Ժամանակավոր ցուցադրության բացում Բեյրութում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 2, 2012 17:07

Ապրիլի 28-ին Բեյրութի Կապուցինների եկեղեցու սրահում բացվեց «Հայոց ցեղասպանության լուսաբանումը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:

Ցուցադրության բացումը կազմակերվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի («Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Լիբանանի Կեդրոնական Մարմին») և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համատեղ ջանքերով, ինչպես նաև Բեյրութի քաղաքապետարանի աջակցությամբ:

Ցուցադրության բացմանը ելույթ ունեցան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքի «Արմաշ» երգչախումբը Թորգոմ վրդ. Տոնոյանի ղեկավարությամբ և «Կռունկ» երգչախումբը խմբավար դոկտ. Էդուարդ Թորիկյանի մասնակցությամբ:

«Հայոց ցեղասպանության լուսաբանումը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» ժամանակավոր ցուցադրության բացմանը ներկա էին լիբանանահայ համայնքի հոգևոր և աշխարհիկ առաջնորդները, գաղութի պատկան մարմինների և համայնքի ներկայացուցիչները, այլ հրավիրյալներ:

Ցուցադրության մեջ ներառնված են 1860-1922 թթ. ռուսական, ամերիկյան, իտալական, ֆրանսիական, բրիտանական շուրջ 70 պարբերականներ, որոնց առաջին էջերին անդրադարձ է եղել հայկական կոտորածներին ու դրանց հետևանքներին: Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի անունից արաբերենով և հայերենով ելույթ ունեցավ Ահարոն Շխրտմյանը:

Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերյանը՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունից 97 տարի անց հայ ժողովուրդը մեծ վճռականությամբ առաջ է ընթանում իր արդար իրավունքների ձեռքբերման ճանապարհով. «Հայ ժողովրդի արդար իրավունքը պետք է վառ մնա մեր ժողովրդի հիշողության մեջ, որը Ցեղասպանությունը վերապրածները փոխանցեցին իրենց զավակներին, իսկ հավաքական հիշողությունը պետք է փոխանցվի սերնդեսերունդ», – շեշտեց առաջնորդ սրբազանը՝ հավելելով, որ «մեր պարտականությունն է պահել այդ հիշողությունը, որովհետև այն մեզ ժառանգված սրբազան կտակ է, որը պետք է փոխանցենք հաջորդ սերունդներին»:

Կիրակնօրյա պատարագի ընթացքում այցելուներն առիթ ունեցան ծանոթանալու Հայոց ցեղասպանությունը հաստատող այս արժեքավոր վավերագրերին:

2012 թ. ընթացքում ՀՑԹԻ Հայոց ցեղասպանությանն առնչվող այլ թեմաներով ժամանակավոր ցուցադրություններ է կազմակերպելու Լիբանանում, Դանիայում, Շվեդիայում և ԱՄՆ-ում:

Դիտվել է 702 անգամ:
Print Friendly

Leave a Reply