1216 անգամ:
Print Friendly

Leave a Reply