Ցեղասպանագիտության զարգացումը` առաջնահերթություն. սկիզբ է դրվում գործարար-գիտություն համագործակցությանը

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | May 2, 2012 18:06

Առաջիկա տարվա ընթացքում միջազգային գիտական երեք պարբերականներում` Journal of Genocide Research-ում, Holocaust and Genocide Studies-ում և Genocide Studies and Prevention-ում  հայոց ցեղասպանության վերաբերյալ առնվազն 5000 բառանոց հոդված տպագրած երիտասարդ գիտնականները 500 հազար դրամ խրախուսավճար կստանան «Նուշիկյան ասոցիացիայի» կողմից:

Ցեղասպանության ճանաչման համար միջազգային ասպարեզում պայքարում են ՀՀ ԱԳՆ-ն և Սփյուռքի ներկայացուցիչները: Գիտական ոլորտում, սակայն, հայ ցեղասպանագետներն ակտիվ չեն. միջազգային հղման ինդեքս ունեցող ամսագրերում հայ գիտնականները հոդվածներ չեն տպագրում:

Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանն ասում է, որ միջազգային ամսագրերում գիտական հոդվածներ տպագրելը գերնպատակ չէ.«Եթե ուզենանք, տարեկան 4-5 հատ կարող ենք տպագրել, բայց հիմա ուժերը կենտրոնացրել ենք կայքի  վրա»: Խոսքը Ցեղասպանության թանգարանի քառալեզու կայքի մասին է, որը գործարկվել է 2007-ից և ըստ Դեմոյանի` արդեն իսկ լուրջ ռեսուրս է և գիտական ու իրազեկման խնդիրներ է լուծում: Դեմոյանը նաև նշում է, որ առաջիկայում Հայաստանում կսկսի հրատարակվել անգլիալեզու միջազգային ամսագիր` տարեկան 2 համարով:

Թուրքագետ Հասմիկ Ստեփանյանը, սակայն,  դրական է գնահատում գիտնականներին խրախուսելու ծրագիրը` նշելով, որ ցեղասպանագիտության զարգացման անհրաժեշտություն կա: Տարբեր լեզուներով ցեղասպանության մասին գրքեր տպագրվում են, սակայն ամսագրերն ավելի մեծ տարածում ունեն: Ստեփանյանը նշում է, որ միջազգային գիտաժողովներում էլ Հայոց ցեղասպանությանը համեմատաբար քիչ է անդրադարձ կատարվում: Ցեղասպանագետների ակտիվացումը միջազգային ասպարեզում, ըստ Ստեփանյանի, կնպաստի օտար լեզուներով ցեղասպանության մասին նյութեր ունենալուն և տարածելուն: Ստեփանյանն առաջարկում է խրախուսել նաև օտարերկրացի գիտնականներին, որոնք ուսումնասիրում են Հայոց ցեղասպանությունը և նյութեր հրապարակում այդ մասին: Իսկ որպես խրախուսանքի տարբերակ առաջարկում է նրանց մեկ շաբաթով Երևան հրավիրելը:

Ցեղասպանագիտության զարգացմանն ուղղված ծրագիրը կարևորում է  նաև ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն  Ռուբեն Սաֆրաստյանը. «Լավ նախաձեռնություն է, լավ է, որ կա մեկը, որ խրախուսում է»: Նրա խոսքով` գիտական մակարդակում Հայոց ցեղասպանությունն ընդունված է, սակայն հարկավոր է, որ «մեր պատմագիտական միտքն  ավելի խորն ուսումնասիրի այդ թեման և ուսումնասիրությունները ներկայացնի աշխարհին գիտական պատշաճ մակարդակով և լեզվով»:

Ցեղասպանագիտությունը զարգացնելու անհրաժեշտության մասին բարձրաձայնել է նաև «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը: Իսկ երիտասարդ գիտնականներին հատկացված 100 մլն-ի ծրագրի խորհուրդն էլ իր առաջնահերթություններից էր հռչակել ցեղասպանագիտությանն աջակցելու դրույթը:

Երբ երիտասարդ գիտնականները բարձրաձայնել են ցեղասպանագիտության ոլորտի խնդիրների մասին, Գարեգին Նուշիկյանն արձագանքել է` խրախուսավճարներ սահմանելով:

Նուշիկյանը նշում է, որ իր նախնիները վերապրել են ցեղասպանությունը.  «Տատիկս և պապիկս մեծացել են մանկատանը, և մինչև խոր ծերություն նրանց աչքերում դեռ դաջված էր այդ տարիների թողած սպին»: Ուստի նրան միշտ հուզել է ցեղասպանության ընդունման հարցը:

«Շատ եմ կարևորում ցեղասպանության վերաբերյալ գրված գիտական հոդվածները և դրանց տարածումը, ինչը հնարավորություն կտա տեղեկացնելու ավելի լայն զանգվածներին կատարվածի մասին, ինչպես նաև հայագետները և ցեղասպանության ուսումնասիրմամբ զբաղվող գիտնականներն ու  ուսումնասիրողներն ավելի շատ տեղեկություն կունենան,- ասում է Նուշիկյանը` մեկնաբանելով իր որոշումը:- Մենք պետք է ոչ միայն խոսենք ցեղասպանության ճանաչման մասին և սպասենք, թե երբ է այդ հարցը պետական մակարդակով լուծում ստանալու, այլև ամեն մեկս մեր հնարավորության սահմաններում քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ»:

Իր քայլը Նուշիկյանը քաղաքականության հետ չի կապում. «Ամեն ինչ չի կարելի կապել նախընտրական քարոզարշավի հետ, առավել ևս` Հայոց ցեղասպանությունը»:

Առաջին տարվա արդյուքների հիման վրա էլ կորոշվի, թե արդյոք ծրագիրը շարունակական կլինի՞, և հետագայում էլ կխրախուսվի՞ միջազգային ամսագրերում գիտական հոդվածների հրապարակումը: Հարցին, թե ինչ արդյունքների դեպքում ծրագիրը շարունակական կլինի, նշում է. «Տեսնենք, թե ինչ ծավալի մասին է խոսքը, ըստ այդմ էլ կորոշենք: Հնարավոր է, որ ոչ ոք էլ չարձագանքի, այդ դեպքում շարունակելն անիմաստ կլինի»:

Նրա խոսքով` երիտասարդ գիտնականներն իրենք պետք է ակտիվություն ցուցաբերեն` ապահովելով ծրագրի շարունակականությունը, որ նաև այլ գործարարներ ու այլ քաղաքացիներ արձագանքեն ու նմանատիպ ձևով փորձեն մասնակցել գիտության զարգացմանը: «Ես շահագրգիռ եմ, որ հայ գիտնականներն աշխատեն այս ուղղությամբ, և արդեն միասնաբար հասկանանք մեր հետագա անելիքները»:

Նուշիկյանը նշում է, որ ծրագրի շարունակականությունը կախված չէ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքներից. «Ընտրությունների հետ ոչ մի բան էլ կապված չէ: Ապրում եմ իմ բնականոն կյանքով և շարունակելու եմ: Ընտրությունների արդյունքը որևէ կերպ չի կարող անդրադառնալ իմ մոտեցումների, իմ ծրագրերի վրա: Ես բազմիցս ասել եմ, որ շատ եմ կարևորում կրթական և գիտական ոլորտները, քանի որ առանց կայացած և զարգացած գիտակրթական ոլորտի չենք կարող զարգացում և առաջընթաց գրանցել, ուստի ես մշտապես սատարելու եմ այն նախագծերին, որոնք ուղղված են լինելու այս ոլորտների զարգացմանը»:

Նուշիկյանը չի բացառում նաև գիտության այլ ոլորտներին աջակցելու հավանականությունը: Նշում է, որ  կրթության և գիտության ոլորտում առկա խնդիրները լուծելու  և դրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է հետևողականություն. «Ես պատրաստ եմ հետևողականություն ցուցաբերել այդ խնդիրների լուծման համար, քանի որ երկրի զարգացման հարցում տնտեսական ոլորտի կայացման հետ միասին շատ կարևոր է նաև գիտակրթական ոլորտի զարգացումն ու ժամանակի պահանջներին համապատասխանությունը»:

Իսկ թե ինչպիսին կլինեն արդյունքները ,  որքանով կիրականացվեն ծրագրերը և արդյոք գործարարները շարունակաբար իրենց ներդրումը կունենան գիտության զարգացման գործում`  ցույց կտա ժամանակը:

Դիտվել է 2359 անգամ:
Print Friendly

Leave a Reply