Գալուստ Սահակյան. Դուք մտածում եք` մեր ժողովուրդն էնքան դեմքը կորցրել է, որ բոլորը կաշառակե՞ր են

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 2, 2012 16:53

Մարդկանց պարտադրաբար հանրահավաքի տանելու և ընտրակաշառքով քվե հավաքելու մասին ՀՀԿ փոխնախագահ և ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մայիսի 2-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ այնպիսի մտքեր արտահայտեց, որ յուրաքանչյուր լսող կապշի:
Դպրոցների ուսուցիչներին, աշակերտներին և նրանց ծնողներին պարտադրաբար ՀՀԿ հանրահավաքներին ՙհրավիրելու՚ մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. ՙԴա մեր ընդդիմախոսների տեսակետն է, որը երևի ձեռնտու կլինի այս կամ այն դիտորդին: Նման բան չի կարող լինել, որովհետև անկախ նրանից` Հայաստանի քաղաքացին որ քաղաքական ուժի ներկայացուցիչն է, կամ երեխան ինչպիսի վիճակում է գտնվում, բնականաբար մեծ հետաքրքրություն է առաջացնում, երբ նախագահն է հանդես գալիս, կամ նախագահն է այցի գնում: Առավել ևս` մարդիկ գնում են նաև մեծ քարոզարշավին, որովհետև դրանից հետո մեծ համերգային ծրագրեր են լինում՚:
Իսկ երբ լրագրողները նրան հարցրեցին, թե չի՞ վախենում արդյոք ՀՀԿ փոխնախագահը, որ այդպիսի ակնհայտ իրողությունները մերժելը սուտասանի տպավորություն կթողնի ժողովրդի վրա և կնվազեցնի ՀՀԿ-ին ընտրողների թիվը, Գալուստ Սահակյանը ասաց մի այլ ՙմիտք՚. ՙԵս խոսում եմ, և հենց գիտեմ, որ պետք է հրապարակվի, և դա մեր ուժի ծանրությունն է, որովհետև մենք խոսում ենք այն, ինչը վերլուծում և գնահատում ենք: Այնպես չէ, որ այսօր մեկին կարող ես ստիպողաբար վերցնել ու տանել միտինգների: Այդպիսի դեպքեր ունեցել ենք, հիմա էլ կա. պարզապես որոշ ուժեր արդեն սնանկացել են, որ նաև սովորական միտինգներին վարձում էին մարդկանց և բերում էին միտինգների: Այդ ընդհանուր մոտեցումները մասնավորեցնել և ձևակերպել ՀՀԿ-ի վրա սխալ մոտեցում է, ճիշտ չի կարող լինել՚:
Ընտրակաշառքների մասին Գալուստ Սահակյանի տեսակետը, առավել ևս, երբ ԶԼՄ-ներն ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրում են հենց ՀՀԿ մեծամասնական և համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին, առավել քան ՙհիշարժան՚ էին. ՙՍնանկ է այն գաղափարախոսությունը, որը խեղճուկրակ ժողովրդին կաշառակեր կդարձնի: Առավոտից իրիկուն ժողովրդի կաշառի: Դուք մտածում եք` մեր ժողովուրդն էնքան դեմքը կորցրել է, որ բոլորը կաշառակե՞ր են, և սպասում են, թե ո՞վ պետք է փող տա: Ենթադրենք, թե մի 6 տոկոս էդպես շատ վատ ապրող մարդիկ ունենք, ու դրա ակնկալիքն ունեն: Ամբողջ հայ ժողովրդին դարձրել եք կաշառակեր: Կաշառակերները նրանք են, ովքեր կաշառակերությունից շատ են խոսում՚:

Դիտվել է 1045 անգամ:
Print Friendly

Leave a Reply