Դատարանի նորակառույց շենքի բացում Տավուշի մարզում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 2, 2012 15:28

Ապրիլի 28-ին Իջևան քաղաքում տեղի ունեցավ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրի նոր վարչական շենքի հանդիսավոր բացումը: Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ՀՀ դատարանների նախագահները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն իր ողջույնի խոսքում մասնավորապես նշեց. «Բոլոր ներկաները քաջատեղյակ են, որ անկախ դատական իշխանության կայացման խնդիրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի ամենօրյա ուշադրության և հոգատարության ներքո` անգամ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ներկա պայմաններում, դատարանների համար նոր շենքեր կառուցելու համար տրամադրվում են զգալի ֆինանսական միջոցներ: Դատարանի նորակառույց շենքի բացումը դրա վառ ապացույցն է: Այսօր մենք արեցինք ևս մեկ հետևողական քայլ անկախ դատական իշխանության կայացման ճանապարհին:

Ընդհանրապես, յուրաքանչյուր քաղաքացու համար դատական իշխանության մասին առաջին պատկերացումը ձևավորվում է նաև նրանից, թե որտեղ և ինչ պայմաններում է իրականացվում արդարադատությունը:

Անկախ դատական իշխանություն հասկացությունը բաղադրատարր երևույթ է, այն բաղկացած է մի քանի երաշխիքներից, մասնավորապես, ինստիտուցիոնալ և ֆունկցիոնալ անկախությունը, նյութական, նյութատեխնիկական և սոցիալական ապահովվածությունը, մարդկային գործոնը, իրավական մտածելակերպը, ազգային իրավագիտակցությունը և այլն, որոնք առանձին-առանձին վերցրած պարտադիր են, բայց ոչ բավարար` ապահովելու միասնական ամբողջությունը»: Ա.Մկրտումյանը մեջբերեց գերմանական մի առասպել. «Մեծահարուստ մի իշխան աչք է դնում հասարակ մի գյուղացու հողամասի վրա և որոշում ամեն գնով այն խլել նրա ձեռքից: Գործը հասնում է դատարան: Մտահոգված համագյուղացիները հավաքվում են դատարանի շենքի առջև և անհամբեր սպասում դատարանի վճռին: Դատավարության արդյունքում, ըստ առասպելի, վեճը լուծվում է գյուղացու օգտին: Դուրս գալով դատարանի շենքից նա հպարտորեն հայտարարում է. «Կեցցե Գերմանիան, վերջապես մեր երկրում ստեղծվեց անկախ դատարան»: Դա իհարկե առասպել է, որովհետև վեճն իրականում լուծվել էր մեծահարուստ իշխանի օգտին, սակայն գերմանական դատավորների մի քանի սերունդներ, հավատալով այս առասպելին, այն դարձրել են ուղենիշ ու նպատակ և քայլ առ քայլ, հետևողական աշխատանքի շնորհիվ այսօր այդ առասպելը դարձրել են իրականություն:

Մենք էլ պետք է հավատանք այդ նպատակին, որ այն դարձնենք իրականություն, քանի որ առանց հավատքի չի ստեղծվում ապագա»:

Շնորհավորելով ներկաներին` ողջույնի խոսքով հանդես եկան նաև Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ու Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրի նախկին վարչական շենքը չէր համապատասխանում տեխնիկական և անվտանգության պահանջներին: Անբավարար մակերես ունեցող այդ շենքի վերակառուցման անհնարինության պատճառով Համաշխարհային բանկի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հնի փոխարեն կառուցել նորը: Շինարարական աշխատանքներն սկսվել են 2011 թվականին և տևել են շուրջ ութ ամիս: Շինարարության համար ընդհանուր առմամբ ծախսվել է 599.263.000 ՀՀ դրամ:

Դատարանի շենքի մուտքը Նալբանդյան փողոցի կողմից է: Շենքային համալիրը հագեցած է անհրաժեշտ բոլոր կոմունիկացիաներով:

Նորակառույցը համապատասխանում է դատարանների անվտանգության և նախագծման ժամանակակից չափանիշներին: Դատարանի շենքը բաժանված է անվտանգության երեք գոտիների: Բաց գոտին նախատեսված է հասարակության համար, ներառում է կենտրոնական մուտքը, գրասենյակը, դատական դահլիճները, սպասարկման տարածքները: Փակ գոտին` դատավորների և դատարանների աշխատակազմերի համար: Արգելված գոտին` դատական նիստից առաջ և հետո շենքում ժամանակավորապես պահվող կալանավորված անձանց պահելու համար: Բակի կողմից շենքն ունի առանձին մուտք, դեպի քրեական գործերով դատական դահլիճներ տանող անցուղիներ ու աստիճանավանդակներ:

Դատարանի մակերեսը նախատեսված է երեք դատավորի համար: Ունի կահավորված երեք դատական դահլիճ: Վարկային ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել ու տեղադրվել դատական դահլիճների կահավորանքը, գրասենյակային կահույքը, մուտքերի հսկման համակարգը, համակարգչային տեխնիկան և համակարգչային ցանցը:

Մինչ այսօր դատական իշխանության համար կառուցվել կամ վերակառուցվել է 37 նոր շենք, որոնցից 30-ը` Համաշխարհային բանկի և պետբյուջեի միջոցներով, իսկ 7-ը` ՀՀ դատական դեպարտամենտի կողմից` պետբյուջեի միջոցներով:

Դիտվել է 934 անգամ:
Print Friendly

Leave a Reply