«Սարդարապատ» նախաձեռնող խումբ. «Այսօրվա հայաստանյան իրավիճակը սարդարապատային է»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 13, 2009 16:30

Հայաստանում կստեղծվի նոր քաղաքական շարժում` «Սարդարապատ». նախաձեռնող խումբը` Ժիրայր Սեֆիլյանը, Վարդան Խաչատրյանն ու Տիգրան Խզմալյանն այսօր լրագրողներին ասացին, որ շարժման նպատակն իշխանափոխության հասնելն է՝ ձևավորելու նոր արժեհամակարգ: Իսկ անվանումը բացատրեցին այսպես. «Այսօրվա հայաստանյան իրավիճակը սարդարապատային է, ուստի պետք է միանալ` անկախ կուսակցական, գաղափարական, քաղաքական տարբերություններից, ինչպես 91 տարի առաջ` Սարդարապատի բախտորոշ օրերին»:

Սեֆիլյանը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների այսպիսի զարգացումը մարտիմեկյան իրադարձությունների հետևանք էր.

«Եթե մենք այսօր թույլ չլինեինք, այսպիսի արձանագրություններ չէին լինի, հակառակորդը շատ ճիշտ ժամանակ է ընտրել»,-ասաց նա:

Ըստ Վարդան Խաչատրյանի (հեռացվել է «Ժառանգությունից» մոտ 1 ամիս առաջ)՝ վտանգված են Սփյուռքի հետ հարաբերությունները, իսկ դիմադրունակ լինելու համար պետք է միաբանվել:

Խզմալյանն ասում է, որ իրենց դրդող ուժը ոչ թե հայ-թուրքական հարաբերություններն են, այլև դրանց խորքային պատճառները, որոնք սոցիալական բնույթ ունեն:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին միանալուն, «Սարդարապատ»-ի նախաձեռնողներն ասում են, որ իրենց նպատակները տարբեր են:

«Մենք շատ ավելի լուրջ փոփոխությունների խնդիր ենք դնում, քան որևէ այլ քաղաքական ուժ»,-ասում է կինոռեժիսոր Խզմալյանը:

Սեֆիլյանն էլ ավելացնում է. «ՀՅԴ-ն անկեղծ չէ. եթե նրանք ուզենային, կարող էին մեկ միլիոն ստորագրություն հավաքել և թույլ չտալ Արձանագրությունների ստորագրումը»:

Դիտվել է 1464 անգամ:
Print Friendly

Leave a Reply