Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում Կիպրոսում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 2, 2012 17:50
Հայոց ցեղասպանության կիպրոսյան հանձնախմբի նախաձեռնությամբ ապրիլի 18-ից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Ապրիլի 23-ին Նիկոսիայի կենտրոնական փողոցներից մեկում տեղի ունեցավ երիտասարդության քայլարշավ: Մեծ Եղեռնի նահատակների հուշահամալիրի առջև տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն կաթողիկոսական թեմի փոխանորդ Գերաշնորհ Տեր Վարուժան արք. Հերեկելյանի գլխավորությամբ:

Կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ պրն. Վարդգես Մահտեսյանն իր պատգամի մեջ շեշտեց, որ Հայոց ցեղասպանության հետևանքները դեռևս չեն վերացել և հանցագործությունը մնացել է անպատիժ:

Խոսքով հանդես եկավ Կիպրոսի խորհրդարանի նախագահ պրն. Եաննակիս Օմիրուն, ով հայտնեց, որ ցավով, միաժամանակ հարգանքով ու խոր զգացումներով է մասնակցում Հայոց ցեղասպանության 97-րդ ամյակի ոգեկոչման հանդիսությանը: Նա շեշտեց, որ Կիպրոսի Հանրապետության և Հունաստանի խորհրդարաններն առաջիններից էին, որ աջակցեցին Հայոց ցեղասպանության արդար պահանջի ճանաչմանը՝ դատապարտելով թուրքական ոճրագործությունը և պահանջելով միջազգային ճանաչում:

Արարողությունն ավարտվեց Սբ. Աստվածածին եկեղեցու երգչախմբի ելույթով, որից հետո տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղում խորհրդարանի անդամների, դեսպանների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:

Ապրիլի 24-ին տեղի ունեցավ Սուրբ պատարագ և հոգեհանգիստ Սբ. Աստվածածին եկեղեցում՝ նվիրված 1.5 միլիոն նահատակների անմահ հիշատակին:

Ապրիլի 26-ին կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ պրն. Վարդգես Մահտեսյանն ելույթ ունեցավ Կիպրոսի խորհրդարանում:

 

Տեղեկանք: Կիպրոսի խորհրդարանն երկրորդն էր աշխարհի խորհրդարաններից, որ 1975 թ. ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

 

 

Դիտվել է 690 անգամ:
Print Friendly

Leave a Reply